Թուրքական բախում Երեւանում

13/05/2005

«Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» միջազգային համաժողովը
ապրիլի 20-ին լուսաբանելու էր եկել նաեւ թուրքական TRT1
հեռուստաընկերության նկարահանող խումբը, որին որպես խորհրդական կցված էր
Թուրքական պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավար, պատմաբան
Քեմալ Չիչեկը: Վերջինս հայտնի է որպես ցեղասպանության հանդեպ թուրքական
պետական գաղափարախոսության մոլի կրող, որը չի ընդունում հայոց
ցեղասպանության փաստը: TRT1-ի լրագրողական խմբին հատկապես հետաքրքրում էր
Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի՝ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Անդրանիկ
Մարգարյանին հղած նամակին չպատասխանելու հանգամանքը: ՀՀ վարչապետ Ա.
Մարգարյանը թուրք լրագրողին ասել էր, թե նամակին պատասխան կտրվի
ցեղասպանության 90-ամյա տարելիցի միջոցառումների ավարտից հետո:
«Արմենիա-Մերիոթ» հյուրանոցի սրահներից մեկում Էրդողանի նամակի՝ հարցի
քննարկման համար համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկության մասին Ք.
Չիչեկն ասաց. «Մեր վարչապետն առաջարկում է առաջիկայում երկու կողմերը
թուրք, հայ եւ օտարերկրացի պատմաբանների խմբերից բաղկացած հանձնաժողով
ստեղծել՝ քննարկելու համար ցեղասպանության հարցը: Եթե հանձնաժողովի
մեծամասնությունը կընդունի, որ 1915 թվականը ցեղասպանություն է, ապա
Թուրքիան պաշտոնապես կճանաչի ցեղասպանությունը, եւ հակառակը»: Չիչեկը մեր
այն հարցին, թե ինչու են հատկապես այս օրերին նման նամակ ուղարկել,
սկզբում ասաց, թե չգիտի, քանի որ ինքը կառավարություն չի ներկայացնում,
ապա ավելացրեց, որ Հայկական հարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության
օրակարգում առաջին տեղում չէ. «Եվ սա Առաջին Համաշխարհային պատերազմի
ընդամենը մի փոքր հատվածն է, եւ դա ես կբնութագրեի այսպես՝ հայերին մի
տեղից վերցրել-տեղափոխել են մեկ այլ տեղ»: Այնուամենայնիվ, Չիչեկն իր
խոսքում մի քանի անգամ օգտագործում էր «հայոց ցեղասպանություն»
արտահայտությունը: Չիչեկն, ի դեպ, չէր ցանկանում հրապարակել, TRT1-ի հետ
եկել էր որպես խորհրդատու: Եվ ամենակարեւորը. համաժողովի սրահի միջանցքում
կոշտ ընդհարում տեղի ունեցավ երկու թուրք պատմաբանների միջեւ՝ հայոց
ցեղասպանությունն ընդունող եւ Հայկական հարցի մասին բազմաթիվ գրքերի
հեղինակ Թաներ Աքչամի եւ Քեմալ Չիչեկի միջեւ: Համաժողովի մասնակից մեկ այլ
պատմաբան փորձեց միմյանց հետ անձամբ ծանոթացնել Աքչամին եւ Չիչեկին՝
նախապես տեղյակ չպահելով Աքչամին, թե ում հետ է ցանկանում ծանոթացնել: Եվ
երբ Աքչամը տեսավ Չիչեկին, զայրացած բացականչեց, թե՝ «Այս ո՞ւմ հետ ես
ուզում ծանոթացնել, Չիչեկը նախեւառաջ պետք է ինձանից հրապարակավ
ներողություն խնդրի այս դահլիճի բեմից բոլորի առաջ, որից հետո նոր ես սրա
ձեռքը կսեղմեմ»: Մինեսոթա – Թուին Սիթիի համալսարանի պատմության
բաժանմունքի պրոֆեսոր Թաներ Աքչամի զայրույթը պայմանավորված էր նրանով, որ
Չիչեկը քննադատել էր Աքչամի հայոց ցեղասպանության ընդունման մասին գիրքը:
Աքչամը շրջվեց ու Չիչեկին կոպտելով հեռացավ: