Հինգ տարեկան Գրիգորն իր մանկությունը հաղթահարում է բակի տղաների կողմից հնչող պիտակներն ու նվաստացնող արտահայտությունները հոգու խորքում թաքցնելով ու դրանցից հնարավորինս խույս տալով: Այս փոքրիկ տղան բոլոր երեխաների նման շատ է սիրում բակում խաղալ, սակայն մեր հասարակության շերտավորումից առաջացած կարծրատիպերը ջարդում են Գրիգորի մանկությունը, կտոր-կտոր անում նրա Ես-ը: Ապրում է թշվառության մեջ, հագնում է ծանոթ-բարեկամների տված հնամաշ հագուստը, դրա համար էլ մեր հասարակության Բազազ Արտեմները նրա կերպարից կերտում են մեր ժամանակների Գիքորին: Ասում է` «Դե՛, որ ես միշտ ուրիշի շորեր եմ հագնում` դրանք մեծ են լինում հագովս: Հայաթի երեխեքն ինձ ձեռ են առնում, ծիծաղում են, ասում են` էս մեր թաղի Գիքորն ա: Ես շատ եմ վիրավորվում ու թողում, գալիս եմ տուն»,- ասում է փոքրիկ տղան, ով իրեն ուղղված որակավորումներից այնպես է սրտնեղում, որ գլուխը թաքցնում է լայն հագուստի մեջ, որ դեմքի լարվածությունը չերեւա: Գրիգորն այնքան հասուն չէ` հասկանալու համար, որ Գիքորի կերպարի մեջ մեծ մարդու ներաշխարհ կա, ու այդ խոսքերից չարժե վիրավորվել: Գրիգորը նաեւ այնքան հասուն չէ` հասկանալու համար, որ լավ է լինել Գիքոր, քան Բազազ Արտեմ: Միայն գիտի, որ Գիքորը թշվառ ու ծանր մանկություն ապրած մի տղա էր, որին ստորացնում էին աղքատ լինելու համար: Այս փոքրիկ տղան ստիպված է լինում բակի երեխաների կշտամբանքներից փախչել ու փակվել իր մեկ սենյականոց բնակարանի ճնշող պատերի մեջ: Զեյթունում գտնվող նրանց բնակարանի պայմանները հնարավոր չէ նկարագրել, քանի որ այստեղ ոտք դնելուն պես մոռանում ես, որ եկել ես դրսից` 21-րդ դարից: Մեկ սենյականոց բնակարանում ապրում են 10 հոգով` ծնողները, քույրը, հիվանդ տատիկը եւ հորաքույրը՝ երեք երեխաների հետ: Մայրը` Ալինան, ասում է, որ անընդմեջ պայքարում է, որպեսզի որդուն որպես մարդ չկոտրեն, բայց…: «Ի՞նչ բացատրես մարդկանց, որ, եթե չունեւոր ես, աղքատ ես` չի նշանակում, որ վատ մարդ ես: Երեխուս շատ են նեղացնում, սա էլ տղա երեխա ա: Հենց իջնում ա դուրս` մեկ էլ տեսնում եմ՝ լացելով եկավ տուն, թե՝ ինձ ծաղրում, ձեռ են առնում: Շատ ժամանակ էդ ներվայնությունից իրար տալիս, կռիվ են անում»,- պատմում է Ալինան ու տեսնելով Գրիգորի ջղաձգված հայացքը` գրկում է նրան ու սկսում է շոյել: Երեխաներին պաշտպանելու համար Ալինան որոշել է ամռանը նրանց ուղարկել գյուղ` մորաքրոջ տուն: Հետո, մտաբերելով տղայի երազանքները, պատմում է, որ Գրիգորը երազում է Վահան Հովհաննիսյանի նման քաղաքական գործիչ դառնալ: Ալինայի խոսքերն այս տան բոլոր անդամների մոտ ժպիտ են առաջացնում, ու նրանք հիշում են Գրիգորի խենթությունները: «Սա Վահան Հովհաննիսյանի ֆանատն ա, որտեղ պաստառը տեսնում ա, ասում ա` մա՛մ, սպասի, իմ ընկեր Վահանն ա, մի հատ նայեմ իրա նկարը: Երբ հեռուստացույցով Վ. Հովհաննիսյանին տեսնում ա` աչքերը փայլում են, ամբողջ ձայնով գոռում ա` Վա՛հան, Վա՛հան: Ասում եմ` ա՛յ տղա, կամաց, հարեւաններին խանգարում ես, բայց նենց ա տարերքի մեջ ընկնում, որ իրան թվում ա` Վահանի կողքը կանգնած ա»,- պատմում է Գրիգորի մայրն, ում խոսքերից ոգեւորվելով՝ Գրիգորը հագուստի մեջ թաքցրած գլուխը բարձրացնում է, ասես Գիքորի կերպարը թողնում է ու ամբողջ ուժով իրեն Վահան Հովհաննիսյան է զգում: Գրիգորն իր տան պատերի ներսում երազանքներ է հորինում ու հայտնվելով Վահան Հովհաննիսյան դառնալու երազանքի մեջ՝ մի պահ իրեն երջանիկ է զգում: «Հա՛, իմ ընկեր Վահանն ա»,- հպարտությամբ ասում է նա ու երեսը թեքելով քրքջում է:
10 հոգուց բաղկացած այս ընտանիքը ոչ մի ստաբիլ եկամուտ չունի, որովհետեւ միակ աշխատող Գրիգորի հայրը բեռներ է տեղափոխում այն ժամանակ, երբ բեռնաթափողի կարիք է լինում: Ալինան 26 տարեկան է, բայց այնպես է խոսում, ասես ծերության տարիները գլորած տարեց կին լինի: Գրիգորի քույրն` Անահիտը, առաջին դասարան է ու արդեն հասցրել է ծնողների մոտ դպրոցը որպես հոգս ընկալելու գիտակցությունն արմատավորել: «Ես չգիտեի, որ դպրոցը ծնողի համար հոգս ա, շատ-շատ են գումար հավաքում, ու մարդ կանգնում ա տուպիկի առաջ: Իրանց ուտելիքի հարցը չենք կարում լուծենք, բայց սեպտեմբերից մինչեւ հիմա հավաքում-հավաքում են: Անընդհատ՝ ֆոնդի փող, տոնի փող, սրանից-նրանից պարտքով խնդրում, տանում տալիս եմ»,- ասում է Ալինան` վստահեցնելով, որ դպրոցում հավաքագրվող գումարները պարտադիր պետք է տա, այլապես երեխային արհամարհում, նվաստացնում են: Ալինան սարսափում է այն մտքից, որ շուտով Մարտի 8 է, հետո էլ՝ Ապրիլի 7, ու այդպես շարունակ, ինչի համար ինքը կրկին ստիպված է լինելու սրանից-նրանից պարտքով գումար խնդրել: Ծայրահեղ վատ պայմաններում ապրող այս ընտանիքին զրկել են 11.000 դրամ նպաստից, որովհետեւ տան տղամարդը` Հովիկը, ժամանակ առ ժամանակ բեռներ է թափում, իսկ դա համարվում է աշխատանք: Ալինան մատնացույց է անում նեղլիկ սենյակի կոտրատված բազմոցը` ասելով, որ չորս հոգով` ինքը, ամուսինը, Գրիգորն ու Անահիտն այդ բազմոցին են գիշերում: «Մի սենյակում 10 հոգով ենք ապրում, մարդ ինքն իրանից արդեն ամաչում ա: Երեխաներս մեծանում են, բայց չորս հոգով նույն բազմոցին ենք քնում: Ահավոր ա, սիրտս ահավոր նեղվում ա, շատ չեմ արտահայտվում, գցում եմ ներս ու գիտեմ, որ ջանիցս դուրս ա գալու»: Երեխաներին կերակրելու հարցում օգնության է հասնում Ալինայի ընկերուհին, ով ամեն օր պարտքով հաց է բերում նրա համար: Ձմռան ցուրտ եղանակին այս ընտանիքի անդամները ցրտից պաշտպանվում են քուրջ ու փալասներով փաթաթվելու միջոցով: «Փոքր պլիտա ենք միացրել, բայց հոսանքի պարտքն էլ չենք կարում տանք: Էս ամիս արդեն 14.000 դրամ գրվել ա, չգիտեմ, թե ոնց ենք վճարելու, կգան, կանջատեն: Էլեկտրիկը զանգեց, ասեց՝ եթե չվճարեք` ամսի 29-ին կանջատեմ»: Ալինան դիմել է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան` խնդրելով ձեռք մեկնել իրենց, սակայն հորդորել են` մի քիչ համբերել: Ալինան կարծում է, որ դեռ համբերում է, բայց հուսահատությունից այնպես է ընկճվել, որ դժվար է ասել, թե նա ինչ-որ ակնկալիքներ դեռ ունի: «Էլ չեմ դիմանում»,- ասում է երիտասարդ կինը` հավելելով, որ ընտրություններից առաջ բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ են եկել, զարմացել են իրենց պայմաններից, խորհուրդ են տվել իրենց ընտրել, որպեսզի օգնեն: «Միշտ էլ խաբել-գնացել են»,- ասում է նա: