Հին թշնամանք
Արայիկ Խաչատրյանն ու Ալիկ Հարությունյանը լարված փոխհարաբերությունների մեջ էին: Բայց նրանք, իհարկե, անշրջապատ տղերք չէին: Հետեւաբար, մեծ էր հավանականությունը, որ հերթական առճակատման ժամանակ երկուսի թշնամանքը կարող է պատճառ դառնալ ավելի մասշտաբային պարզաբանման համար՝ ավելի մեծ ուժերի ներգրավումով եւ առավել լուրջ հետեւանքներով:
Եվ այդ օրը չուշացավ: Իր հասցեին Ալիկի արած անվայելուչ արտահայտության մասին իմանալով՝ Արայիկը շտապեց «անունով» ընկերների՝ եղբայրներ Կարեն եւ Թաթուլ Մարկոսյանների մոտ ու բողոքեց: Վերջիններս, իհարկե, պարզաբանման գործընթաց սկսեցին, որովհետեւ տղայական չգրված օրենքներով, ինչպես նաեւ «գողական» հին ավանդույթով նախ պետք է ի հայտ գային ճիշտն ու սխալը:
Ընկերախումբը՝ բաղկացած ոչ միայն վերոհիշյալ երեք ջահելներից, ուղղվեց դեպի Հարությունյանների տուն: Իսկ այդ օրը, բոլորովին պատահականորեն, հենց միջադեպի մյուս «հերոսի»՝ Ալիկի ծննդյան օրն էր:
Հարությունյանների տանը քեֆի սեղան կար բացված: Այնտեղ էլ ընկերախումբ կար, այն էլ՝ արդեն տոնական տրամադրությամբ համակված, խմված կենացներից որոշակիորեն ջերմացած:
Բոլորովին անպատեհ ժամանակ էր պարզաբանման համար: Կամ, հնարավոր է, հենց լավ առիթ էր կեղծ սկզբունքներից հրաժարվելու եւ մի սեղանի շուրջ հաշտության եզրեր գտնելու համար: Սակայն ինքնահաստատման տղայական ձգտումն ավելի զորեղ եղավ, երկուստեք խանգարեց, որ առողջ բանականության ձայնին ականջալուր լինեն, չգնան շատերի կողմից տրորված, շատերի համար ողբերգական ավարտ ունեցած ուժային ընդհարման ճանապարհով:
Տղայական կռիվներ
Փողոցային կռիվների բոլոր տղաներն էլ այս կամ այն ժամանակ, այս կամ այն չափով մասնակցում են: Այդ կռիվների ընթացքում ոմանք թրծվում են, սովորում ծեծել ու ծեծվել, ոմանք՝ ինքնահաստատվում են, հեղինակություն ձեռք բերում, կամ էլ՝ անվերադարձ կորցնում հարգանքը: Սակայն պատահում է նաեւ, որ փողոցային կռվի անիմաստ զոհասեղանին երիտասարդ կյանքեր են դրվում, խաղաղ օրերում ջահել կյանքեր են խզվում, ինչ է թե՝ մեկը մյուսին «արա» է ասել, կամ թարս է նայել, կամ, ընդհանրապես, բանի տեղ չի դրել:
Տղայական կռիվներն ավելի անկանխատեսելի են դառնում, երբ ախոյանները գրպանում դանակ կամ այլ սառն ու «տաք» զենք են ունենում: Տաքարյուն երիտասարդների համար, առավել եւս՝ կռվի թոհուբոհի մեջ, դժվար է լինում ճիշտ կողմնորոշվելը, զենքի գործադրման հետեւանքների մասին սթափ դատելը: Եվ բավական հեշտությամբ, առանց երկար-բարակ մտածելու, միմյանց արյուն են թափում ու սթափվում միայն այն ժամանակ, երբ մեկը զոհն է լինում արդեն, մյուսը՝ մարդասպանը: Ոչ մեկը մյուսին ոչինչ չի ապացուցում: Նույն բանն է մնում բոլոր ժամանակներում մշտապես ապացուցված. մարդու կյանքն անչափ փխրուն է ու անկրկնելի: Դժվար չէ մարդուն կյանքից զրկելը, բայց անհնարին է ժամանակի անիվը հետ պտտելը, անհեթեթ արարքը սեփական կենսագրությունից ջնջելն ու մարդու կյանքը վերադարձնելը:
Արայիկի եւ Ալիկի ընկերախմբերի բախման պահին դանակ կար Կարեն Մարկոսյանի գրպանում, կտրող-ծակող գործիք՝ Ա. Հարությունյանի մոտ: Ու երկուսն էլ գործի դրեցին ոչ միայն իրենց բռունցքները, այլեւ` ենթադրական առավելություն տվող իրենց գործիքները: Իսկ երբ սթափվեցին, արդեն շատ ուշ էր:
Ճակատագրական օր
Սկզբում փորձ արվեց բանավեճի միջոցով պարզաբանում կատարել: Արայիկի ընկերախմբի կանչով քեֆի սեղանից ելած հակառակորդ խումբը փողոց դուրս եկավ: Հարությունյանների դարպասից հեռացան մոտ 30-40 մետր: Արայիկը վրդովված հարցրեց Ալիկին, թե ինչու է վարկաբեկում իրեն: Ալիկի եղբայր Հովհաննեսը եւ ազգական Արսենը, որոնք ավելի սթափ էին դատում, առաջարկեցին պարզաբանումը տեղափոխել մեկ այլ օր, ծննդյան տարելիցը չվերածել տուրուդմփոցի ցուցադրության: Հնարավոր է, որ Մարկոսյան եղբայրները համաձայնեին այս առաջարկին: Միջադեպը, միգուցե, սահմանափակվեր այսքանով:
Սակայն հավաքվածների մեջ չէր կարող չլինել ավելի անզուսպ, ավելի հանդուգն մեկը, ում ձեռքերը, երեւի, քոր էին գալիս կռվելու, ծեծելու ցանկությունից: Արայիկի ընկերախմբից մեկը՝ Արմենը, չզսպեց իրեն ու արհամարհական արտահայտություն արեց: Սա այն փոքրիկ կայծն էր, որն ընկավ չոր խոտի դեզի մեջ ու անմիջապես բռնկում առաջացրեց: Ակնթարթներ անց հակառակորդ խմբերն արդեն միմյանց ծեծում էին: Կռիվը թեժ էր, կատաղի: Հայհոյանքներ, հարվածներ, ընկնող-ելնողներ: Ալիկն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածեց կռվի նախաձեռնողին ու իր բուն հակառակորդին՝ Արայիկին: Կարեն Մարկոսյանը բարձրացած աղմուկի ու փոշու միջից հանկարծ նկատեց, որ Ալիկի եղբայր Հովհաննեսը հարվածում է իր եղբայր Թաթուլին: Նա անմիջապես, առանց մտածելու առաջ մղվեց ու մոտի դանակով շամփրեց Հովհաննեսի սիրտը: Հարվածն ուժեղ էր, շեշտակի: Հովհաննեսն ընկավ: Եվ միայն այդ ժամանակ կռվողները քարացան: Ծեծկռտուքը դադարեց: Արայիկի խումբը՝ իր ծեծվածներով ու վիրավորներով, հեռացավ «մարտադաշտից»: Հովհաննեսին անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Սակայն հիվանդանոցում միայն արձանագրվեց, որ նա մահացած է: Ընդամենը րոպեներ առաջ երիտասարդ տղամարդն իրենց տանը, քեֆի սեղանի շուրջ ուրախանում էր: Մի չմտածված քայլ, չկշռադատված մի պարզաբանում՝ եւ մարդը զոհ գնաց, կյանքը տվեց՝ հայտնի չէ, թե հանուն ինչի: Մայիսի 14-ը Հարությունյանների ընտանիքում ճակատագրական օրվա վերածվեց. դա Ալիկի ծննդյան եւ Հովհաննեսի մահվան օրն է այսուհետ: Առավել ողբերգական ի՞նչը կարող է լինել:
Դատավճիռներ
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը ընկերախմբերի մեղավորներին դատապարտեց՝ ըստ յուրաքանչյուրի կատարածի:
Ամենածանր մեղքը Կարեն Մարկոսյանինն էր: Նա մարդասպան էր դարձել: Մեղադրվում էր խուլիգանական դրդումներով կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Դատարանը հաստատված գնահատեց նրա մեղքը եւ դատապարտեց 11 տարի ազատազրկման:
Վերաքննիչ դատարանը նախորդ ատյանի դատավճիռը փոփոխեց միայն քաղաքացիական հայցի մասով: Մեղադրանքների ու պատժաչափերի առումով դատավճիռը մնաց անփոփոխ:
Ուժի մեջ մտած դատավճիռը բողոքարկեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: 2008 թվականի հունվարի 21-ի որոշմամբ գործն ընդունվեց վճռաբեկ դատարանի վարույթ, եւ փետրվարի 1-ի դատական նիստում քննության առնվեց:
Բողոքի հեղինակն այն կարծիքին էր, թե Կարեն Մարկոսյանի արարքին սխալ քրեաիրավական գնահատական է տրվել: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները «ճիշտ չեն գնահատել վիճաբանության առիթը, հանցագործության կատարման շարժառիթը եւ իրական դրդապատճառները՝ արարքի իրավական որակման հարցում հանգելով ակնհայտ սխալ եզրակացության»: Մարկոսյանի արարքը չպետք է որակվեր որպես խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանություն: Գործի փաստական հանգամանքներով ապացուցված չէր, թե սպանությունը խուլիգանական դրդումներով է եղել: Կատարվածը պարզապես դիտավորյալ սպանություն էր ու պետք է որակվեր Քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասով:
Սպանության դրդապատճառները
Խուլիգանական դրդումներով կատարված սպանությունների որակման հարցում շատ հաճախ են առաջանում վիճելի իրավիճակներ, օրենքի ոչ միատեսակ, հակասական մեկնաբանություններ: Նախաքննական եւ դատաքննական մարմինների կողմից հաճախ շատ դժվար է լինում հստակ սահմանազատում կատարել պարզապես դիտավորյալ սպանությունների եւ խուլիգանական դրդումներով սպանությունների միջեւ: Մինչ այժմ դատական պրակտիկայում բազմաթիվ են գործերը, ուր համանման իրավիճակներում միանգամայն տարբեր որակումներ են տրվել: Սա, ինչ խոսք, կարող էր տեղ թողնել նաեւ դատական կոռուպցիայի արտահայտման համար, որովհետեւ խուլիգանական դրդումներով կատարված սպանությունն ավելի ծանր մեղք է, քան՝ պարզապես դիտավորյալ սպանությունը: Հետեւաբար, արարքը սխալ որակելով, համապատասխան մարմինները կարող էին նաեւ անօրինական շահագրգռվածություն ունենալ:
Ներկայումս, Սահմանադրության պահանջով, Վճռաբեկ դատարանի իրավասության մեջ է մտնում նախադեպային որոշումներ կայացնելով՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովումը: Եվ Մարկոսյանի գործը, փաստորեն, եղավ այն քրեական գործը, որով կայացված որոշումը նախադեպային կլինի դիտավորյալ սպանությունների եւ խուլիգանական դրդումներով կատարված դիտավորյալ սպանությունների որակման հարցում:
Ըստ վճռաբեկ դատարանի՝ հանցավորի արարքը ենթակա է որպես խուլիգանական դրդումներով կատարված դիտավորյալ սպանություն որակելուն, եթե սպանության հիմնական շարժառիթը խուլիգանական է, հանցանք գործած անձի գործողություններում գերակայում է հասարակական կարգի նկատմամբ արհամարհանքը: Այլ խոսքով՝ երբ սպանությունը տեղի է ունենում որպես աննշան առիթին տրված պատասխան գործողություն, եւ դրանով արտահայտվում է հանցավորի անհարգալից, արհամարհական վերաբերմունքը հասարակության նկատմամբ: Հակառակ սրան, սպանությունը պետք է որակվի որպես պարզապես դիտավորյալ սպանություն, եթե մեղքը ծանրացնող որեւէ հանգամանք, այդ թվում՝ խուլիգանական դրդումները, առկա չեն:
Մարկոսյանի գործով նախաքննության եւ դատաքննությունների ընթացքում ապացուցվել է, որ ծեծկռտուքի վերածված վիճաբանության պատճառները եղել են Ա. Հարությունյանի եւ Ա. Խաչատրյանի լարված հարաբերություններն ու դրանց պարզաբանումը: Կռիվը սկսվել է ո՛չ Կարեն Մարկոսյանի հրահրմամբ, այլ Արմեն Մելտոնյանի անվայելուչ արտահայտության պատճառով: Կարեն Մարկոսյանն էլ տուժողին դանակահարել է միայն այն պահին, երբ նկատել է, որ վերջինս հարվածում է իր եղբայր Թաթուլին: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ վիճաբանությունը հնուց եկած թշնամական հարաբերությունների պատճառով է եղել, ոչ թե՝ չնչին առիթով: Մարկոսյանը սպանությունը կատարել է փոխադարձ վիճաբանության եւ ծեծկռտուքի պայմաններում, ավելին՝ տուժողի կողմից իր եղբորը հարվածելուց հետո:
Վճռաբեկ դատարանը եզրակացրեց, որ Կարեն Մարկոսյանի արարքը գնահատելիս նախորդ դատական ատյանները սխալ են թույլ տվել: Կարեն Մարկոսյանի հանցանքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասին, այսինքն՝ այն պարզապես սպանություն է՝ առանց մեղքը ծանրացնող հանգամանքի, առանց խուլիգանական դրդումների առկայության:
Քանի որ արարքը վերաորակվում էր 104 հոդվածի ավելի մեղմ մասով, հետեւաբար, արարքին համաչափ, պետք է փոքր-ինչ մեղմացվեր նաեւ պատիժը: Վճռաբեկ դատարանը Կարեն Մարկոսյանի վերաբերյալ ուժի մեջ մտած դատավճիռը բեկանեց: Մարկոսյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտեց 9 տարի ազատազրկման: