Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա աշնանն անցկացվելիք նախագահական ընտրությունների մի շարք հիմնախնդիրներ են վեր հանում ստորեւ եւ առաջիկայում ընթերցողներին ներկայացվող մեր հարցազրույցներում:
«Ռեգիոն» կենտրոն
«Հայերը բծախնդիր չեն քաղաքական ընտրություններում»
Հարցազրույց Իրավաբանական գիտությունների թեկնածու, ընտրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանի հետ
– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին:
– Շատ բան ընտրություններից էր կախված: Նախ` ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս անգամ իշխանության թեկնածուն պիտի փորձեր ընտրվել անպայման լեգիտիմության լիարժեք պաշարով, որպեսզի հետագայում կարողանար իրադրության տերը լինել: Ես կարծում եմ, որ դա նրա համար բավական կարեւոր էր, բայց թե որքանո՞վ հաջողվեց, արդեն այլ խնդիր է. ընտրությունների հաջորդ իսկ օրից սկսած մարդիկ Ազատության հրապարակում հայտնում են իրենց անվստահությունը կայացած ընտրությունների վերաբերյալ: Կարծում եմ, որ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժը չի բացառում ուժով իշխանության հասնելու տարբերակը, թեպետ հայտնել է, որ միայն օրինական ճանապարհով է իշխանության գալու` իր իսկ ասելով՝ առանց դարպասներ կոտրելու: Եթե, ի վերջո, հաղթի ընդդիմությունը, ապա սխալ կլինի մտածել, որ դրանով կավարտվի իշխանափոխությունը. մեր երկրում կառավարությունը ձեւավորում է խորհրդարանական մեծամասնությունը, այսօր նման լիազորություն ունի Հանրապետական կուսակցությունը: Իհարկե, նախագահը կարող է փորձել օգտագործել ՀՀ Սահմանադրության մեջ եղած սողանցքները եւ վարչապետ նշանակել ոչ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչին, բայց այդ դեպքում խորհրդարանի անհամաձայնության պատճառով կարող են սկսվել կառավարական ճգնաժամեր, իսկ գործընթացը` դուրս գալ սահմանադրական կարգավորման շրջանակներից:
Իմ կարծիքով, իշխանությունը քարոզարշավի ընթացքում ավելի շատ ուժ էր գործադրում եւ ցուցադրում, քան իրականացնում էր այնպիսի նախընտրական քարոզչություն, որով կարող էր ընտրազանգված գրավել: Իրավիճակը լարված էր պահում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը: Կարծում եմ` նրան հաջողվեց ստեղծել երկու բեւեռ:
Մրցակցային առումով` բավական վատ վիճակում էր ՀՅԴ թեկնածուն: Գրագետ նախընտրական քարոզչություն իրականացնելով` թեկնածուն չէր շահում երկփեղկվածության պատճառով. նա քննադատում էր այն կառավարությանը, որի անդամ էր: Իսկ չքննադատելու, ամեն ինչ գովերգելու դեպքում հարց կառաջանար, թե այդ դեպքում ովքե՞ր պետք է կրեն դափնիները: Փոքր-ինչ շահեկան վիճակում էր Արթուր Բաղդասարյանը: Նա ուներ որոշակի կայուն էլեկտորատ, եւ այն ընտրողները, որոնք դեմ էին եւ ներկա, եւ անցյալ իշխանություններին, մի փոքր ուժ տեսնելով Բաղդասարյանի թիմում` կողմնորոշվում էին նրա կողմը: Կարծում եմ, իրոք, նախագահական ծրագիր էր ներկայացնում Վազգեն Մանուկյանը: Բայց նա, ավելի շատ ընտրազանգված ունենալով, ավելի քիչ ձայներ ստացավ: Նախագահական ընտրություններում մարդիկ չեն ուզում կորցնել իրենց ձայնը եւ քվեարկում են նրա օգտին, ում հաղթանակն ամենահավանականն է:
– Տարբերվե՞լ են, արդյոք, 2008թ. Հայաստանի նախագահական ընտրությունները նախորդ ընտրություններից:
– Տարբերություններ շատ կային: Այս անգամ նախագահի պաշտոնին ոչ թե գործող նախագահն էր հավակնում, ինչպես դա 2003-ին էր, այլ` իշխանության նոր թեկնածուն: Բայց իշխանությունը միասնական չէր. իշխանության մաս կազմող Դաշնակցությունն առանձին թեկնածու էր առաջադրել: Եվս մեկ կարեւոր տարբերություն. 10 տարվա լռությունից հետո ընդդիմություն ձեւավորեց առաջին նախագահը: Անկասկած, նա հետաքրքրում է հասարակությանը: Մարդիկ նրա մեջ տեսնում են «մինչեւ վերջ գնացող» կամ «պայքարից ետ չդարձող» ինչ-որ մի ուժ, եւ առկա լարվածությունը հիմնականում դրանով է պայմանավորված: Նախորդ ընտրության ժամանակ ընդդիմության թեկնածուն չուներ առաջնորդի կերպար: Իսկ 1996թ. Վազգեն Մանուկյանի սցենարներում ուժի գործադրմամբ իշխանության հասնելու տարբերակ չկար:
– Ի՞նչ ընդհանրություններ կան Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերում: Եթե համեմատենք երկու երկրների նախորդ նախագահական ընտրությունները, ապա ի՞նչն է ավելի շատ` ընդհանրություննե՞րը, թե՞ տարբերությունները:
– Ընդհանրություններ կան ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերում, այլ բոլոր այն ետխորհրդային երկրներում, որտեղ տեղի է ունենում սեփականության բաշխում, եւ որտեղ սեփականության վերաբաշխմանը մասնակցելու եւ այն պահելու միակ երաշխիքը իշխանությունում լինելն է: Եթե Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթացը մոտենում է ավարտին, եւ հերթը հասնում է իրարից խլելուն, ապա Ադրբեջանում այդ գործընթացը դեռեւս երկար է տեւելու` կապված նավթի նոր հանքավայրերի շահագործման կամ հայտնաբերման հետ: Այսօրվա ընտրողների գերակշիռ մասը չի տեսել ընտրությունների միջոցով իշխանություններ ձեւավորելու ավանդույթ: Երկու երկրներին էլ բնորոշ է ընտրական ցածր կուլտուրան, իշխանությունների կամքի բացակայությունը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:
Տարբերություններից է այն, որ ՀՀ-ում իշխանությունը ժառանգաբար չի փոխանցվել, ինչպես դա եղավ Ադրբեջանում եւ ինչը բնորոշ է միապետական երկրներին: Մեզ մոտ ընտրություններ առանց այլընտրանքի կամ մեկ թեկնածուով չեն եղել, ինչպես Ադրբեջանում, այլ եղել է մրցակցություն: 1998թ. եւ 2003թ. մենք ունեցել ենք երկրորդ փուլեր, 1996թ. երկրորդ փուլ չեղավ, բայց իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ իրականում պետք է լիներ: Մրցակցությունը Հայաստանում իրականություն է դարձել:
Եվս մեկ կարեւոր տարբերություն եմ ուզում նշել. Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ ոչ ժողովրդավարական ընտրություններ` հույս ունենալով երկրում զարգացում ապահովել նավթադոլարների հաշվին: Այլ խնդիր է, թե Ադրբեջանն ինչպես կտնօրինի այդ նավթագումարները: Հայաստանը զարգացման այլ ճանապարհ չունի, քան ժողովրդավարությունն է: Եթե որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո ՀՀ-ն շանսեր ունի դուրս գալու այս վարչահրամայական համակարգից եւ անցնելու իրական ժողովրդավարության, ապա Ադրբեջանը բավական երկար ժամանակ նման հնարավորություն չի ունենալու:
– Ինչպիսի՞ն էր 2008թ. ընտրազանգվածը:
– Ներքին քաղաքականությանը վերաբերող գլխավոր ընտրությունն ԱԺ ընտրություններն են, բայց ՀՀ-ում մարդիկ ավելի շատ սպասելիքներ կապում են նախագահական ընտրությունների հետ` հույս ունենալով, որ կգա ինչ-որ մեկը եւ կփրկի իրենց: Այս առումով ընտրողի հոգեբանության մեջ ոչինչ չի փոխվել. ոչ թե նախագահ են ընտրում, այլ փրկիչ: Ընտրազանգվածի մի լայն շերտ այդպես է կողմնորոշվում: Ընտրազանգվածը բավական ակտիվ էր: Հայերը բծախնդիր են կենցաղային հարցերում, բայց քաղաքական ընտրությունների ժամանակ բծախնդրություն եւ հետեւողականություն չեն ցուցաբերում: Որպես ընտրության վրա կողմնորոշիչ գործոններ՝ հանդես են գալիս այս կամ այն թեկնածուի հետ ունեցած ուղղակի, միջնորդավորված կապերը, նրա հետ կապված ակնկալիքները: ՀՀ-ում ընտրողների համար կողմնորոշիչ են երկու հարցեր` ի՞նչ շահ կա, եւ ո՞վ է ավելի մեծ փրկիչ: Սա նշանակում է, որ մեր հասարակությունը դեռեւս լիարժեք չի հասկացել ընտրությունների գինն ու իրական նշանակությունը:
Զրուցեց Լ. ՆԱԶԱՐՅԱՆԸ