Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը երեկ «Հայելի» ակումբում քննարկում էին նախընտրական ու հետընտրական իրադարձությունները:
Հենց սկզբից երկու բանախոսները ընդգծեցին, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն ու մասնակցությունը իմաստ մեծ ու հետաքրքրություն առաջացրեցին այս նախագահական ընտրություններին: Ա. Իսկանդարյանի խոսքերով` Լ.Տեր-Պետրոսյանը տասը տարի ընդհանրապես մասնակցություն չունենալով Հայաստանում կատարվող հասարակական, քաղաքական եւ այլ իրադարձություններին՝ ընդամենը երեք-չորս ամիսների ընթացքում կարողացավ իր շուրջ համախմբել մեծ զանգվածների եւ նորից հաջողության հասնել քաղաքական դաշտում: Եվ պարոն Իսկանդարյանի կարծիքով, այս ժողովրդական շարժումը համախմբված է ոչ թե ՀՀՇ-ի կամ քաղաքական որեւէ ուժի, այլ կոնկրետ անձի՝ Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ, ով կարողացել է միավորել ընդդիմադիր այն զանգվածներին, որոնք դժգոհ են սոցիալական վիճակից, իշխանություններից եւ երկրում կատարվող շատ այլ երեւույթներից: Ու հիմա Ազատության հրապարակում այդ նույն զանգվածները Լ.Տեր-Պետրոսյանի հետ միասին փորձում են տեր կանգնել իրենց քվեներին եւ փոխել ընտրությունների արդյունքը: Ըստ Ա. Իսկանդարյանի` Տեր-Պետրոսյանը կարողացավ մյուս հինգ թեկնածուներից ավելի շատ ընտրազանգված ապահովել: «Դա վիթխարի արդյունք է: Կարեւոր չէ, թե փետրվարի 19-ին որքան ձեռքեր են քվեարկել, կարեւոր է, թե որքան ոտքեր կգան եւ կկանգնեն հրապարակում: Մեզ բոլորիս հայտնի է, թե ինչ է պետք անել ընտրությունների արդյունքը փոխելու համար՝ 500.000 մարդ ընդամենը երկու շաբաթ պետք է գնան ու կանգնեն հրապարակում»,- համոզված է քաղաքագետը:
Ստեփան Սաֆարյանն էլ փետրվարի 19-ի ընտրությունները «շատ մեծ վերապահումով» է ընտրություն կոչում: «Ժառանգությունն» այդ օրն իր գրասենյակում ստեղծել էր ընտրությունների ընթացքը վերահսկող կենտրոն եւ ստացել բազմաթիվ ահազանգեր: «Այդ ահազանգերը վկայեցին, որ Հայաստանում ընտրական համակարգը, ըստ էության, ոչնչացված է, եւ ընտրական հանձնաժողովներում իրական առճակատման իրավիճակի հետ գործ ունենք: Դիտարկելով ընտրություններից հետո հրապարակված արդյունքները, հատկապես այն տեղամասերում, որտեղ ընտրությունները քիչ թե շատ հանգիստ էին ընթացել, գոնե ինձ համար ակնհայտ էր, որ եթե չլինեին այդ մասշտաբի ընտրակեղծիքներ, երկրորդ փուլը պարզապես անխուսափելի էր: Քվեաթերթիկների հաշվման ընթացքում տոտալ հոսանքազրկումներ եւ լցոնումներ էին տեղի ունենում Էրեբունիում, Սյունիքում: Ծեծեցին 3 պատգամավորի եւ լրագրողների: Նման բռնարարքներով ուղեկցվող միջոցառումը չի կարելի ընտրություն անվանել»,- ասում է Ս. Սաֆարյանը:
Բանախոսներն անդրադարձան նաեւ փետրվարի 19-ի ընտրությունների մասին միջազգային դիտորդական կազմակերպությունների գնահատականներին: Ըստ բանախոսների` նրանք այդպիսի գնահատականներով ավելի շատ են թեժացնում իրավիճակը: Նրանց կարծիքով, մեր հասարակությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել նման զեկույցների ու գնահատականների նկատմամբ: Բացի այդ, Հայաստանի ընտրողներն այլեւս այնքան էլ լուրջ չեն վերաբերվում այդ առաքելություններին ու գնահատականներին: Ընտրությունների հաջորդ օրը ԵԱՀԿ եւ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելությունները հայտարարել էին, թե իրենք ընտրությունների արդյունքին վերաբերող գնահատականներ չեն տալիս, այլ գնահատում են ընտրությունների ընթացքը: «Բոլորս էլ հիշում ենք, որ ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո հնչեցին շատ խիստ գնահատականներ, այն դեպքում, երբ այդ ընտրություններն անցել էին առանց պատգամավորների ու լրագրողների ծեծի եւ առանց առեւանգումների»,- ասաց Ս. Սաֆարյանը: Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Վաշինգտոնը մտահոգված է ՀՀ նախագահական ընտրություններում ձայների հաշվարկման ժամանակ տեղ գտած խնդիրների մասին հաղորդումներով: Չնայած այդ մտահոգությանը, սակայն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, փետրվարի 22-ին մեկնաբանելով իր գործընկեր` Պետքարտուղարության խոսնակ Էդգար Վասկեսի հայտարարությունը, թեեւ նշել է, որ ամերիկյան կողմը մտահոգված է փետրվարի 19-ին ՀՀ նախագահական ընտրություններում ձայների հաշվարկին առնչվող խնդիրների մասին հաղորդագրություններով, բայցեւ ավելացրել է. «Դա չի նշանակում, թե մենք կասկածի տակ ենք առնում նախագահի ընտրության արդյունքները, սակայն մենք դեռեւս պատրաստ չենք հայտարարել, որ բոլոր հնչեցված մտահոգությունները լիակատար կերպով հետազոտվել են: Դրա համար կպահանջվի մի փոքր ավելի շատ ժամանակ, ինչպես եղավ Վրաստանում հունվարի 5-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների դեպքում: Մենք ծանոթ ենք ԵԱՀԿ-ի եւ Խավիեր Սոլանայի հայտարարություններին ու համաձայն ենք դրանցում ներառված գնահատականներին»: Ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ս. Սաֆարյանի` Պետդեպարտամենտի հնչեցրած «այդ կոշտ գնահատականներից հետո շնորհավորանքների շքերթն ընդհատվել է»: Ս. Սաֆարյանը կարծում է, որ ներկայիս պայմաններում «ընդդիմությունը միշտ ծնվելու է»: Ըստ նրա, եթե Ազատության հրապարակում թափ առած ալիքը մի փոքր էլ մեծանա` պետական իշխանությունը փակուղու մեջ կհայտնվի: Սակայն, պարոն Սաֆարյանը չբացառեց նաեւ, որ եթե հանրահավաքի կազմակերպիչները շարունակեն սահմանափակվել միայն պահանջներով եւ հրապարակում հավաքվելով, ապա «բռնկված կրակը կարող է մարել»: Երեկ արդեն հանրահավաքի մասնակիցները դժգոհում էին, որ կոնկրետ գործողություններ չեն իրականացվում: Նրանք հանրահավաքի կազմակերպիչներից պահանջում էին հնչեցրած սպառնալիքներն իրականացնել «հիմա»: «Ես ծանոթ չեմ կազմակերպիչների գործողությունների ծրագրին, բայց, այո, կարծում եմ, որ արդեն կոնկրետ գործողությունների ժամանակն է»,- ասաց Ս. Սաֆարյանը: Նա անդրադարձավ նաեւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի՝ երկու օր առաջ հանրահավաքի ժամանակ հնչեցրած ելույթին: Երբ Հ. Բիշարյանը բարձրացավ Ազատության հրապարակի հարթակ, մասնակիցներին թվաց, թե նա եկել է հայտարարելու, որ ՕԵԿ-ն էլ է միանալու այդ շարժմանը: Սակայն պարզվեց, որ տիկին Բիշարյանը եկել էր ընդամենը օգտագործելու այդ ժողովրդական մեծ լսարանը եւ հնչեցնելու սեփական կուսակցության հայտարարությունը: Դա կարծես անակնկալ էր հանրահավաքի թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար: «Այո, մինչեւ Հեղինե Բիշարյանին հայտարարություն անելու հնարավորություն տալը, կազմակերպիչները պետք է տեղեկանային, թե ով է ելույթ ունենում եւ ինչից է նա խոսելու: Ոչ թե գրաքննություն մտցնեն, թե ով ինչ խոսի, այլ պարզապես իմանան, թե ինչ պատկեր է ձեւավորում տվյալ ելույթ ունեցողը: Բայց կարծում եմ, որ տիկին Բիշարյանի ելույթը հակառակ էֆեկտն ունեցավ եւ ժողովրդի մոտ դժգոհություն առաջացրեց իր կուսակցության եւ ղեկավարների նկատմամբ»,- ասաց Ս. Սաֆարյանը: