Սպասում են թույլտվությանը

29/02/2008

Թուրքիայի Նեվշեհիրի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Մեթին Հյուլագուն հայտարարել է, որ համալսարանում հայոց լեզվի, հունարենի եւ եբրայերենի մշտական բաժիններ բացելու համար սպասում են այդ երկրի Բարձրագույն կրթության ընկերության թույլտվությանը: Թուրքական «Հուրիեթին» տված հարցազրույցում Հյուլագուն ասել է, որ հայոց լեզվի եւ գրականության մասնագետներ գտնելու համար որոշել են դիմել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ-ի եւ ՀՀ համալսարանների օգնությանը: «Թեեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, սակայն, 2 երկրների շրջահայաց գիտնականները ջանքեր են գործադրում թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Թուրքիան դիմել է ՀՀ-ում դաշնակների արխիվները բացելու խնդրանքով: Թուրքիայում հայերենի ոչ մի մասնագետ չկա` դրանք բացվելու դեպքում ուսումնասիրություններ կատարելու համար: Հունարենի եւ եբրայերենի մասնագետներն էլ այնքան քիչ են Թուրքիայում, որ կարելի է ասել՝ չկան»,- ասել է նա եւ հավելել, որ 2 տարի առաջ ՀՀ կատարած այցին Երեւանի պետական համալսարանի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ մասնագետների եւ ուսանողների փոխանակման շուրջ: «Հայոց ցեղասպանության որոշումն ԱՄՆ Կոնգրեսում չընդունվելու համար միայն անցյալ տարի Թուրքիան լոբբիստական կազմակերպությունների համար 3.1 մլն դոլար է ծախսել: Եթե այդ փողը կրթությանը տրամադրվեր, ավելի առողջ արդյունքներ կստացվեր: Կարծում եմ, Հայաստանից մասնագետներ հրավիրելու համար ոչ կառավարությունը, ոչ Ֆինանսների նախարարությունը եւ ոչ էլ Բարձրագույն կրթության ընկերությունը դեմ հանդես չեն գա, քանի որ, հակառակ դեպքում՝ կնշանակի` կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք»,- ասել է նա: Ըստ թերթի, մինչ այժմ հայոց լեզվի ուսումնասիրման ընտրովի դասաժամեր Թուրքիայում իր ուսումնական ծրագրում ներառել է միայն Ստամբուլի Բոսֆորի համալսարանը: