Վարշավայո՞ւմ, թե՞ Մոսկվայում

13/05/2005

Լոնդոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի
նախարարներին նոր առաջարկներ չեն ներկայացրել: Այդ մասին երեկ հայտարարել
է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Եթե հաշվի առնենք, որ Լոնդոնում
Օսկանյան-Մամեդյարով դեմ առ դեմ հանդիպում չէր կայացել, ապա նոր
առաջարկների ներկայացում չէր էլ ակնկալվում: Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի
Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, որ հնարավոր է՝
կարգավորման նոր առաջարկ ներկայացվի երկու երկրների նախագահներին, որոնց
հանդիպման կոնկրետ ժամկետներն ու վայրը դեռեւս ճշտված չեն: Երեկ Վարդան
Օսկանյանը հայտարարել է, թե հնարավոր է, որ նախագահների հանդիպումը կայանա
Վարշավայում, սակայն չի բացառել նաեւ, որ այդ հանդիպումը տեղի կունենա
Մոսկվայում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Իսկ իր եւ
Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի՝ Ֆրանկֆուրտում կայանալիք հնարավոր
հանդիպման վերաբերյալ, ըստ Օսկանյանի, կոնկրետ պայմանավորվածություն դեռ
չկա: «Սակայն եթե առաջանա նման հանդիպման հնարավորությունը, մենք չենք
բացառում դրա անցկացումը»,- ասել է Օսկանյանը: