Առաջին անգամ

29/02/2008

ԼՂՀ-ում առաջին անգամ կիրականացվի հիփոթեքային վարկավորման ծրագիր: Դրանից կարող են օգտվել բոլոր արցախցիները, որոնք ունեն 10 տարվա գրանցում`բնակարանի ձեռքբերման համար, 3 տարվա գրանցում` բնակարանի վերանորոգման համար, ֆինանսական մուտքերի հիմնավորվածություն: Կա տարիքային սահմանափակում, քանի որ վարկառուն մինչեւ կենսաթոշակի անցնելը վարկը պիտի մարի: Բնակարանի ձեռք բերման համար տրամադրվում է մինչեւ 25 մլն դրամ, վերանորոգման համար` 3 մլն, համապատասխանաբար` 12 եւ 15 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Եսայանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ բնակարանի ձեռք բերման վարկավորման տոկոսադրույքի կեսը պետությունը վերցնելու է իր վրա: Իսկ կանխավճարի պետական աջակցություն կստանան հասարակության որոշ խավեր: Ի տարբերություն սուբսիդավորվող տոկոսադրույքների` կանխավճարները ենթակա են վերադարձման: Վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով, ֆինանսական անկարգապահություն ցուցաբերողների հանդեպ կգործադրվեն ազդեցության լծակներ, կկիրառվեն նաեւ անշարժ գույքի արժեքի սպեկուլյատիվ կտրուկ աճի կանխման միջոցառումներ: Ծրագիրն առայժմ գործելու է Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում: