Գործնականում հնարավոր չէ

13/05/2005

Հունիս ամսին Երեւանի երեք համայնքներում՝ Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա եւ
Նորք-Մարաշ, տեղի կունենան ՏԻՄ ընտրությունները, սակայն մինչ օրս պարզ չէ,
ընտրություններն այդ համայնքներում կանցկացվեն Ընտրական օրենսգրքի արդեն
փոփոխվա՞ծ տարբերակով, թե՞ գործող օրենսգրքով: ԱԺ փոխնախագահ Տիգրան
Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «ԸՕ փոփոխությունները ենթադրում են մեկ
շատ կարեւոր խնդրի լուծում՝ ընտրական հանձնաժողովների անդամների
ուսուցում: Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է ուսուցում անցնեն, այս
պատճառով, կարծում եմ, առավել իրատեսական կլինի, եթե ԸՕ փոփոխություններով
անցկացվեն արդեն աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունները: Մինչ այդ, կարծում
եմ, գործնականում դժվար է հասցնել»: Իսկ հնարավո՞ր է, որ ԱԺ-ն չհասցնի այդ
փոփոխություններն ընդունել մինչ աշնանն անցկացվող ընտրությունները.
«Կարծում եմ, բավարար ժամանակ կա մինչեւ սեպտեմբեր, եւ, ըստ իս, մայիսին
այդ փոփոխությունները կընդունվեն ամբողջությամբ, եւ մնացած մի քանի ամսվա
ընթացքում, իհարկե, լարված աշխատանք կլինի, բայց գործնականում հնարավոր է
ապահովել, որ աշնանն անցկացվող ընտրություններն անցկացվեն հենց ԸՕ
փոփոխությունները հաշվի առնելով»,- վստահեցրեց Տ. Թորոսյանը: