– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինեն Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի հիմնական դիմագծերը 2008 թվականին:
– Վերջին տարիներին Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ պահանջարկը կտրուկ աճեց, եւ դրա հետեւանքով պրագմատիկ միջազգային հանրությունը հաճախ է չտեսնելու տալիս երկրի ներքաղաքական կյանքում բազում բացասական իրողությունները` կոռուպցիայի եւ մենաշնորհի աճ, ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքների անտեսում, ընդդիմության եւ անկախ ԶԼՄ-ների ճնշումներ, ընտրախախտումներ, մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ եւ այլն: Հմտորեն հարմարվելով աշխարհաքաղաքական փոփոխական կոնյունկտուրային եւ այդպիսով կարողանալով ապահովել իր համար արտաքին քաղաքական աջակցություն` Ադրբեջանի իշխող ռեժիմն ակտիվորեն գործի է դնում կոշտ ներքին քաղաքականություն վարելու իր քարտ-բլանշը: Նման քաղաքականության արդյունքը`
– պասիվ, ճնշված, զոմբիացած եւ դեզինտեգրված հասարակությունն է, որը պայքարում է միայն գնաճի, ինֆլյացիայի եւ իրավական ամենաթողության դաժան պայմաններում գոյատեւելու համար,
– թույլ եւ մարգինալացված ընդդիմությունն է, որը կորցրել է իր ազդեցության ողջ ներուժը,
– բազմակարծության եւ խոսքի ազատության դաշտի շարունակ նեղացումն է,
– նույնիսկ ժողովրդավարական բարեփոխումների իմիտացիայից հրաժարումը:
Այսպիսի գրոտեսկային իրավիճակում է գնում Ադրբեջանը դեպի ձեւական նախագահական ընտրություններ:
– Կա՞ն, արդյոք, նախադրյալներ, որպեսզի Ադրբեջանում նախագահական ընտրություններն էականորեն տարբերվեն նախորդներից:
– Վերն ասվածից արդեն կարելի է հասկանալ, որ նման նախադրյալներ չկան եւ մոտ ժամանակներս չեն լինի: Լավագույն դեպքում մենք կդառնանք ընտրությունների նախօրեին քաղաքական ակտիվության իմիտացիոն մի խաղի ականատեսը, որը կունենա արդեն ծանոթ եւ կեղծ վերջակետ` «կատարվել է եւս մեկ քայլ դեպի ժողովրդավարություն»: Ոչ ավելին: Այս տարվա ընտրությունների միակ ինտրիգը հանգելու է բանալ հետաքրքրության` թե ընտրողների մասնակցության եւ պետության ղեկավարի հաղթանակի ի՞նչ ցուցանիշներ կլինեն նախապես սահմանված այս անգամ: Իսկ ընդհանրապես ընտրությունները, լինելով իշխանության վերահաստատման ձեւական մի արարողակարգ, աննկատ կանցնեն հասարակության եւ արտաքին աշխարհի համար:
– Ի՞նչ ընդհանրություններ կան Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերում: Եթե համեմատենք երկու երկրների նախորդ նախագահական ընտրությունները, ապա ի՞նչն է ավելի շատ` ընդհանրություննե՞րը, թե՞ տարբերությունները:
– Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերը շատ բաներում նման են. երկու երկրներում էլ տիրում են կոռումպացված բյուրոկրատիայի կամայականությունները: Այդ պատճառով էլ բավական նման է նաեւ երկու երկրներում տարվող ընտրապայքարը. դրանք հեռու են ժողովրդավարության պահանջներից, ծավալվում են իշխանությունների հրահանգներին եւ արտաքին տերերի շահերին համապատասխան: Այդպես եղել է: Բայց ի տարբերություն Ադրբեջանի՝ այս տարվա ընտրությունները Հայաստանում ի սկզբանե լիցքավորվել էին անհամեմատ մեծ ինտրիգով, չկար լիարժեք վստահություն, որ Քոչարյանից Սարգսյանին իշխանության փոխանցումը հաջողությամբ եւ անցավ կընթանա: Ընտրակեղծիքների ավանդական սցենարը կարող էր խափանվել ի դեմս Տեր-Պետրոսյանի ու Բաղդասարյանի ռեալ մրցակիցներ ունենալու, մյուս կողմից էլ` Հայաստանում քաղաքական կյանքի աշխուժացման պատճառով: Իմիջիայլոց, սցենարը չգործեց այնպես, ինչպես դա կկամենային իշխանությունները: Թեեւ ընտրությունները հենց առաջին փուլով ավարտվեցին Քոչարյանի հետնորդի հաղթանակով, սակայն դատելով հետընտրական պայքարի լարվածությունից ու մասշտաբից` վերջակետը դեռ դրված չէ: Իշխանության գլխավոր ընդդիմախոսները դժվար թե հույսները դրած լինեին «ընտրական շոուի» վրա, ինչը լայնորեն կիրառվում է հետխորհրդային ողջ տարածքում: Նրանց շանսերն ի սկզբանե կապված էին հետընտրական իրավիճակը «թավշի» կամ «ոչ թավշի» ուղղությամբ զարգացնելու տարբերակների հետ: Պետք է ենթադրել, որ ընդդիմությանն ուժի գործադրմամբ հանդարտեցնելու տարբերակին ի սկզբանե պատրաստվում էին նաեւ իշխանությունները: Այնպես որ` ընդդիմության հեղափոխական սպոնտան հավակնությունները կարող են դեմ ընկնել իշխանությունների կազմակերպված եւ կոշտ հակահեղափոխական փաստարկներին (ինչպես դա արդեն մի քանի անգամ եղել է Հարավային Կովկասում):
– Ինչպիսի՞ն կլինի 2008թ. ընտրազանգվածն Ադրբեջանում:
– Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, մենք կդառնանք ընտրություններից բնակչության զանգվածային խուսափումների ականատեսը: Եվ ոչ այն պատճառով, որ կգործի ընտրությունների բոյկոտի ինչ-որ մի ռազմավարություն, այլ հասարակության քաղաքական ապատիայի, ընտրական գործընթացներին եւ մասնակից քաղաքական բոլոր սուբյեկտներին չվստահելու արդյունքում: Իսկ ՀՀ-ում Քոչարյանի հեռանալու եւ տարբեր կողմնորոշումներ, բայց գրեթե հավասար շանսեր ունեցող թեկնածուների առկայության պատճառով կարելի էր սպասել ակտիվության ավելի բարձր մակարդակ եւ նախընտրական ու հետընտրական թեժ պայքար: Ինչը եւ տեղի ունեցավ: Չնայած, սա դժվար թե կարելի է համարել ընտրական գործընթացի եւ քվեարկության արարողակարգի ավելի ժողովրդավարական լինելու ապացույց: Ցավոք, չնայած իրավական եւ արարողակարգային բոլոր փոփոխություններին. ընտրությունները հետխորհրդային տարածքներում ոչ մի կերպ չեն մոտենում ժողովրդավարական ստանդարտներին` շարունակելով հիշեցնել իմիտացիոն շոուներ եւ «խաղեր առանց կանոնների»: Եթե ինչ-որ բան փոխվում էլ է, ապա ոչ թե ընտրությունները, այլ միջազգային դիտորդների եւ կազմակերպությունների կողմից դրանց տրված կոնյունկտուրային գնահատականները. մեկ ընտրությունները համարվում են դեպի ժողովրդավարություն էական մի քայլ, մեկ էլ խստորեն դատապարտվում են` ոգեշնչելով հասարակության մի մասին՝ սկսելու հեղափոխական պայքար հանուն ժողովրդավարության: ՀՀ-ում էլ ընտրությունները թեեւ անհետաքրքիր չէին, ընթացան առանց կանոնների խաղի տրամաբանությամբ, եւ չգիտես ինչու՝ դա չնկատեցին ոչ միայն ԱՊՀ, այլեւ ԵԱՀԿ դիտորդները: Մյուս կողմից էլ` կարելի՞ է, արդյոք, օրենքների համաձայն խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի նման ոչ իրավական երկրներում եւ միջազգային այսպիսի դիտարկումների պայմաններում: Դիտարկումներ, որոնց ընթացքում եթե նույնիսկ հաշվի են առնում ժողովրդավարության կանոնները, ապա աշխարհաքաղաքական եւ պրագմատիկ շահերի բազմազանության պատճառով միայն վերջին հերթին:
Զրուցեց Զ. ՌԱՍՈՒԼԶԱԴԵՆ