Շուրջօրյա ակցիա ազատության հրապարակում

26/02/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեւանի Ազատության հրապարակում երեկ արդեն երկրորդ օրը շարունակվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրան սատարող ուժերի հանրահավաքը:

Փետրվարի 21-ին մեկնարկած բողոքի ակցիան չի ընդհատվում եւ կրում է շուրջօրյա բնույթ: Ազատության հրապարակը վերածվել է վրանային հրապարակի: Հազարավոր մարդիկ գիշերն անցկացնում են հրապարակում՝ վրանների մեջ: Տեղադրված են նաեւ վառարաններ, գիշերը տեղ-տեղ խարույկներ են վառվում, մարդկանց սնունդ է բաժանվում: Մարդիկ հրապարակում պարում են, ժամանակ առ ժամանակ հրավառություն է լինում: Ներկաները նաեւ պարբերաբար թարմ տեղեկատվություն են ստանում հարթակից: Ակցիայի մասնակիցները, փաստելով, որ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրության արդյունքները կեղծվել են, պատկան մարմիններից պահանջում են պատժել ընտրակեղծարարներին: Առաջին նախագահի գլխավորած շարժմանն ամեն ժամ նորանոր մարդիկ են միանում՝ պատգամավորներ, պետական պաշտոնյաներ: Նախօրեին Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ համազգային շարժմանն են միացել պաշտպանության երկու փխնախարարներ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը: Երեկ շարժմանը միացավ նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: «Ես շատ ընտրություններ եմ տեսել, բայց այն կեղծիքների մասշտաբները, այն բռնությունները, այն ծեծը, այն ջարդը, այն ահաբեկումները, որոնք կատարվել են այս ընտրությունների ժամանակ, չի եղել երբեք»,- հանրահավաքում երեկ հայտարարեց նա: «Ես ձեզ կոչ եմ անում ու խնդրում եմ, որ տեր կանգնեք ձեր ընտրությանը»,- շարունակեց նա: Գ. Ջհանգիրյանը, ով գլխավորել է «Հոկտեմբերի 27»-ի գործի, այնուհետեւ՝ դրանից անջատված մասով նախաքննություն իրականացնող քննչական խումբը, անդրադարձավ նաեւ այդ գործին՝ ասելով. «Ես ազնիվ չէի լինի ինքս ինձ հետ, եթե ես «27»-ը այստեղ չքննարկեի ձեզ հետ: Ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին: Բայց անջատված մասով քրեական գործի վարույթն ապօրինի կարճվեց, կարճվեց Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով: Եվ այս անջատված մասով քննությունն առջեւում է: Եվ ես ձեզ խոստանում եմ, եթե դուք օգնեք, օգնեք ընտրված նախագահին, օգնեք ինձ՝ կհասցնենք մինչեւ վերջ: Ես դիմում եմ Վազգենի բոլոր ընկերներին, Վազգենի բոլոր զինակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են վազգենական: Ես դիմում եմ բոլոր ազատամարտիկներին՝ անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ շապիկի տակ են կանգնած. տղանե՛ր, բավական է սեղանների շուրջ կենացներ ասելիս լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք: Օրը եկել է, պահը հասել է. տե՛ր կանգնեք այս երկրին,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը՝ հավելելով,- Ես իրավաբան եմ, ես ձեզ բռնությունների կոչ չեմ անում, բայց ասում եմ՝ չընկրկեք որեւէ մեկի առաջ, եւ այս երկրում չկա ոչ մի գեներալ, ոչ մի զինվորական, որը հայ ժողովրդի վրա ձեռք կբարձրացնի»: Նրա այս ելույթից հազիվ 1 ժամ էր անցել, երբ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին՝ Գ. Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու մասին: Մի քանի ժամ անց Գ. Ջհանգիրյանը դարձյալ ելույթ ունեցավ Ազատության հրապարակում՝ ասելով. «Ես արդեն նախկին դատախազ եմ: Եթե ես ելույթ ունենայի վարչապետ Սերժ Սարգսյանի հանրահավաքում, եթե ես մասնակցեի նրա ընտրարշավին, իմ պաշտոնական դիրքը չարաշահեի ի օգուտ նրա, ես կմնայի իմ պաշտոնին եւ գուցե ավելի բարձր պաշտոնի էլ արժանանայի: Բայց քանի որ ես ելույթ եմ ունեցել Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքում՝ ես ազատվել եմ աշխատանքից: Ես այդ վշտին մի քանի օր կդիմանամ»: Ի դեպ, հայրենի իրավապահները երեկ փակել էին Երեւանի որոշ բուհերի դռները՝ ուսանողներին թույլ չտալով մասնակցել Ազատության հրապարակի միջոցառումներին: Ոմանց անգամ բերման էին ենթարկել Ոստիկանության բաժիններ, սակայն մի քանի ժամ անց ստիպված էին բաց թողնել: Բազմաթիվ բուհերում, տարբեր ֆակուլտետներում ուսանողները դասադուլ են հայտարարել, իսկ դասախոսները՝ գործադուլ: Ազատության հրապարակում հավաքվածները երեկ մի պահ երկու մասի բաժանվեցին. մի մասը մնաց հրապարակում, իսկ ուսանողներն ու երիտասարդները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատժել ընտրակեղծարարներին: Երթը Գլխավոր դատախազության մոտից անցավ կառավարության շենքի մոտ, այնուհետեւ վերադարձավ Ազատության հրապարակ: Ի դեպ, Դատախազության եւ կառավարության շենքերի մոտ խիտ շարքերով կանգնած էին Ոստիկանության աշխատակիցները՝ վահաններով եւ ռետինե մահակներով: Ցուցարարները պահանջում էին նաեւ ազատ արձակել առավոտյան Ոստիկանության բաժիններ տարված ուսանողներին, որոնց, ինչպես նշեցինք, երթից հետո բաց թողեցին: Այն փողոցներում, որտեղով անցնում էին երթի մասնակիցները, մարդիկ իրենց տան լուսամուտներից, պատշգամբներից միանում էին երթի մասնակիցների կոչերին: Իսկ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանն են միացել նաեւ ԱԺ 7 ազատամարտիկ պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Ղազարյանը («Վեդի Ալկո» ընկերության նախագահ), Հրանտ Գրիգորյանը (գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին), Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը եւ անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Մանվել Ղազարյանը, որը հանրահավաքում ընթերցեց 7 պատգամավորների ստորագրած հայտարարությունը: Երեկ եւս մի երթ տեղի ունեցավ. Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Հակոբ Հակոբյանի եւ «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի գլխավորությամբ Ազատության հրապարակից երթով շարժվեցին ԿԸՀ եւ աշխատակազմի ղեկավարին հանձնեցին Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հայտարարությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ ձայների վերահաշվարկի համար իրենք հանձնաժողովներին են ներկայացրել 300-ից ավելի հայտ, որոնցից բավարարվել է միայն մեկը: Այդ տեղամասում պարզվել է, որ Լ. Տեր-Պետրոսյանի օգտին 100-ից ավելի քվեաթերթիկ դրվել է անվավեր քվեաթերթիկների վրա: Դրանից հետո հանձնաժողովը դադարեցրել է վերահաշվարկի գործընթացը, համոզված լինելով, որ նույն պատկերն է բացահայտվելու մյուս տեղամասերում: Հայտարարության հեղինակները համոզված են, որ եթե ԿԸՀ-ն միջոցներ չձեռնարկի, վերջնականապես կդառնա «ավազակապետության վերարտադրման հիմնական գործիքը», որը հավասարապես կկիսի օրենքով սահմանված պատասխանատվությունը: