Օրերս հրապարակվեցին դատական իշխանության 2007 թվականի վիճակագրական տվյալները: Դրանք ի ցույց են հանում անցած տարվա ընթացքում հանրապետության դատական մարմինների աշխատանքը, մատնանշում ամենատարածված հանցատեսակները, կայացված դատավճիռների կայունության տոկոսները:
Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ներկայացմամբ՝ 2007թ. Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել է 3520 մարդ: Նախորդ տարվա համեմատությամբ՝ դատապարտվածների ընդհանուր թիվը նվազել է 7,5 տոկոսով կամ 285 մարդով: Դատապարտվածներից 179-ը, ցավոք, անչափահասներ են:
Առավել տարածված հանցատեսակը շարունակում է մնալ գողությունը, որի համար դատապարտվել է 864 մարդ՝ դատապարտվածների ընդհանուր թվի 24,5 տոկոսը: Սա 34-ով պակաս է 2006 թվականին գողության համար դատապարտվածների թվից: Շարունակում են տարածված մնալ խուլիգանությունները: Այս հանցատեսակով դատապարտվել է 267 մարդ, որը 65-ով քիչ է նախորդ տարում նույն արարքի համար դատապարտվածների թվից: Այս թիվը, ինչպես նաեւ՝ դատապարտվածների ընդհանուր թիվը նվազել են նաեւ վճռաբեկ դատարանի կայացրած մի նախադեպային որոշման շնորհիվ, ըստ որի՝ անուղղակի դիտավորությամբ արարքները չեն կարող դիտվել որպես խուլիգանություն: Այլ խոսքով՝ խուլիգանության հանցակազմն առկա է, եթե մարդը խուլիգանություն անելու ուղղակի դիտավորությամբ է արարքը կատարել:
Դատապարտվածների ընդհանուր թվի մեջ շարունակում է մեծ բաժին ունենալ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար դատապարտվածների թիվը՝ 181 մարդ: Այս թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 30,6 տոկոսով: 29,2 տոկոսով նվազել է նաեւ ավազակության համար դատապարտվածների թիվը:
2007 թվականին 2 տոկոսով աճել է սպանության համար դատապարտվածների թիվը՝ հասնելով 71-ի:
Հաճույքով նշվեց, որ աճել է արդարացվածների թիվը: Եթե 2006 թվականին դատարանների կողմից արդարացվել էր՝ ընդամենը 4, ապա 2007-ին՝ արդեն 10 մարդ: Մեկ ամբողջ տարում տասը արդարացվածն էլ առանձնապես մեծ թիվ չէ, սակայն անմեղներին չդատելու դրական միտումն արդեն զգացվում է:
2007 թվականին 95,2 տոկոսով աճել է դատարանում կարճված քրեական գործերի թիվը՝ հասնելով 285-ի: Դրանք հիմնականում ոչ մեծ ծանրության հանցագործություններն են եղել: Ըստ Դ. Ավետիսյանի՝ այս ցուցանիշը դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլի առաջին արդյունքներից է: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում էր Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններին:
Նախորդ տարի դատարանների որոշմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել 2780 մարդու նկատմամբ: 2006 թվականի համեմատությամբ այդ թիվը նվազել է 24,8 տոկոսով:
Ըստ Դ. Ավետիսյանի՝ նկատվում է խափանման միջոց գրավի կիրառման դեպքերի աճ: Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան կրկնապատկվել է՝ 28-ից հասնելով 62-ի: Սա եւս պայմանավորված է վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշմամբ, որի համաձայն՝ գրավի կիրառումը թույլատրելի է նաեւ ծանր հանցագործություններ կատարած անձանց համար:
2007 թվականին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարան մուտք է եղել 667 գործ, 43-ով պակաս, քան 2006-ին: Նվազել է նաեւ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքների թիվը: Վճռաբեկ բողոքներն այսուհետեւ օրենքից բխող հստակ հիմնավորում պիտի ունենան, այլապես չեն ընդունվի վճռաբեկ դատարանի վարույթ: Անցած տարի բերված 229 բողոքից 60-ն է ընդունվել վարույթ: 2006-ի համեմատությամբ՝ վճռաբեկի վարույթ ընդունված բողոքների թիվը 45 տոկոսից հասել է 26,2 տոկոսի: Դավիթ Ավետիսյանի կարծիքով՝ այս միտումը դրական է եւ նշանակում է, որ վճռաբեկ բողոք ներկայացնող սուբյեկտները սկսել են ավելի ճիշտ ընկալել վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակը:
Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանի ներկայացմամբ՝ 2007 թվականին մեր հանրապետությունում քաղաքացիական գործերով կայացվել է 35.473 վճիռ: Դրանցից բողոքարկվել է 6727-ը, իսկ բեկանվել՝ 1506-ը: Այսպիսով, քաղաքացիական գործերով կայացված վճիռների կայունությունը կազմել է 95,7 տոկոս, ինչը բոլորովին էլ վատ ցուցանիշ չէ, մանավանդ այնպիսի բարդ ոլորտում, ինչպիսին է քաղաքացիական իրավունքի ոլորտը:
Դատական մարմինների աշխատանքը ներկայացնող վիճակագրական տվյալները վկայում են ինչպես դատական համակարգում, այնպես էլ հասարակական կյանքում առկա դրական զարգացումների մասին: Բայց, բոլոր վիճակագրական թվերից զատ, կա նաեւ դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության պակասի խնդիրը: Ահա այս ոլորտում է, որ լուրջ անելիքներ ունի դատական իշխանությունը: Դրական տեղաշարժեր կլինեն այն դեպքում, երբ առավել լուրջ պայքար մղվի դատական կոռուպցիայի դեմ, ավելանա օրինական, հիմնավոր դատավճիռների ու վճիռների թիվը, նվազագույնի հասցվի դատական սխալների հնարավորությունը, դատարանների աշխատանքն ավելի հրապարակային լինի, եւ հասարակությունը ժամանակին իրազեկվի օրինազանց դատավորների ու դատական աշխատողների նկատմամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ է մարդկանց իրավագիտակցության մակարդակը բարձրացնել, ինչպես նաեւ կատարելագործել ու մատչելի դարձնել փաստաբանական ծառայությունները:
Էլի բազմաթիվ գործոններ կան, որ կարիք ունեն բարելավման՝ ընդհուպ մինչեւ հոգեբանական գործոններն ու մարդկանց նախատրամադրվածության աստիճանաբար հաղթահարումը:
Հասարակության մեջ դատական համակարգն անհրաժեշտ բարձրության վրա պետք է լինի, որպեսզի դատարան մուտք գործողը, լինի դա քրեական հանցագործության համար ամբաստանվող, տուժող կամ իր քաղաքացիական իրավունքները պաշտպանող անձ, իրեն օրենքի՛ պաշտպանության տակ զգա, ոչ թե զարտուղի ճանապարհներ փնտրի՝ իր օրինական ու անօրինական սպասումներն իրականացնելու համար: