ԵԽ նախարարների կոմիտեի Նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսում` գնահատելով ՀՀ նախագահական ընտրությունները, հայտարարել է, թե իրենք հենվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տված եզրակացության վրա: «Դա մի զեկույց է, որն ընդունում է ընտրությունների ընդհանուր որակը. կարծում եմ, սա կարեւոր հայտարարություն է: Միաժամանակ, երկրում կան քաղաքական գործընթացներ, եւ ես ուզում եմ ընդունել, որ կառավարությունը փորձում է ուշադրություն դարձնել թերությունների վրա, նաեւ հույս ունեմ, որ կառավարությունը դասեր կքաղի միջազգային հանրության որոշ դիտողություններից եւ քննադատությունից եւ քայլեր կձեռնարկի ապագայում ընտրական մթնոլորտը բարելավելու համար»,- նշել է Յ.Կուբիշը: Ըստ նրա` բավական է նայել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականին` տեսնելու համար, որ այն հաստատում է, որ սա «քայլ էր դեպի երկրի ժողովրդավարական զարգացում»: «Որոշ խնդիրներ ու թերություններ կան, բայց ընդհանուր գնահատականն է, որ սա քայլ էր առաջ: Ես մեծ հույս ունեմ, որ հետագա լարվածություն չի լինի, բռնությունից ցանկացած գնով պետք է խուսափել»,- նշել է նա: