Ըստ «Արմենպրեսի»` կապանցիները փետրվարի 24-ին «Տեր կանգնենք մեր ձայներին» կոչերով հանրահավաք են կազմակերպել` սատարելու ՀՀ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին: «Կապանցիներն իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Նրանք ընտրել են` հանուն իրենց ընտանիքների անվտանգության, իրենց երկրի զարգացման, կայունության: Եվ այսօր մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր ձայնին, սատարել մեր ընտրած նախագահին»,- ասել է Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանը: Հանրահավաքում ելույթ ունեցողները նշել են, որ Կապանում նախագահի ընտրությունն անցել է առանց լուրջ միջադեպերի, առանց խախտումների, ազատ, արդար ու թափանցիկ, որի արդյունքում ամենաշատ քվե հավաքել է Ս. Սարգսյանը: «Արմենպրեսի» փոխանցմամբ` հանրահավաքի մասնակիցները նաեւ դատապարտել են այս օրերին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքները մայրաքաղաքում` այն համարելով «ոտնձգություն պետության հեղինակության դեմ»: Նույն օրը հանրահավաք է եղել նաեւ Վանաձորի Հայքի հրապարակում: «Դպրոցների, հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների, երիտասարդների, համայնքապետերի, վետերանների ելույթներում գերակշռել են միասնության կոչերն ու նախագահին աջակցելու պատրաստակամությունը: Մեկ անգամ եւս հիշեցվել է նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ժողովրդի ծանր կացության մասին, ինչի վառ ապացույցն են Վանաձորին հարակից լեռների անտառազուրկ, լերկ լանջերը»,- փոխանցում է «Արմենպրեսը»: