Երեկ Ազատության հրապարակում արդեն 2-րդ օրը շարունակվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հանրահավաքը: Նրա գլխավորած շարժմանը միանալու մասին հայտարարել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը (վերջինս իր այս քայլից անմիջապես հետո ազատվել է պաշտոնից), ԱԺ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների 7 պատգամավորներ, որոնց անունից հանրահավաքում հայտարարություն ընթերցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Ղազարյանը («Վեդի Ալկո» ընկերության նախագահը): Ուշ երեկոյան, սակայն, լուրեր տարածվեցին, թե այդ 7 պատգամավորներից երեքը չեն ստորագրել նշյալ հայտարարության տակ: Երեկ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը դատապարտող հայտարարություններ են արել ՀՀ նախագահի մի քանի թեկնածուներ: ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը հրաժարական է տվել ԱԺ փոխնախագահի պաշտոնից եւ հայտարարել, որ այսօր ընդվզումի ճանապարհով գնացող քաղաքական ուժերը պետք է հիշեն, թե նրանք ինչ հանցանք են գործել` կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է, որ դա «պայքար է ատելության ալիքի վրա»: Իսկ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթող ճանաչված ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի, եթե ընդդիմության բողոքի ցույցերի մասնակիցները խախտեն օրենքը: Եվ միայն նախագահական ընտրություններում ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուներից Արման Մելիքյանն է հայտարարել, որ ստեղծված իրավիճակը հղի է անցանկալի հետեւանքներով, ու պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել ընդդիմության եւ իշխանության միջեւ` ճգնաժամը հաղթահարելու նպատակով բանակցություններ անցկացնելու համար: