Գյուղական պատմություն

26/02/2008

Մեծ դժգոհությամբ ես նստում եմ գրասեղանիս առաջ, նվագելու համար դաշնամուրս, այսինքն, պատմելու կարտոֆիլի անբերության մասին, որ պատահեց տարիներ առաջ մոտ երկու հարյուր մետր բարձրության բլրի վրա ընկած գյուղում: Դժվարությամբ ես ինձանից պոկում եմ մի պատմություն, որը պատմում է ոչ այլ բանի մասին, քան մի գեղջուկ աղջկա: Վերջինս, քանի գնում, այնքան ավելի չգիտեր, թե ինչով օգնի իրեն: Աստղերը փայլում էին երկնքում, գյուղի քահանան, որտեղ կատարվեց այն, ինչը ես այժմ ներկայացնում եմ, մաքուր դաշտում բացատրում էր իր պատանի խնամարկյալներին արեգակնային համակարգը: Գրողը լամպով լուսավորված սենյակում գրում էր իր ուռչող ստեղծագործությունները, երբ տեսիլքներից տանջահար գեղջկուհին անկողնուց ելավ, որպեսզի ջուրը նետվի, ինչն էլ որ նա արեց ծիծաղաշարժ ճարպկությամբ:

Երբ հաջորդ առավոտյան նրան գտան մի վիճակում, որն ուղղակիորեն մատնացույց էր անում այն, որ նրա կյանքն ընդհատվել է, այդ գյուղի բնակիչների մեջ հարց ծագեց, թաղե՞ն նրան, թե՞ ոչ: Ոչ ոք չէր ուզում դիպչել անշարժ պառկած անցավորությանը: Ժողովրդական անկամությունն ակնհայտ էր:

Գյուղաբնակը մոտեցավ խմբին, որը սկզբում հետաքրքրեց նրան կոմպոզիցիոն նկատառումներով, քանի որ ազատ ժամանակ նա նկարում էր: Այնինչ ղեկավարությունը նրա վրա առանձնահատուկ պարտավորություններ չէր դնում: Իսկ հիմա նա գյուղացիներին խոհեմության կոչ էր անում, սակայն նրա բոլոր փաստարկներն ապարդյուն էին, նրանք ոչ մի կերպ չէին ուզում գեղջկուհուն հողին հանձնել, կարծես թե մտածում էին, որ երբ նրանք անեն դա` իրենց ինչ-որ վատ բան կպատահի:

Տեղի կառավարիչը հեռացավ գրասենյակ, որը երեք պատուհան ուներ, որոնց միջից լույսի շող անգամ չէր թափանցում, եւ անցավ իրադարձության շարադրմանը, որի մասին պիտի հայտներ փոստով` մայրաքաղաքային վարչությանը:

Իսկ ի՞նչ եմ զգում ես, երբ մտածում եմ անբերության մասին, որ վրա է գալիս ավելի ու ավելի ահեղ ալիքներով:

Բնակիչներն անասելիորեն հյուծվել են: Ինչ սարսափելի է հացի կարոտը: Հենց նույն օրը մի գյուղացի, ով, ըստ համընդհանուր պատկերացման, լիովին բանիմաց մարդ էր, կրակեց կեռից կախված հրացանից, որն այնտեղից պոկեց անկեղծ ռամկական զայրույթով, պատուհանի տակով անցնողի վրա, ոչինչ չկասկածող ախոյանի, ով այնինչ բարձրագոչ տիրոլյան տոնայնությամբ երգում էր, ինչում էլ արտահայտվում էր նրա կենսուրախությունը: Նա հենց վերադառնում էր հարսի մոտ հաջողություն ունենալուց հետո, ով, թվում է՝ թե որոշում ընդունելու ունակ չէր, եւ սիրաշահում էր մեկ մեկին, մեկ` մյուսին, երկուսին էլ խոստանալով երկրային դրախտ:

Դեռեւս երբեք, այն օրից, ինչ ես գրականությամբ եմ զբաղված, ես չեմ գրել մի պատմվածք, ուր ինչ-որ մեկն ընկնում է փամփուշտից զարկված: Առաջին անգամ է, որ ինչ-որ մեկը պետք է խռխռացնի: Դե, անշուշտ, նրան մեկեն բարձրացրին ու տարան մոտակա հյուղակը: Տներ՝ որպես այդպիսին, հարմարավետության մասին մեր այժմյան պատկերացմամբ, գյուղերում այն ժամանակ չկային, միայն խղճուկ կացարաններ, որոնց ծղոտե կտուրները համարյա մինչեւ գետին էին հասնում` դրանք կարելի է պատկերացնել մի քանի պահպանված նմուշահատերով:

Երբ հարսնացուն՝ ծանր ազդրերով եւ ձիգ կեցվածքով գյուղական գեղեցկուհին, լսեց, թե ինչ է պատահել իր պատճառով, մեխվեց տեղում ուղիղ, մոմի պես` խորհրդածելով հնարավորինս խորը իր էության մասին: Մի արագիլ թռավ կապուտակ երկնքում գյուղական դրամայի գլխավերեւում, կտուցի մեջ երեխա տանելով: Թեթեւ քամու տակ շրշյունով շարժվեցին տերեւները: Այդ ամենը նկար էր հիշեցնում, միանգամայն անբնական փորագրանկար:

Ռոբերտ ՎԱԼԶԵՐ