ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն ԱԺ ճգնաժամը
հաղթահարելու համար երեք ելք էր առաջադրել՝ կա՛մ ԱԺ մեծամասնությունը պետք
է իրեն կարգի հրավիրի, կա՛մ պետք է ԱԺ նոր մեծամասնություն ձեւավորվի,
կա՛մ ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն: ԱԺ փոխնախագահ Տիգրան
Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ իրենց համար ո՞ր տարբերակն է ընդունելի, թե՞
մերժում են բոլորը: «Կարծում եմ, եթե իսկապես ուզում ենք ամեն ինչ
կարգավորել, ապա պատճառները շատ ավելի խորն են, եւ նման քայլերով չէ, որ
հնարավոր է այդ պատճառները վերացնել եւ ամեն ինչ շտկել»,- ասաց Տ.
Թորոսյանը՝ նշելով, որ երբեմն մոռացվում է, որ ԱԺ ընդդիմությունը պարտավոր
է հասարակության առաջ գալ եւ կատարել իր աշխատանքը: «Նույնքան դատապարտելի
է ընդդիմության չմասնակցությունը, որքան մնացած պատգամավորների, այդ թվում
նաեւ՝ ԱԺ մեծամասնության: Չգիտես ինչու, բոլորը համակերպվել են այն մտքի
հետ, որ ընդդիմադիր պատգամավորները կարող են չմասնակցել նիստերին: Ի դեպ,
սա բացարձակ ապօրինի քայլ է, որովհետեւ ԱԺ կանոնակարգը ենթադրում է, որ
եթե դու քաղաքական ինչ-ինչ նկատառումներով չես ուզում մասնակցել այս կամ
այն քվեարկությանը, ապա դու պետք է տեղում լինես եւ հայտարարես այդ մասին:
Սա է պատշաճ վերաբերմունքը քաղաքական խնդիրներին, ոչ թե ընդհանրապես
աշխատանքի չգալը»,- հայտարարեց Տ. Թորոսյանը: Բացի այդ, ըստ նրա,
Հայաստանի քաղաքական համակարգը «լրջորեն հիվանդ է», ինչը շատ լավ երեւում
է թե՛ մամուլի հրապարակումներից, թե՛ քաղաքական տարբեր գործիչների եւ
ուժերի ելույթներից: «Ամեն ինչ մնացել է ուղղակի դատարկախոսությանը, սրա
պատճառն այն է, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ անցումային
երկրներում, բարեփոխումների սկզբում սկզբունքային սխալ թույլ տրվեց:
Քաղաքական-հասարակական կյանքի բարեփոխումները ստորադասվեցին տնտեսական
բարեփոխումներին»,- պարզաբանեց ԱԺ փոխնախագահը: