Մանվելը չի միացել Տեր-Պետրոսյանին

26/02/2008

Օրերս Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մանվել Ղազարյանը հայտարարել էր, թե ԱԺ 7 պատգամավորի անունից լիազորված է հայտարարել, որ իրենք միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը: Այնուհետեւ այդ 7 պատգամավորները ստորագրեցին ՀՀԿ եւ ԲՀԿ տարածած հայտարարության տակ, ինչը ենթադրում է, որ նրանք Սերժ Սարգսյանի կողքին են: Նրանց թվում էր նաեւ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին: Նա երեկ ԱԺ-ում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված իր անցումը նախ՝ Լ. Տեր-Պետրոսյանի կողմը, հետո՝ Ս. Սարգսյանի, ասել է. «Ոչ մի անցում չի եղել, Մ. Ղազարյանը պետք է հայտարարեր, կոչ աներ ժողովրդին, որ հանգստացեք, դա ելք չի, ինչ որ դուք անում եք, խաղաղ ճանապարհով պետք է լուծվի: Հիմա ես չգիտեմ, Մ. Ղազարյանը ինչ ա հայտարարել, թե իրենից հետո մնացածն ինչ են հայտարարել»: Դիտարկմանը, թե ցուցարարները հրապարակում խաղաղ հանրահավաք են անում, Հ. Գրիգորյանը պատասխանել է. «Չես կարա ասես, որոշ մասը խաղաղ են նստած, որոշ մասը՝ ոչ խաղաղ»: Հարցին էլ, թե` ձեր դիրքորոշումը կարելի՞ է համարել նաեւ Մ. Գրիգորյանի դիրքորոշում, վերջինիս եղբորորդին պատասխանել է. «Եթե ուզում եք, ըտենց համարեք»: Հ. Գրիգորյանը նաեւ հայտարարել է, թե ինքն իրավասու է նաեւ Մ. Գրիգորյանի անունից հայտարարելու, որ ինքը երբեք չի եղել Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման կողքին: Իսկ թե ինչու անձամբ Մ. Գրիգորյանը չի հերքում այդ լուրերը՝ հարցին ի պատասխան՝ Հ. Գրիգորյանը նախ նշել է, որ Մ. Գրիգորյանն արդեն 20 օր է` հիվանդ պառկած է, այնուհետեւ պատասխանել է. «Կոնկրետ հենց հիմա էլ շաքարը 385 ա, հիվանդ պառկած ա: Ով ինչ ուզում ա, թող հայտարարի, էդ իրանց խնդիրն ա»: Անդրադառնալով լուրերին, թե Մ. Գրիգորյանը Մյասնիկ Մալխասյանին մի բան է ասում, իշխանություններին՝ ուրիշ, Հ. Գրիգորյանն ասել է. «Շատ սխալ ինֆորմացիա ունեք: Ես կոնկրետ երկրապահ եմ, Մյասնիկն իմ դիրքորոշումը գիտեր, որ ես Ս. Սարգսյանին եմ պաշտպանում: Ինքն իրավունք չուներ երկրապահների անունից հայտարարություն անելու. Մյասնիկը շատ փոքր մարդ ա, որ մեր անունից հայտարարություն անի: Էղա՞վ: Թող ինքն իրա ապարանցիների անունից հայտարարի: Ես միայն կոչ եմ անում Լ. Տեր-Պետրոսյանին եւ Մ. Մալխասյանին մեր անունից հայտարարություններ չանել»: Ըստ նրա` նույն դիրքորոշումն ունի նաեւ երկրապահ Սեյրան Սարոյանը: Հ. Գրիգորյանը նաեւ բացառել է, թե որեւէ փուլում կվերանայի իր դիրքորոշումն ու կմիանա Լ. Տեր-Պետրոսյանի շարժմանը. «Բացառվում է: Ես ավելի շուտ մանդատս ցած կդնեմ, կգնամ տուն, քան եսգ տղամարդ չեմ ըլնի: Ես սկզբունքային մարդ եմ, ես էս թիմով եկել եմ: Ես նավերից, թիմերից ոչ փախնող եմ, ոչ փոխող: Ես մի բան էլ ասեմ. ով որ իմ թիմակիցներից իմ ազնվության վրա կասկածում ա, թող գնա ինքը իրա մաման, իրա կինը, իրա երեխեն ստուգի` տենա՝ ում են ընտրել, ու թող տենան իմ ընտանիքը ում ա ընտրել: Ով կասկածում ա իմ ազնվության վրա, թող գնա մի հատ իրանց նայեն, իրանց ձայները նայեն ու իմ ձայները նայեն»: