Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի ժամանակ պատվավոր հյուրերը իրավունք են ստանում ոչ միայն ցուցադրելու իրենց ֆիլմերը, այլեւ շփվելու հանդիսատեսի, լրագրողների հետ: 1988թ. աշնանն այդպիսի հնարավորություն տրվեց Սերգեյ Փարաջանովին, որը Նյու Յորքի XXVI միջազգային կինոփառատոնին էր ներկայացրել «Աշուղ ղարիբ» ֆիլմը: Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո հանդիսատեսներն ու կինոքննադատներն այդպիսի ներկայացում չէին տեսել:
Մինչեւ Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսը ես Երեւանում զրուցել էի օպերատոր Ալբերտ Յավուրյանի հետ:
– ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների պատվիրակությունը ԱՄՆ չէր մեկնելու: Միայն Փարաջանովն էր հրավերք ստացել: Նա ինձ իր հետ վերցրեց, քանի որ արդեն ծանր հիվանդ էր, եւ մեկը պետք է ներարկումներ աներ: Գործուղմանը երկուսիս հատկացրել էին 45 դոլար…
Հատված «Լինքոլն-ցենտրում» Փարաջանովի մամուլի ասուլիսից.
– Երբ ես պատրաստվում էի Ամերիկա գալ, խորհրդային կառավարությունն ինձ օրական 22 դոլար էր հատկացրել, իսկ իմ օպերատորին` 23: Ես որոշեցի, որ նա ինձ կցված լրտես է, բայց հետո պարզեցի. նրան ավելի շատ են տվել, որովհետեւ նա ավելի երիտասարդ է, նրան «աքսեսուար» է պետք սիրո համար (ծիծաղում է.-Գ.Կ.): …Ես ուզում եմ Ամերիկայում ապրել առանց փողի` կոմունիզմի օրոք, ու առավոտից դա ինձ հաջողվում է…
Ալբերտ Յավուրյան (երեւանյան իմ հարցազրույցից).
– «Լինքոլն-ցենտրը» լեփ լեցուն էր: Մենք բեմ դուրս եկանք հոգնած, փոշոտ, այն հագուստով, որով թռել էինք, քանի որ ճամպրուկները, որոնց մեջ մեր սմոքինգներն էին, ինչ-ինչ պատճառներով մնացել էին Լոնդոնում: Փարաջանովը, որպես իսկական արտիստ, միշտ պատրաստվում էր հանդիսատեսի հետ հանդիպմանը, միշտ լավ հագնված էր լինում եւ շքեղ նվերներ էր ունենում պատրաստած: Թբիլիսիից նա Ռոնալդ Ռեյգանի համար կոլաժ էր բերել` անգլերեն տեքստով, բայց այն նույնպես մնացել էր ճամպրուկի մեջ: Ճիշտ է, հաջորդ օրը ճամպրուկները բերեցին հյուրանոց` հազար անգամ ներողություն խնդրելով:
Հատվածներ «Լինքոլն-ցենտրում» կայացած մամուլի ասուլիսից.
– Այստեղ գալու համար երկու ամիս կոստյում էի կարել տալիս, բայց մեր ճամպրուկները մնացել են Լոնդոնում, այդ պատճառով ձեզ եմ ներկայանում այսպիսի խղճուկ տեսքով: Ես «պերեստրոյկայի» ցուցանմուշ եմ: Երկար ժամանակ բանտ եմ նստել, երեք հնգամյակ ինձ երկրից դուրս չէին թողնում, եւ ես ինձ հիանալի էի զգում: Բայց խորհրդային կառավարությանը ուսումնական ձեռնարկներ էին պետք, եւ վեց ամսվա ընթացքում նա ինձ ուղեւորություն նվիրեց չորս կապիտալիստական երկրներ` Նիդեռլանդներ, Մյունհեն, Իտալիա եւ Լոնդոն: Բարեկամներ, դուք պետք է հասկանաք, թե ինձ համար որքան դժվար է լինելու վերադառնալ սոցիալիզմ…
***
– «Աշուղ ղարիբը» ցուցադրվեց Մյունհենում, այդ պատճառով զրկվեց Վենետիկի կինոփառատոնի մրցույթին մասնակցելու իրավունքից… Եվ փառատոնի ժյուրին որոշեց դիմել Ամերիկյան կինոակադեմիային` խնդրելով թույլ տալ ֆիլմը ներկայացնելու «Օսկարի»…
***
– Ֆիլմի հերոսի դերակատարը 23-ամյա քուրդ է: Նա անհնարին գեղեցիկ է ու տաղանդավոր: Ես չկարողացա նրան բերել այստեղ, նրան երկրից դուրս չթողեցին… Իտալիայում Մաստրոյանին ինձ ասաց, որ ուզում է նրան փորձել պատանի Գարիբալդիի դերի համար…
***
– Ես Հռոմում էի, դասախոսություն էի կարդում: Մեկն ասաց, որ խորհրդային մարդիկ չեն սիրում Պազոլինիին, որովհետեւ նա արվամոլ է… Ես պատասխանեցի, որ ռուսները շատ են սիրում Չայկովսկուն` մոռանալով, որ նա արվամոլ է: Ես երեք անգամ բանտ եմ նստել. ինձ մեղադրում էին «ակտիվ» արվամոլության մեջ… Իտալիայում ես տեսել եմ Լեոնարդոյի, Միքելանջելոյի գործերը, եւ ուրախ էի, որ սեքսոլոգ կամ սեքսապաթոլոգ չեմ: Նայում էի նրանց գործերին եւ չէի հիշում, որ նրանք արվամոլ են: Ինչ վերաբերում է ինձ, ապա մեր կառավարությունն ինձնից ներողություն է խնդրել: Խորհրդային Քրեական օրենսգիրքը համարում է, որ հորմոնները կարելի է ուղղել բանտում. այնտեղից «ակտիվը» դուրս է գալիս «պասիվ» եւ՝ հակառակը…
***
– Նախագահ Ռեյգանն ինձ Մոսկվայում ընթրիքի էր հրավիրել: Ես գիտեի, որ ինձ հետ երկու չեկիստ են գալու, եւ հրաժարվեցի հրավերքից: Ես նրանցից ներողություն եմ խնդրում դրա համար եւ ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել նրանց արիստոկրատության համար… Տիկին Ռեյգանի արտիստիզմը «սպանեց» Մոսկվայի բոլոր գեղեցկուհիներին, նույնիսկ տիկին Գորբաչովային: Ես մի կոլաժ եմ արել, որն ուզում եմ նվիրել տիկին Ռեյգանին: Ես կոլաժը փոխանցում եմ փառատոնի տնօրեն Ռիչարդ Պենիեին եւ հույս ունեմ, որ նվերը շուտով կհասնի Նենսի Ռեյգանին: Սովետական Միությունում դա անելը` նվեր ուղարկելը` անհնարին բան էր:
***
– Էկրանին «Աշուղ ղարիբն» է` Լերմոնտովի ստեղծագործությունը: Նա ռուսական պոեզիայում մեծությամբ երկրորդ դեմքն է: Այս բանաստեղծին հնարավոր չէ թարգմանել կինոյի լեզվով: Այդ պատճառով ռեժիսորներ Գերասիմովն ու Ռոստոցկին պարտություն կրեցին. պոեզիան մնաց էկրանից դուրս: Ես Լերմոնտովին անդրադարձել եմ ոչ այն պատճառով, որ ըմբռնել ու բացահայտել եմ նրա պոեզիան: Պարզապես ես նրան նայել եմ 20-րդ դարի մարդու աչքերով: Ես ուզում էի ստեղծել արեւելյան հեքիաթ` նման նկարազարդ պարսկական զարդատուփի: Ես ֆիլմն արել եմ ինձ ու իմ ժողովրդի համար: Ես քրիտոնյա եմ, ինչպես իմ օպերատոր Ալբերտ Յավուրյանը: Մենք ֆիլմը նկարում էինք այն ժամանակ, երբ Ղարաբաղում տեղի էին ունենում ողբերգական իրադարձություններ: Մենք մահմեդական ֆիլմ էինք նկարում: Հայրենասիրության օրենքներով մենք պետք է բարիկադների վրա լինեինք: Բայց ես հպարտ եմ, որ ֆիլմի աշխատանքներն ավարտեցինք…
«Աշուղ ղարիբում» երջանիկ ավարտ է, ինչպես հեքիաթում: Հարսանիք: Գեղեցկության եւ ազնվության հաղթանակ: Ես այդ ֆիլմն արել եմ երեխաների համար: Բայց նա միայն երեխաների համար չէ…
***
– Ես պաշտոնական կոչումներ ու պարգեւներ չունեմ: Ես ոչ ոք եմ: Ապրում եմ Թբիլիսիում` հայրական տանս (Փարաջանովն իր տունը անվանում էր «Վերսալ աղքատների համար,-» (Գ.Կ.): Երբ անձրեւ է գալիս, ես հովանոցով եմ քնում ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին: Իմ տանը եղել է Ալեն Գինզբուրգը` հայտնի ամերիկացի պոետը, եւ երբ անձրեւ եկավ, նա նույնպես հովանոցով էր քնել: Եղել են նաեւ Ջոն Ափդայքը, Ֆրանսուազ Սագանը, բայց այդ ժամանակ անձրեւ չկար…
Ասում են` Փարաջանովը գրեթե ոչ մի գիրք չէր կարդում: Նրա ազգական Գարիկ Փարաջանովը հաստատում է, որ Թբիլիսիի տանը երկու գիրք կար` Չուկովսկու «Մոյդոդիրը» եւ «Կենտավրոսը»` Ափդայքի նվերը Փարաջանովին:
Լեւոն Աբրահամյան, էթնոգրաֆ, Փարաջանովի ընկերներից (երեւանյան իմ հարցազրույցից).
– Երբ Փարաջանովն աշխատում էր «Նռան գույնի» վրա, նրան այցելում է ամերիկյան մի լրագրող.«Ինչո՞ւ չեք ընդունում ձեր ընկերոջ` Ափդայքի հրավերը եւ չեք մեկնում ԱՄՆ»: Առանց երկար մտածելու` Փարաջանովը պատասխանում է.«Որովհետեւ Հնդկաստանում ամուսին չունեմ»: «Երեւի ուզում եք ասել՝ «կին»: «Ոչ, հենց ամուսին եւ հենց Հնդկաստանում»: Լրագրողուհին ամեն ինչ հասկանում է. այդ օրերին Սվետլանա Ալիլուեւան մեկնել էր Հնդկաստան` ամուսնու հուղարկավորությանը, եւ մնացել այնտեղ:
Հատվածներ «Լինքոլն-ցենտրում» Փարաջանովի մամուլի ասուլիսից.
– Կինեմատոգրաֆն ինձ համար մեծ համր է: Ինչքան քիչ են բառերը, այնքան շատ է պլաստիկան, արտահայտչականությունը… Մենք շատ ենք խոսում: Միայն երբ գալիս ենք բալետ նայելու, շփվում ենք լեզվի հետ…
– Ես Նիկո Պիրոսմանիի մասին երկմասանոց ֆիլմ եմ նկարել: Դրանցից մեկում` «Արաբեսկներ մնջախաղի լեզվով», արտահայտվում է իմ վերաբերմունքը խոսքային կինեմատոգրաֆի նկատմամբ, որտեղ անդադար խոսում են, խոսում, խոսում…
– Իմ նախկին կինը չափազանց գեղեցիկ է, նման է Բետտի Դեւիսին… Մենք բաժանվում էինք, երբ նա ասաց.«Երբ դու լուռ էիր, հավատում էի, որ սիրում ես ինձ: Բայց երբ սկսեցիր խոսել, հասկացա, որ սեր չկա»: Նրա ասածը ես տեղափոխել եմ էկրանի հետ իմ հարաբերությունների վրա:
Ա. Յավուրյան (երեւանյան իմ հարցազրույցից).
– Նյու Յորքում երկրորդ ելույթն անցավ գրեթե նույն սցենարով… Բայց կազմակերպիչները հուշեցին, որ հանդիսատեսն այնքան էլ չի սիրում Ռեյգանին, ու պետք չէ այդքան գովել նրան: Երբ առաջին անգամ հայտնվեցինք դահլիճում, մեզ Լինքոլն-ցենտրի կարմիր շապիկներ նվիրեցին: Սերգեյի ուշքը գնում էր շապիկների համար, ավելի շուտ` Յուրա Մգոյանի` մեր ֆիլմի գլխավոր դերակատարի… Եվ Փարաջանովը կազմակերպիչներին ասաց.«Ինչո՞ւ այդքան քիչ: Իմ հերոսը Թբիլիսիում է: Ի՞նչ եմ նրան տանելու այստեղից… Հաջորդ օրը մի կապ շապիկներ բերեցին, երբ բեմ էինք դուրս գալիս: Փարաջանովը երկար խալաթով էր, որ ինքն էր կարել Ֆելինիի համար, ձեռքին` Ռեյգանի համար բերած կոլաժը: Հանկարծ Փարաջանովը կապից մի շապիկ հանեց: Իմ հարցին, թե ինչին է պետք, խնդրեց լռել: Բեմում նա նորից սկսեց գովել Ռեյգանին: Դահլիճը սկսեց դոփել եւ աղմկել: Այդ ժամանակ Սերգեյը կոլաժն ինձ տվեց, մեծ բացեց կարմիր շապիկն ու տորեադորի նման սկսեց թափահարել այն հանդիսատեսի քթի տակ: Նրանք ամեն ինչ հասկացան ու միահամուռ սկսեցին ծափահարել…
– Երբ Գորբաչովը խոսում էր «պերեստրոյկայից», իսկ հետո հանդիպեց Ռեյգանի հետ, Սերգեյը հերթական նովելը հորինեց (այն հաղորդեցին «Ամերիկայի ձայնով» -Գ.Կ.): Նյու Յորքում նա վերապատմեց այդ պատմությունը:
Հատվածներ «Լինքոլն-ցենտրում» Փարաջանովի մամուլի ասուլիսից.
– Ռոտերդամում ինձ հարցրին` կարո՞ղ եմ ժամանակակից ֆիլմեր նկարել: ես պատասխանեցի. «Կարող եմ: Ես ուզում էի «Համլետը» նկարել: Դահլիճից բացականչեցին. «Արխաի՛զմ է»: Ես ասացի, որ Համլետը Գորբաչովն է, իսկ Էլսինորը` Կրեմլը: Այստեղ բոլորը բացականչեցին` «Ավանգա՛րդ է»: ես ավելացրի, որ Ռայա Գորբաչովան Օֆելյան է, բայց նա շփոթել է տեքստը եւ վերցրել ուրիշինը: Այդ պատճառով ֆիլմում Կորդելիա է խաղում: Դահլիճը նորից սկսեց գոռալ, ու ոչ մի բան չէր հասկացվում…
– Մյունհենում ինձ հարցրին, թե ինչ կուզենայի այնտեղ նկարել: «Այն, ինչի կարիք ունի Գերմանիան: Նա պետք է վերադարձնի դասականներին` «Ֆաուստը»` կրքերի այդ ողբերգությունը… Եթե ապրեի Իտալիայում, նկարեի Դանթեի «Աստվածային կատակերգությունը»: Ամերիկայի համար կնկարեի Լոնգֆելոյի «Հայավաթի երգը»: Կուզենայի՞ արդյոք ֆիլմ նկարել Ամերիկայում: Հիշեցնեմ «Տրավիատան». երբ վերջում Վիոլետային մոտենում է նրա սիրեցյալն ու ասում, որ իրենք միասին են լինելու, Վիոլետան պատասխանում է` ուշ է… Ես էլ եմ պատասխանում` ո՛ւշ է: Ես իմ էներգիան թողել եմ բանտում, որտեղ նկարիչ դարձա: Այնտեղից ես 800 աշխատանք եմ բերել:
– Կուզենայի նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը, որի սցենարը գրել եմ 1964թ.` հիվանդանոցում, գրեթե կիսամեռ… Այնտեղ խոսքն իմ մանկության մասին է… Իմ 23 անավարտ ու չնկարված սցենարներից ամենաառաջինը կուզենայի այդ ֆիլմը նկարել…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, 2007թ.
www.nrs.com