Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ հրապարակեց տարածաշրջանի երկրների տնտեսական վիճակի մասին իր հաշվետվությունը` «Անցումային շրջանի մասին հաշվետվություն 2007թ.» անվանմամբ:
Զեկույցն ամփոփ ներկայացնող մամլո հաղորդագրության վերնագիրը բավական հնչեղ էր. «Անցման մեջ գտնվող տարածաշրջանի տնտեսական աճը գրանցելու է նոր ռեկորդ 2007 թվականին»: Սակայն ենթավերնագիրը մի քիչ ավելի համեստ էր` «Հայաստանի տնտեսությունն աճում է 8.5 տոկոսով 2007 թվականին»: Եվ չնայած վերնագրերի ու ենթավերնագրերի շարադասական սխալներին, միտքը հասկանալի է` ՎԶԵԲ-ի տվյալներով անցած տարի Հայաստանն ունեցել է 8,5 տոկոս աճ: Մինչդեռ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2007թ. մեր երկրի տնտեսությունն աճել է 13,7 տոկոսով: Այդ դեպքում ի՞նչ է սա նշանակում, այս երկու տվյալներից ո՞րն է ներկայացնում Հայաստանի տնտեսության զարգացման իրական պատկերը: Միգուցե Եվրոբանկը տնտեսության աճը հաշվարկելու ի՞ր մեթոդոլոգիան ունի: ՎԶԵԲ-ի զեկույցը ներկայացնող ավագ տնտեսագետ Էրիկ Բերգլոֆի հետ երեկ հրավիրված ասուլիսում ներկա էր զեկույցը մանրամասն ուսումնասիրած ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, որը հայտարարեց, թե բանկի արձանագրած 8,5 տոկոս աճը պարզապես կանխատեսում է եղել, որը կատարվել է շատ ավելի վաղ: Սակայն պարոն նախարարի այս պնդումը կարելի է, մեղմ ասած, վերապահումով ընդունել: Բանն այն է, որ արդեն հինգ-վեց տարի է՝ Հայաստանի Վիճվարչությունը ազդարարում է մեր երկրի երկնիշ տնտեսական աճի մասին: Նույնն է եղել նաեւ անցած տարվա բոլոր ամիսներին եւ այն ժամանակ, երբ Եվրոբանկը կատարել է իր կանխատեսումները: Մեր հարցին, թե ինչի՞ հիման վրա է ՎԶԵԲ-ը նման զգալի տարբերությամբ կանխատեսում կատարել, հիմնական զեկուցող Է.Բերգլոֆը պատասխանեց, թե իրենց հաղորդագրության մեջ ներկայացված թիվը ճիշտ չէ: Պարոն Բերգլոֆը, սակայն, այդպես էլ չասաց, թե որն է ճիշտ թիվը: Ակնհայտ է, որ այս հարցում Ն.Երիցյանի եւ Է.Բերգլոֆի պատասխաններն էապես տարբերվում են: Եվ ստացվում է, որ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցն ավելի քան 60 տոկոս շեղումով կանխատեսում է անում, հետո դրա պատասխանը չի կարողանում տալ: Ուրեմն չի բացառվում, որ Եվրոբանկը նման շեղումներով կանխատեսումներ անի նաեւ իր տնտեսական մյուս հետազոտությունների մեջ: Բայց, երբ հիշում ենք, որ այդ ՎԶԵԲ-ը հետազոտություններ կատարելուց բացի՝ բանկերին ու ֆինանսական այլ կառույցներին խոշոր վարկեր է տրամադրում, ապա քիչ հավանական է, որ Եվրոբանկը սխալ կանխատեսում է արել: ՎԶԵԲ-ից վարկ են վերցնում նաեւ հայկական բանկերը: Անցած տարեվերջին, օրինակ, վարկ վերցրեցին «Հայէկոնոմբանկն» ու «Արարատ բանկը»: Այնպես որ, քիչ հավանական է, որ Եվրոբանկը սխալ հաշվարկ կատարած լինի եւ իր հաղորդագրությունն էլ վերնագրի այդ հաշվարկի հիման վրա: Եվ իսկապես չի բացառվում, որ 8.5 տոկոսը Հայաստանի տնտեսության զարգացման իրական պատկերն է: Եվ Է.Բերգլոֆի` մեկնաբանությունից հրաժարվելը ամենայն հավանականությամբ Ն.Երիցյանին անհարմար վիճակից փրկելու քայլ էր: Բոլոր դեպքերում, Եվրոբանկը ԱՊՀ երկրների շրջանակում Հայաստանին համարում է անցումային բարեփոխումների առաջատար: «Սակայն կարեւոր է, որ Հայաստանում հատկապես ներկրումների մասով հեշտանա շուկա մտնելը, բարելավվի օրենքի գերիշխանությունը, ԶԼՄ-ների աշխատանքն ավելի անկախ դառնա, խթանվի տնտեսական բազմազանությունը»,- ասում է Է.Բերգլոֆը: Տնտեսագետի խոսքերով՝ Հայաստանը նավթային տնտեսություն է առանց նավթի: Տվյալ դեպքում Է.Բերգլոֆը նավթ է համարում մեր երկիր հոսող տրանսֆերտները, որոնցից մեծապես կախված է Հայաստանի տնտեսական զարգացումը: ՎԶԵԲ-ի մասնագետը գտնում է, որ պետք է ճանապարհներ գտնել ֆինանսավորելու նաեւ տնտեսության իրական հատվածը, որպեսզի զարգացումը թոթափի շինարարական ոլորտից ունեցած կախվածությունը: ՎԶԵԲ-ի մասնագետները պարզել են, որ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանի հասարակության շրջանում կա շատ մեծ դժգոհություն: Մեծ է դժգոհությունը հատկապես առողջապահության ու կրթության ոլորտների նկատմամբ: Էրիկ Բերգլոֆն առաջին անգամ է Հայաստանում, սակայն հասցրել է նկատել երկու երեւույթ: «Նախ զգացել եմ, որ ԱՊՀ մյուս երկրների հետ համեմատած՝ Հայաստանում տնտեսական բարեփոխումները լավ են ընթացել: Եվ նկատել եմ, որ դժգոհությունն այստեղ բավականին բարձր մակարդակի վրա է»,- ասում է տնտեսագետը:
Բացի այդ, պարոն Բերգլոֆի կարծիքով՝ մեր երկրում արդեն բավական դանդաղել են բարեփոխումները, եւ արձանագրվող աճը հավանաբար ավելի վաղ կատարված բարեփոխումների արդյունք է: Եվրոբանկի մասնագետի կարծիքով՝ Հայաստանի առջեւ կանգնած խնդիրներն անցումային շրջանի որոշ թերությունների արդյունքն են:
Ավելացնենք, որ Եվրոբանկի զեկույցը վերաբերում էր տարածաշրջանի տնտեսական զարգացման միտումներին: Տարածաշրջանը Եվրոբանկի համար ընդգրկում է թվով 61 եվրոպական, ասիական եւ ԱՊՀ երկրներ: Եվ ահա այդ շրջանակում տնտեսական զարգացման աստիճան ունեցող երկիրը Ադրբեջանն է, որի համար ՎԶԵԲ-ն այս տարի կանխատեսել է 25 տոկոս ՀՆԱ-ի աճ: Ռուսաստանում սպասում է 6,5 տոկոս աճ: Եվրոբանկի կանխատեսումներով՝ այս տարի տարածաշրջանում սպասվում է ընդհանուր 6,1 տոկոս աճ: Բանկը կանխատեսել է նաեւ տարածաշրջանում գնաճի միտումները: Եվ ահա Ադրբեջանում այն կլինի 16 տոկոս, Եվրոպայում եւ Բալթյան երկրներում՝ 5,2 տոկոս:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հաղորդագրություն տարածվեց, թե զեկույցում տեղ է գտել տեխնիկական վրիպակ՝ 2007թ. Հայաստանի տնտեսական աճը ոչ թե 8,5, այլ 13,8 տոկոս է եղել: Հիշեցնենք, որ միջոցառման ժամանակ բանկի տնտեսագետը առաջին թիվը սխալ համարելով՝ չէր ասել ճիշտ թիվը: Սակայն համեմատելու համար նշենք, որ ՎԶԵԲ-ը 2008 թվականին էլ Հայաստանում կանխատեսում է 8 տոկոս աճ: Այսինքն, մեր տնտեսությունն այս տարի պետք է ավելի քան 60 տոկոսով դանդաղեցնի իր աճը: Թե ի՞նչ պատճառներով, բանկի մասնագետները նորից չէին պարզաբանել: Մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկը 2008թ. համար կանխատեսել էր 10-11 տոկոս աճ: