Հունվար եւ փետրվար ամիսներին Գեղարքունիքի մարզում պահպանված ցուրտ եղանակի պատճառով կարող են վտանգվել աշնանացան ցորենի ցանքերը եւ պտղատու որոշ ծառատեսակներ: Գյուղատնտեսության աջակցության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է, թե մասնագետները մարզի տարբեր տարածքների տարբեր ցանքերից ծլած աշնանացանի նմուշներ են վերցրել` դրանց միջոցով մոտակա օրերին պարզելու, թե արդյո՞ք անվնաս է «ձմեռել» մոտ 14.500 հեկտար աշնանացանը: Նրա խոսքով, հատկապես վտանգավոր է այն, որ վերջին օրերի քամիների ազդեցությամբ ցանքերը զրկվել են ձնածածկույթի պաշտպանիչ շերտից: Պտղատու ծառերից, ըստ տնօրենի, կարող են վտանգվել ծիրանենին, կեռասենին, բալենին, դեղձենին, ընկուզենին, որոնք արմատավորվել են վերջին 10-15 տարիների ընթացքում: Իսկ տանձի կամ խնձորի այգիներին առանձնակի վտանգ չի սպառնում: