Հարցերը համաձայնեցրե՞լ են

26/02/2008

«Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են ապառազմականացման, միջազգային խաղաղապահների տեղաբաշխման, գրավյալ տարածքների վերադարձման եւ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը»: Այդ մասին երեկ Բրյուսելից հեռախոսով «TrendNews»-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Կողմերը չեն կարողանում համաձայնեցնել մի քանի հանգուցային հարցեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնությանը եւ Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք քվեարկության մեխանիզմին»,- ասել է Ֆրեյզերը: Ճգնաժամային խմբի ներկայացուցիչն այն կարծիքին է, որ հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հնարավոր կլինի խոսել ղարաբաղյան հակամարտության լուծման մասին: «Հնարավոր է, որ Հայաստանում նոր նախագահի ընտրվելուց եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո կողմերն ի վիճակի կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- նշել է Ֆրեյզերը:

Ըստ նրա՝ «Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկեն, բնակչությանն իրազեկեն բանակցությունների ընթացքի մասին եւ նրանց համոզեն փոխզիջման անհրաժեշտության մեջ»: