«Շտորմ Ինթերնեյշնըլը» գալիս է Հայաստան

26/02/2008

Ռուսաստանյան «Շտորմ Ինթերնեյշնըլ» ընկերությունն այս տարի խաղատներ է բացելու Կոստա Ռիկայում ու Հայաստանում եւ, հնարավոր է` հրաժարվի բիզնես անել Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Բոթչերը: ՌԴ-ում ընդունված օրենքով, որը նախատեսվում է կիրառել 2009թ. հուլիսից, խաղատները պետք է դուրս բերվեն Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից: Երկրում դրանց համար հատկացվում են 4 շրջաններ` Կալինինգրադի մարզում, Սիբիրում, Ալթայի շրջանում եւ հարավում` Ազովի ծովի մոտ: Խաղատների եկամուտը Ռուսաստանում կազմում է տարեկան 7 միլիարդ դոլար: «Եթե օրենքը չփոխվի, մենք դուրս կգանք Ռուսաստանից»,- ասել է ծագումով բրիտանացի 60-ամյա Բոթչերը, ով 16 տարի առաջ Մոսկվայում հիմնադրել է «Շտորմ» խաղատունը: «Ազատության» հավաստմամբ` Հայաստանում «Շտորմ Ինթերնեյշնըլը» նախատեսում է խաղատուն բացել մայիսին` Երեւանի մոտ: Կատարվելու է 300 միլիոն դոլարի ներդրում. կառուցվելու է հյուրանոց, համերգային սրահ, առեւտրի կենտրոն, ռեստորան: