Ինչի՞ շուրջ էր պայմանավորվել Արթուր Բաղդասարյանը

13/05/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
օրինագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դեռեւս եզրակացություն չի
ներկայացրել, իսկ թե ի՞նչ փաստաթուղթ էր պատրաստվում ԱԺ նախորդ
քառօրյայում մեծ օրակարգ ընդգրկել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ հայտնի
չէ: Ի պատասխան պատգամավորների դժգոհություններին, որի արդյունքում այն
չընդգրկվեց օրակարգում, Ա. Բաղդասարյանը հայտարարել էր, թե «կա քաղաքական
համաձայնություն՝ հարցը մտցնել օրակարգ, բայց չքննարկել»: ԱԺ փոխնախագահ
Տիգրան Թորոսյանին խնդրեցինք մեկնաբանել այս եւ մի շարք այլ հարցեր:

– Ինչպե՞ս եք մեկնաբանում Ա. Բաղդասարյանի հայտարարությունը, թե՝ կա
քաղաքական համաձայնություն հարցն ընդգրկելու օրակարգում, բայց
չքննարկելու:

– Ցավոք, օրակարգի հաստատման սկզբին ես ներկա չէի, ընթացքից եմ մասնակցել:
«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
օրինագիծն օրակարգում չի ընդգրկվել, որովհետեւ շատ ճիշտ եւ հստակ
հարցադրումներ են արվել, թե ինչպես կարող է որեւէ նախագիծ մտնել, երբ այդ
նախագիծը դեռեւս գոյություն չունի: Բնականաբար, նախագիծը չմտավ օրակարգ:

– Արթուր Բաղդասարյանը տեղյա՞կ չէր, որ գոյություն չունի նման փաստաթուղթ, կամ՝ հնարավո՞ր չէր նախապես իմանալ՝ կա՞, թե՞ ոչ:

– Ճիշտն ասած, ես կարող եմ ասել այն բաների մասին, որոնց ես եմ տեղյակ:
Իսկ թե պարոն Բաղդասարյանը կամ այլք ինչին են տեղյակ, ինչին՝ ոչ, իրենք
կարող են պատասխանել: Բայց համոզված եմ, որ ԱԺ նախագահն, իհարկե, տեղյակ
էր, որ նախագիծը դեռեւս պատրաստ չէ եւ բաժանված չէ պատգամավորներին,
գլխադասային հանձնաժողովներին: Մենք ԱԺ-ում այդ հարցն օրակարգ մտցնելու
մասին որոշում չենք ընդունել:

– ԸՕ-ում, բացի ընտրահանձնաժողովներում քաղաքական ուժերի
ներկայացուցիչների միջեւ տեղերի բաշխումից, ուրիշ ի՞նչ վիճահարույց
դրույթներ կան:

– Ճիշտն ասած, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է այդ հարցի շուրջ
քննարկում տեղի ունեցել: Նախագիծն այսօր ուղարկված է ԵԱՀԿ
Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի եւ Վենետիկի
հանձնաժողովի փորձագետներին ու դեռեւս եզրակացություն չկա, եւ այս
պարագայում դժվար է ասել՝ փորձագետների հետ կլինե՞ն արդյոք վիճահարույց
հարցեր, թե՞ ոչ: Եթե ինչ-ինչ հարցադրումներ էլ լինեն, ես կարծում եմ,
դրանց լուծումները կգտնվեն, եւ այն նախագիծը, որը կներկայացվի երկրորդ
ընթերցման, որեւէ լուրջ հարցադրում փորձագետների կողմից չի պարունակի:

– Նախնական փաստաթղթում ընտրահանձնաժողովներում տեղերի վերաբաշխումն ինչպիսի՞ն է:

– Փորձագետներն առաջարկել էին մի շարք տարբերակներ, դրանցից ընտրված է
երկուսը, եւ հիմա խորհրդարանն այդ երկու սկզբունքների վերաբերյալ սպասում
է նրանց եզրակացությանը:

– ԵԱՀԿ փորձագետները կարեւորում էին նախագահի ներկայացուցիչներին թվի կրճատում, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ:

 – Այն տարբերակներում, որոնք ուղարկվել են փորձագետներին, հանրապետության նախագահն ունենալու է մեկ անդամ ընտրահանձնաժողովում:

– Արդեն երկու անգամ ԱԺ քառօրյան տապալվում է, որը համընկնում է ԱԺ
նախագահ Արթուր Բաղդասարյանի գործուղումների հետ: Կարելի՞ է ենթադրել, որ
առանց Ա. Բաղդասարյանի ԱԺ մեծամասնությունը չի կարողանում ապահովել
հավաքվելն ու քվորում ապահովել:

– Կարծում եմ՝ ոչ, չի կարելի նման բան ասել: Կան բազմաթիվ գործոններ,
մասնավորապես ԱԺ-ում քվորում ապահովելու հետ կապված: Վերջին քառօրյայում
պետք է ուշադրություն դարձվեր այն հանգամանքին, որ նստաշրջանի 2, 3, 4-րդ
օրերին ԱԺ-ից բացակայում էին երկու տասնյակից ավելի պատգամավորներ: Երբեմն
որոշ պատգամավորներ մեխանիկորեն հաշվարկներ են անում, ասում են՝ դե լավ,
20 հոգի քաղաքում չեն, մի 20 հոգի էլ ընդդիմությունն է, իսկ ո՞ւր են
մյուսները, ուրեմն հնարավոր էր քվորում ապահովել, չի ապահովել, ուրեմն
այդտեղ թաքնված նպատակներ կան: Բայց այդ մարդիկ մոռանում են, որ այս երկու
խմբերից բացի կան պատգամավորներ, որոնք չեն գալիս ԱԺ աշխատանքներին:
Հաշվարկների համար պարզ մեխանիզմ կա: Այն օրերին, երբ քվորում ապահովվում
է, դահլիճում լինում է մոտ 70 պատգամավոր, եւ եթե հաշվի առնենք, որ այս
քառօրյայի ընթացքում Հայաստանից բացակայող պատգամավորների բացարձակ
մեծամասնությունը հենց այդ 70-ի մեջ մտնողներն էին, ապա շատ պարզ կդառնար,
որ քվորում հնարավոր չէր ապահովել, եթե հատուկ միջոցներ չօգտագործվեին:
Այն ձեւերով, որով նախորդ քառօրյաներում քվորում է ապահովվել, այդ ձեւերով
հնարավոր չէր այս անգամ անել, որովհետեւ 70-75-ից հանես 20 կամ 25՝
կստացվի 50 կամ մի քիչ ավելի: Կարող էր՝ այս քառօրյային 35-ի փոխարեն մի
քանի պատգամավոր ավելի լինեին դահլիճում, բայց իսկապես այդ մարդիկ
տեսնելով, որ դա ոչինչ չի փոխելու, չեն եկել: Այնպես որ, այդ
վերլուծություններն իրականության հետ որեւէ կապ չունեն:

– Իսկ ինչպե՞ս կբացատրեք շրջանառվող այն լուրերը, որ Տիգրան Թորոսյանի եւ Գալուստ Սահակյանի ջանքերով հերթական քառօրյան տապալվեց:

– Դա համարում եմ հիմարություն: Հայաստանում ընդունված է ամեն մի
անհեթեթություն տարածել, եւ դժբախտաբար, իրականության մեջ այդ
բամբասանքները բացարձակ մեծամասնություն են: Փոխարենը, գործ արվի, մարդիկ
զբաղված են այդ անհեթեթությունները տարածելով: