Sothbey՚s աճուրդն իրադարձություն է յուրաքանչյուր կոլեկցիոների եւ հնաոճ իրեր գնահատողների համար: Սակայն այս աճուրդներին մասնակցելու համար խոշոր գումար ունենալը դեռ բավարար պայման չէ, անհրաժեշտ է նաեւ սեփական ճաշակ եւ ոճ:
Աշխարհում ամենահին աճուրդի տներից մեկը` Sothbey՚s-ը հիմնադրվել է 1774թ., եւ այդ ժամանակից ի վեր վաճառում է ցանկացած տեսակի յուրօրինակ, հազվագյուտ իրեր` նկարներ, սրբապատկերներ, թանկարժեք զարդեր, արձաններ, զենք, կահույք, ձեռագրեր, գինիներ եւ այլն: Սկզբնական շրջանում այստեղ թանկարժեք իրեր էին ձեռք բերում թագավորական ընտանիքների անդամները եւ եվրոպական արիստոկրատները: Սակայն տարիների հետ հավաքածուների նկատմամբ կիրքը մեծանում էր, իսկ կոլեկցիոներների թիվն` ավելանում: 20-րդ դարի սկզբին եվրոպացի արիստոկրատներին միացան արդյունաբերական մագնատները` Մորգանները, Ռոտշիլդները, Հերստները, որոնք այստեղ սովորում էին սեփական փողերից հաճույք ստանալու արվեստը: Անցյալ դարի կեսերին նրանց միացան նաեւ ասիական գործարարները եւ շոու-բիզնեսի աստղերը` ռեժիսորներ, դերասաններ, երաժիշտներ, սպորտսմեններ:
Որպես կանոն` աճուրդները տեղի են ունենում գարնանը կամ աշնանը: Ասում են` այդ ժամանակ իսկական կոլեկցիոներներն ազարտի մեջ են ընկնում:
Աճուրդի մշտական հաճախորդների համար առաջին հերթին կարեւորվում է տվյալ առարկայի պատմական արժեքը եւ միայն հետո` արտաքին տեսքը: Կոլեկցիոների համար իրի ծագումն ու անցած ճանապարհը գլխավոր արժանիքն է. նա սովոր է շոշափելով զգալ ժամանակի հետքը: Աճուրդի դրված իրի արժեքը նրա կիրառական նշանակությամբ չի որոշվում, կարեւորը նրա ծագումն է եւ անկրկնելի ոճը. իսկական գիտակը հենց դա է փնտրում:
Աճուրդի ժամանակ ամենակարեւորը, թերեւս, մարդկային կրքերն են: Գործին լավատեղյակ մարդիկ պնդում են, որ աճուրդներին մասնակցելը երկաթե նյարդեր է պահանջում, մեծ կամքի ուժ, սուր միտք եւ հրաշալի տեսողություն: Միայն այդ դեպքում ձեզ համար տեսանելի կդառնան պատահական դիտողի համար չերեւացող աճուրդային ինտրիգները: Աճուրդի ընթացքում ձեզ կարող է խանգարել ավելորդ անինքնավստահությունը: Պետք է կարողանալ ինքնատիրապետել սեփական զգացմունքներին:
Sothbey՚s աճուրդները միշտ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Առաջին կարգում հիմնականում նրանք են, ում համար աճուրդը զուտ գեղագիտական հաճույք է: Հատուկ ուշադրություն դարձրեք նրանց վրա, ովքեր նստած են վերջին շարքերում. հենց նրանք են հիմնական գնորդները:
Գնորդները տարբեր են: Մի մասի համար կարեւոր է հենց խաղը, ազարտը, մյուսների համար` ակնթարթային հաղթանակը: Կան մարդիկ, ովքեր ամեն տարի մասնակցում են աճուրդներին եւ 10 դոլարով նկար են գնում` մխիթարվելով ու հուսալով, թե ձեռք են բերել չնկատված մի գլուխգործոց: Սակայն աճուրդների հիմնական գնորդները դիլերներն են, ովքեր խանութների կամ հարուստ կոլեկցիոներների համար թանկարժեք իրեր են ձեռք բերում: Ի դեպ, վերջիններիս անունները սովորաբար ստվերում են մնում:
Աշխարհում գործում են մոտ 200 աճուրդի տներ, որոնք զբաղվում են հնաոճ իրերի վաճառքով: Սակայն մասնագետների կարծիքով՝ լավագույնները Sotheby՚s-ն ու Christie՚s-ն են, որոնք կարող են հնաոճ իրերի բնօրինակ լինելու երաշխիքներ տալ: Բայց դա ոչ միշտ է լինում: Երբեմն այստեղ էլ են սկանդալային պատմություններ տեղի ունենում:
Մի անգամ մի շվեյցարացի գնորդ մասնավոր հետաքննություն էր անցկացրել եւ պարզել, որ 60.000 դոլարով ձեռք բերած իր նկարը մի քանի անգամ արտանկարված է եղել: Զայրացած տիկինը պահանջել է վերադարձնել գումարը, սակայն մերժում է ստացել:
Մեկ այլ սկանդալ էլ ծագել էր 2001թ. աշնանը, երբ Sotheby՚s-ը ավանդական «Ռուսական աճուրդն» էր անցկացնում: Բացումից երկու օր առաջ Ռուսաստանը պահանջել է աճուրդից երկու նկար հանել: Այդ նկարները գողացվել էին Գրոզնիի թանգարանից դեռ 1-ին չեչենական կամպանիայի ժամանակ: Նկարներն աճուրդի էր դրել մի մասնավոր կոլեկցիոներ, որն, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէր քրեական այդ պատմության մասին: Գործին խառնվեց Ինտերպոլը, եւ նկարները վերադարձվեցին օրինական տիրոջը` Ռուսական պետությանը:
Sotheby՚s աճուրդում կարելի է ձեռք բերել հետաքրքիր եւ հազվագյուտ իրեր: Աճուրդներ են կազմակերպվում աշխարհի տարբեր ծայրերում: Դուք նույնիսկ կարող եք ներկա չգտնվել, այլ աճուրդին հետեւել ինտերնետով` հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները:
Այս աճուրդում ամեն ինչ վաճառվում է` հնաոճ կահույքից սկսած մինչեւ ամենաթանկարժեք իրեր ու առարկաներ: Վերջին ժամանակներս աճուրդում հսկայական գումարներով վաճառվել են կոլեկցիոն գինիներ: Հիմնականում ներկայացված էին Bordeaux-ի գլուխգործոցները, նաեւ իտալական, իսպանական եւ կալիֆոռնիական լավագույն գինիներ: Վերջին տարիների ամենավառ իրադարձություններից կարող ենք հիշել Էնդրյու Լլոյդ Վեբերի` Բրոդվեյի հանրահայտ մյուզիքլների հեղինակի գինիների հարուստ հավաքածուի վաճառքը, որը բավականին մեծ եկամուտներ բերեց ոչ միայն աճուրդի կազմակերպիչներին, այլեւ կոմպոզիտորին:
Sotheby՚s-ի շնորհիվ Անգլիան վերջին տասնամյակներում նկատելի առաջ է անցել իր մրցակիցներից` ֆրանսիացիներից, եւ դարձել համաշխարհային գեղարվեստական նորաձեւության կենտրոն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հնաոճ իրերի վաճառքի 90%-ը բաժին էր ընկնում Ֆրանսիային: Իսկ արդեն 1999թ. Ֆրանսիան «ապահովում էր» հնաոճ իրերի շուկայի միայն 5,6%-ը, եւ դա՝ այն դեպքում, երբ ամեն տարի երկրից դուրս էին բերվում 3 մլրդ ֆրանկի հնաոճ իրեր եւ արվեստի գործեր, որոնց մեծ մասը վաճառվում էր Sotheby՚s-ի աճուրդում` Լոնդոնում եւ Նյու Յորքում:
Իր գոյության ընթացքում Sotheby՚s-ը դարձել է հնությունների եւ արվեստի նկատմամբ սիրո խորհրդանիշ:
Հ.Գ. 2007թ. մայիսի 8-ին Sotheby՚s-ը վերջին 17 տարիների համար ռեկորդային գումարի գեղանկարչական աշխատանքներ է վաճառել: Նյու Յորքում անցկացված XIX դարի երկրորդ կեսի, XX դարի սկզբի գեղանկարչական աշխատանքների աճուրդի ժամանակ վաճառված նկարներից ստացված հասույթը կազմել է 278,5 մլն դոլար: Ամենաբարձր գնով` 25,5 մլն դոլարով վաճառվել է Պոլ Սեզանի «Կանաչ դդումով նատյուրմորտ» նկարը: Մեծությամբ երկրորդ ռեկորդային գինն արձանագրել է ոչ այնքան հայտնի ամերիկացի էքսպրեսիոնիստ Լայոնել Ֆայնիգերի «Ճիզվիտներ III» ստեղծագործությունը: 14,3 մլն դոլարով էլ վաճառվել է Ֆերնանի «Գործարաններ» նկարը:
Նշենք, որ մայիսի 10-ին կրկին Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ Sotheby՚s-ը արձանագրել է մեկ այլ ռեկորդ` այս անգամ XX դարի երկրորդ կեսի գեղանկարչական աշխատանքների վաճառքից ստացված հասույթի առումով: Ժամանակակից արվեստի գործերի վաճառքից Sotheby՚s-ն այդ օրն անցկացված աճուրդում ստացել է 128 մլն դոլար: Ամենաբարձր գնով այդ աճուրդում վաճառվել են երկու նկարներ` Վիլլեմ դե Կունինգի «Առանց անվանման XVI» եւ Ռոյ Լիխտենշտեյնի «Մայր մտնող արեւը» ստեղծագործությունները` յուրաքանչյուրը 15,6 մլն դոլար արժեքով: