Էնրիկե Վիլա Մատաս. այստեղ լալիս է ինքն՝ արձակը

26/02/2008

Հովանոցով հենվելով ձյունածածկ հողին, Ռոբերտ Վալզերն ասում է իր միակ ընկեր Կարլ Զելիգին` «Մի՞թե հաջողակ գրողի մեջ չկա ինչ-որ բան մարդասպանից»: Տարիներ անց Էլիաս Կանետին, ով խորապես հիանում էր Վալզերի արձակով եւ հավանաբար չգիտեր հաջողության եւ սպանության մասին նրա խոսքերը, կարծես թե զարգացնում է Վալզերի հարցը Զելիգին այսպիսի խոսքերով` «Յուրաքանչյուր գրողի, ով անուն է վաստակել եւ հավակնում է դրան, հիանալիորեն հայտնի է, որ հենց այդ պահից նա դադարում է գրող լինել, քանզի օգտագործում է սեփական դիրքը, ինչպես ինչ-որ բուրժուա: Չէ՞ որ, այդ, այսպես կոչված, գրողը երեւի թե գիտի մյուսներին, որոնք այն աստիճանի գրողներ էին, որ հենց այդ պատճառով երբեք չէին հանդգնի իրենց այդ անունով կոչել: Նրանք մահանում էին բոլորին անհայտ, կիսախեղդ եւ կարող էին ընտրել միայն չքավորի կյանքի եւ գժանոցում կալանվելու միջեւ»:

Հաջողակ գրողը` ասում է այդտեղ Կանետին` սպանում է մյուսներին, իսկական գրողներին, որոնք իրենից շատ ավելի արժանավոր են եւ որոնց նա զորու չէ իր կողքին տանելու, թեպետ լիովին պատրաստ է երկրպագելու, եթե նրանք հայտնվում են գժանոցում:

Ռոբերտ Վալզերը բացարձակապես չէր ուզում, որ իրեն մեծարեն, նույնիսկ գժանոցում, նա միայն մի բան էր ուզում` դառնալ զրո առանց մեկի, մեկուսանալ, անհետանալ: Ողջ իր ժառանգությունը` այդ հազարավոր խորհրդածություններով լի էջերը, որոնցում, թվում է, թե դույզն-ինչ կապակցվածություն չկա, եւ որոնցում, այդուհանդերձ, որոնվող կապ կա, որն ամեն քայլափոխին փայլկտում է, այդ ահարկու հիմքից զուրկ հսկայազանգվածը, այդ անակնկալ գանձը, ըստ էության, փախուստ է հաջողությունից եւ հենց գրից: Որքան էլ տարօրինակ թվա, Վալզերի ամենաուղղակի ժառանգներից է Ժորժ Պերեկը` առ ինֆրա-սովորականն՝ իր տենչով: Իհարկե, Վալզերի առաջին հետնորդներից էր Ֆրանց Կաֆկա անունով նրա մոլի ընթերցողը, բայց քանի որ պրահացի գրողի հիշատակումը որպես Վալզերի պարտապանի արդեն ձանձրացրել է, ըստ իս, վատ չէր լինի հիշատակել այստեղ Պերեկին, որպեսզի ընդլայնենք, այնուամենայնիվ, «Յակով ֆոն Գունտենի» (որը 20-րդ դարի ամենակարեւոր գրքերից մեկն է) հեղինակի առանց այն էլ ոչ նեղ գրական մերձավորների ցնորական շրջանակը:

Ըստ Պերեկի, սովորաբար մեզ հաղորդում են բացառապես արտասովոր, արտակարգ իրադարձությունների մասին եւ որքան հնարավոր է՝ խոշոր վերնագրերի ներքո. գնացքներն իրական են դառնում՝ միայն գծից դուրս գալուց, եւ, որքան ուղեւոր է զոհվում, այնքան մարդկանց գիտակցության մեջ պահպանվում է գնացքի իրական լինելը: Այստեղ եւ այնուհետեւ մեջբերվում է «Ինչի մասին հարցին» էսսեն, որով սկսվում է Ժորժ Պերեկի «Ինֆրա-սովորականը» գիրքը (հրատարակվել է 1989թ., ռուս. թարգմ. տես 2004 թ. հրատարակած «Ընդգրկել սովորականը» գրքում): Ըստ Պերեկի, իրադարձության ետեւում ուզում են եւ անհրաժեշտաբար սպասում են տեսնել սկանդալ, փլուզում, սպառնալիք, կարծես թե կյանքը բացահայտվում է միայն ընդմեջ տեսանելիի, միայն խոսքի միջոցով, եւ ողջ տպավորիչը, ողջ նշանակալին` անպատճառ նորմայից շեղում է, լինի դա բնական համաղետ, թե պատմական հեղաշրջում: Օրագրերը պատմում են ինչի մասին ասես, բացի հենց օրագրից: Պերեկը, իսկ նրանից շատ առաջ՝ Վալզերը, առաջարկում է հարցի տակ դնել ամենասովորականը։ «Կորցնելով հեռավորը,- ասում է Վալզերը Զելիգին,- առավել քնքշորեն ես նայում մերձավորին: Եթե ուզում ես քեզ բավարարված զգալ, ի՞նչը կարող է մարգագետնից, պուրակից եւ այլ համանման խաղաղ բաներից ավելի լավը լինել… Ինչ հաճելի է տեսնել աշխարհը, որպես տուն, որ կահավորել ես կիրակի օրվա համար»: Նա կենաց մեջ տեսնում է երջանիկ ճամփորդությունը, քանի որ Վալզերը, չնայած որեւէ մեկին կարող է այլ կերպ թվալ, միշտ եղել է կտրականապես երջանիկ մարդ: Եվ ընթերցելով նրան, նույնպիսի երջանկություն ես ապրում, նույնպիսի երջանկություն, ինչպես Ռոյ Օրբիսոնի «Say: youգre My girl» ուրախ, տառացիորեն բերկրանք ճառագող երգը լսելիս: (Ռոյ Օրբիսոն, բլյուզ եւ ռոք երգիչ, ծնվ. 1936թվ., հիշատակվում է նրա 1965 թ. գրված երգը): «Ահա հիմա,- կարդում ենք վալզերյան «Բանաստեղծի կյանքում»,- կանգնած եմ ես փողոցում, ծխում եմ, մտնում եմ քաղաքային պանդոկն ու մեկեն հափշտակվում եմ շրջապատով: «Ինչ հիանալի պուրակ է: Ինչ հիանալի պուրակ»` մտածում եմ ես»: Այստեղ Վալզերի աշխարհ տանող բանալիներից մեկն է: Նա երջանիկ է շրջապատի հետ իր կապով, եւ նրան առավել քան բավ է այդ շրջապատը, որպեսզի գրի ամենաինֆրա-սովորականի մասին, անձայն փաթիլվող ձյան մասին, Հյոլդերլինի մասին, ով` ասում է նա Զելիգին` «ամենեւին էլ այն նահատակը չէ, ինչպես նրան սովորաբար պատկերացնում են, քանզի կարող էր հանգիստ երազել անկյունում, ամեն ակնթարթ չզգալով, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտք»: Մարգագետինները, պուրակները, եւ ամեն ինչ:

«Ես չեմ թաքցնում, որ սիրում եմ թափառել եւ օրնիբուն կիլոմետրերով քայլել»,- գրում էր Վալզերը՝ չթաքցնելով նաեւ այն, որ տանել չի կարողանում իր «անմատույց գործընկերներին», ինչի մասին պատմել է Զելիգին ձյան վրա զբոսանքներից մեկի ժամանակ` «Այսօր գրողներն իրենց գոռոզամիտ անմատչելիությամբ ընթերցողին վախ են ազդում: Հազիվ թե այդ վեհապանծ վարվելաձեւը վկայում է այժմյան ժամանակների լավ ճաշակի մասին: Նախկինում ամեն ինչ ավելի համեստ էր, բնական: Իսկ այժմ նրանք բոլորն այնքան սնապարծ են: Սովորական մարդիկ պետք է նրանց առաջ գլուխ խոնարհեն: Դրանում ինչ-որ անառողջ բան կա»: Ընկերոջն ուղղված խոսքում թաքնված է Վալզերի գլխավոր հատկանիշներից մեկը` նրա արձակի անկեղծությունը (այդպիսին են եւ նրա պերսոնաժները, որոնք պահով են ապրում, եւ, եթե լալիս են, ապա նրանց հետ, անցողակի ասել է Վալտեր Բենիամինը, լալիս է ինքն արձակը), ընթերցողին ուղղված շիտակ տենդը, որ բնավ նման չէ պաղած ինտելեկտուալ թխած բաներին, որոնք` այսօր արդեն հիվանդության շեմին` նախկին մանրախնդրությամբ եւ ծիծաղաշարժ գոռոզամտությամբ, ունակ են լոկ վախեցնելու ընթերցողին: Վալզերի նկատած անառողջ հատկանիշներն այսօր հասել են աներեւակայելի սահմանների` ուզածդ անտաշ, որ արժանացել է, ասենք, մի քանի շաբաթ Նյու Յորքում անցկացնելու, դա բավարար հիմք է համարում այն բանի համար, որ ընթերցողին գավառացի համարի եւ նրան կուլտուրական գերազանցության դաս տա:

Ինչպես հասկանալի է Զելիգի գրքից, Վալզերը հազիվ թե կարող էր որեւէ խրատադաս տալ` գարեջրից եւ մթնշաղից զատ: Հենց այդ դասերն էլ ընթերցողին է հասցնում, նրան օգնական ծառայելով, անփոխարինելի Զելիգը, ում անշահախնդրությունը հիշեցնում է «Տաններ եղբայրների» ուսուցչուհի Հեդվիգայի անձնազոհությունը եւ մայրական խնամքը` նրան օգնական ծառայելով, ասացի ես, մտովի վերադառնալով վալզերյան նույնանուն «Օգնականը» գրքին: Բարեհաճ Զելիգը մշտապես այցելում էր Վալզերին եւ գրառում նրա դատողությունները, ժամանակի ընթացքում վերածելով դրանք շատ արժեքավոր նյութի յուրաքանչյուրի համար, ով սիրում է այդ անձայն փաթիլվող ձյան գիրը` այդ արձակը, որ լալիս է անհավատալի զրոյի վրա, ինչին վերածվել է հանգստության նախկին խռովարար Ռոբերտ Վալզերը: Ինչպես գրում է վերջաբանում Էլիո Ֆրյոլիխը, Զելիգն իր բարյացակամությամբ դարձավ իսկական «օգնականը» Վալզերի, ով երբեք չէր կամենում ապրել բանականության թելադրանքով, բայց ուզում էր լինել օտար հովանու ներքո, լինել ծառա, եւ ենթարկվելով ներսի ու դրսի հարկադրանքին, ինչ-որ պետքական եւ գեղեցիկ բան անել: «Երկար տարիներ,- գրում է Ֆրյոլիխը,- Զելիգը Վալզերի կյանքում կատարում էր կառավարի դերը: Սակայն նա մեղմ եւ համակրող կառավարիչ էր, ինչի ապացույցն է նրա սրտառուչ գիրքը»:

Վալզերյան գրի եւս մի բնութագիր, որը լրիվ պարզորոշ բացահայտվում է Զելիգի գրքում, նրա համառ դիմակայումն է գրողներին, որոնք, Թոմաս Մաննի նման, «Ջանադրաբար տնօրինում են իրենց գրասենյակում», այլ կերպ ասած՝ գրողների, որոնք միշտ աշխատանքի մեջ են, եւ որոնք, ինչպես Վալզերն է Զելիգին ասում. «Մշտապես այնպիսի տեսք ունեն, ասես խորասուզված իրենց աշխատանքի մեջ, բազմում են հաշվապահական գրքերով պահարանի առջեւի գրասեղանի մոտ»: Ի տարբերություն նրանց, Ռոբերտ Վալզերը լիաթոք շնչում է միայն զբոսնելիս: Նա շնչում է արձակով, որը շրջում է եւ չի թաքցնում, որ սիրում է թափառել, եւ, կարելի է ասել, կանխագրգիռ եւ գաղտնաբար մղում է տխրահռչակ գրողական արվեստի քայքայմանը: Այո, ոչ մեկին չնմանվող եւ ճամփեզր վանված շվեյցարացու արձակն ինքն է հագեցնում օդը թթվածնով. անփութաջան աշակերտ լինելով՝ նա ձեռք է թափ տալիս պարտադիր կարգադրագրերի վրա եւ հանկարծ բարձր թվանշան է ստանում: Կամ Լուիս Իսկերդոյի (ծնվ.1936թ.)` իսպանացի (կատալոնացի) բանաստեղծ, թարգմանիչ, գրաքննադատ, Շնիցլերի, Կաֆկայի, Հոֆմանստալի մասին մենագրությունների հեղինակ, ով 20 տարի առաջ Վալզերին ծանոթացրեց իսպանացիներին, այնպես որ այսօր, վերջապես, սկսում են գնահատել, թեեւ մեզ բոլորիս, վալզերականներիս, այդ ուղին թվում էր չափազանց երկարաձիգ ու դժվարին, ասածի նման` «Վալզերը մրցարշավի առաջնորդ է, ով համարյա հասնելով բաղձալի նպատակին, հանկարծ ապշանքի մեջ կանգ է առնում, զննում դաստիարակներին, ընկերակիցներին եւ ճանապարհից դուրս է գալիս: Նա իր ճանապարհն ունի, իր վստահաբեկ գեղագիտությունը»:

Կյանքի վերջում, Հերիսաու ապաստարանում, նրա ճանապարհը, եւ Զելիգն այդ մասին պատմում է` հանգեց այն բանին, որ հավաքի եւ փաթաթի փոստային ծանրոցների կապիչները. աշխատանք, որը ոնց որ թե իր սրտով էր, քանի որ Վալզերն, անկասկած, ամեն ինչ երկրի երեսին անում է՝ ինչպես հարկն է: