ՀԵԿ-ը պառակտում չի ուզում

29/02/2008

«Փետրվարի 19-ին կայացած ընտրություններում Սերժ Սարգսյանի տարած հաղթանակը, որն արդեն օրենքով ամրագրվել է, համոզիչ հաղթանակ է, որի վկայությունն աշխարհի բոլոր երկրների ղեկավարների հղած շնորհավորանքներն են»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը` վստահեցնելով, թե ընտրությունների ժամանակ Ս. Սարգսյանին աջակցել է հանրապետության երիտասարդ գործիչների ու ակտիվիստների ավելի քան 59 տոկոսը: Ի դեպ, երիտասարդ Բաբայանը նաեւ երիտասարդներին ու ուսանողներին կոչ արեց զգոն լինել եւ «պառակտիչ գործողություններ չծավալել»: «Մենք չենք ուզում, որ ժողովուրդը պառակտվի, չենք ուզում, որ ընտրությունները դիտվեն որպես կենաց ու մահու պայքար: Այսօր երկրում ընդդիմության կողմից ստեղծված ցնցումային վիճակն աղետավոր կարող է լինել Հայաստանի համար»,- նշեց Վ. Բաբայանը` հավելելով, թե արտաքին քաղաքականության ոլորտում այսօր առկա բազմաթիվ խնդիրներն ու մարտահրավերներն ավելի կարեւոր են, քան «աթոռակռիվն ու նման կերպ իշխանությունը գրավելու փորձերը»: «Ընտրություններով կյանքը չի ավարտվում, եւ դրանից հետո ապրելու ենք նույն երկրում` շփվելով նույն մարդկանց հետ: Չի կարելի նաեւ ատելություն սերմանել երիտասարդության մեջ, որոնք, լինելով ավելի զգացմունքային, ազատատենչ եւ ռոմանտիկ, կարող են հայտնվել վտանգավոր իրավիճակներում»,- կանխատեսեց երիտասարդ Վ. Բաբայանը` ավելացնելով, որ ՀԵԿ 7300 հոգանոց բանակը մինչեւ վերջ կանգնելու է գործող նախագահի եւ նորընտիր նախագահի կողքին: