«Հայաստանում փորձեցին բեմադրել մի ներկայացում, որտեղ ընդգրկված էին
պատվեր կատարողներ եւ պատվիրատուներ: Բեմադրման նպատակն է մեզ ներկայացնել
որպես սկզբունքից շեղված մարդկանց, ովքեր մի ժամանակ ինչպես անզիջում էին
այս խնդրում՝ հիմա, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, դարձել են շատ
փափուկ, զիջող եւ այլն»: Թերեւս սա էր պաշտպանության նախարար Սերժ
Սարգսյանի՝ չորեքշաբթի օրը Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսին
մասնակցելու հիմնական «առաքելությունը»: Սերժ Սարգսյանն ուղղակի ցանկանում
էր պատասխանել Ազգային ժողովում ղարաբաղյան հակամարտությանը նվիրված
լսումների ժամանակ իր ելույթից հետո հնչած մեղադրանքներին: Եվ դրա համար
էր հորինվել պատվեր կատարողների ու պատվիրատուների մասին այդ
պատմությունը: Պատվեր կատարողները, ըստ Սերժ Սարգսյանի, որոշ լրագրողներ
են ու նախկինում պետական պաշտոնում եղած ու մասնագիտական անպիտանելիության
համար ազատված մարդիկ, «ովքեր միանալով այս կամ այն քաղաքական ուժին՝
իրենց արդեն ներկայացնում են որպես ժողովրդավարներ, բարեփոխիչներ, հզոր
անձնավորություններ, որոնց իշխանությունը վախենալով է աշխատանքից ազատել»:
Ի տարբերություն պատվեր կատարողների, ըստ Սերժ Սարգսյանի, պատվիրատուներն
ավելի մանրամասնորեն են տիրապետում թեմային, գիտեն ով ինչ համոզմունքի տեր
է, ինչ հայտարարություններ է արել, սակայն ելնելով քաղաքական նպատակներից,
խեղաթյուրում են իր ասածները՝ «հավելելով ինչ-որ մտքեր, բառեր»: Սերժ
Սարգսյանը երեւի կարծում էր, որ որպես պաշտպանության նախարար
խորհրդարանում արված իր հայտարարությունը, թե՝ ղարաբաղյան
հակամարտությունը հնարավոր է լուծել միայն փոխզիջումների ճանապարհով,
Հայաստանում միայն դրական արձագանք կստանար: Ընդ որում, նա զարմացած է, որ
ադրբեջանական մամուլն իր ելույթը գնահատել է որպես ռազմաշունչ եւ հիմա չի
հասկանում՝ ինքը «խաղաղության աղավնի՞ է», թե՞ «ռազմաշունչ բազե», ինչպես
իրեն ներկայացնում է ադրբեջանական մամուլը: Իհարկե, պաշտպանության
նախարարը չի ցանկանում այս երկուսից որեւէ մեկին նմանվել:
Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ելույթին հետեւած հիմնական
գնահատականներից մեկն այն էր, որ դա ավելի շատ նախընտրական ելույթ էր, եւ
դրանով նա ինչ- որ բան էր ցանկանում հասկացնել Արեւմուտքին: Բնականաբար,
ինքը՝ Սերժ Սարգսյանը միանշանակորեն հերքում է իր ելույթը որպես
արեւմտամետ ռեւերանսներ ներկայացնելու խոսակցությունները: «Իրականությանը
դա չի համապատասխանում բոլորովին, որովհետեւ ամենից մեծ պաշտոնի,
կարողության, ամենից մեծ ինչերի համար ուզում եք ասել, ես պատրաստ չեմ
գնալ Ղարաբաղի խնդրի լուծման դեպքում ավելի զիջումների, քան իրավիճակն է
պահանջում, քան ես համոզված եմ: Դա ներկայացնել որպես ռեւերանսներ
Արեւմուտքին, ուղղակի ազնիվ չէ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Այստեղ մի
հարց է առաջանում՝ եթե Սերժ Սարգսյանը նման հավակնություններ չունի,
ինչո՞ւ է վերջին շրջանում անում այնպիսի հայտարարություններ, որոնք որպես
կանոն անում են նախագահը կամ արտգործնախարարը: Չէ՞ որ պաշտպանության
նախարարը՝ որպես բանակի ղեկավար, կատարում է գերագույն գլխավոր
հրամանատարի հանձնարարությունները: Իհարկե, Սերժ Սարգսյանն ասում է, որ
Ազգային ժողովում ինքը «ստիպված է» ելույթ ունեցել, որովհետեւ ունեցել է
այդպիսի առաջարկություն, հանձնարարություն: Այդպիսով, ըստ Սերժ Սարգսյանի,
իրականությանը չեն համապատասխանում այն համառ խոսակցությունները, թե ինքը
պատրաստվում է որպես ապագա նախագահի թեկնածու եւ այդ նպատակով Արեւմուտքի
առաջ ցանկանում է խաղաղարարի իմիջ ստեղծել: «Հանրապետությունում, իհարկե,
մեծ հրմշտոց կա. յուրաքանչյուրը փորձում է իրեն ներկայացնել որպես
արեւմտամետ, որպես առաջադեմ գաղափարների ջատագով: Չեմ մասնակցել այդ
հրմշտոցին ու երբեք էլ չեմ մասնակցի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա
նույն կերպ է վերաբերվում նաեւ այն խոսակցություններին, թե ինքը
պատրաստվում է որպես նախագահի իրավահաջորդ: Ի պատասխան նման
հնարավորությանը վերաբերող հարցին էլ՝ նա հայտարարեց. «Եթե ձեզ թվում է,
թե իրավահաջորդ պատրաստելը ֆիզիկական գործընթաց է՝ խիստ սխալվում եք:
Այսինքն՝ երբ ասում են՝ իրավահաջորդի պատրաստում, դա բնավ չի նշանակում,
թե նախագահը կանչում է մեկին եւ ասում՝ դու գնա՝ անգլերեն սովորի եւ այլն:
Դա ընդամենն ընտրության հարց է, որ միշտ լինում է ցանկացած գործող
նախագահի մտքում»: Իհարկե, այս հայտարարությունից դժվար է ենթադրել, թե
Սերժ Սարգսյանի անունը Ռոբերտ Քոչարյանի մտքում չկա: