Դուրս են եկել ԵԿՄ-ից

26/02/2008

ԵԿՄ մի շարք անդամներ շաբաթ օրը հայտարարել են միությունից դուրս գալու մասին: «Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԵԿՄ որոշ անդամներ` խախտելով ԵԿՄ-ի կանոնադրությունը, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել երկրապահին ոչ վայել գործունեությամբ, որն անընդունելի է եւ վարկաբեկում է միության նշանակությունն ու հեղինակությունը, խոչընդոտում է մեր նորանկախ պետության հետագա ամրապնդման եւ զարգացման գործընթացը: Նրանք օգտագործվում են անազնիվ քաղաքական նպատակներով, իսկ ԵԿՄ ղեկավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում այդ ամենը կանխելու ուղղությամբ: Այդ պատճառով` գնահատելով եւ արժեւորելով երկրապահի դերն ու նշանակությունը, զոհված ազատամարտիկ-ընկերների բարի անունն ու հիշատակը, ինչպես նաեւ առաջնորդվելով հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի մեծ զգացումով ու ժողովրդին անմնացորդ ծառայելու հաստատուն որոշմամբ` մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք անդամակցությունը կազմակերպությանը»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարությունը ստորագրել են` գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, գնդապետ Կորյուն Եղիազարյանը, գնդապետ Մուրադ Աբրահամյանը, գնդապետ Ֆելիքս Պողոսյանը, գնդապետ Արթուր Գրիգորյանը, գնդապետ Պողոս Պողոսյանը, գնդապետ Սամվել Հովսեփյանը, գնդապետ Սայեն Հայրապետյանը, գնդապետ Ներսես Եղոյանը: