Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ. «Ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Առաջին իսկ փուլում նշանակալի առավելությամբ ձեր արձանագրած հաջողությունը վկայում է այն աջակցության մասին, որ դուք վայելում եք ձեր երկրում: Ես ողջունում եմ հայ ժողովրդի ընտրությունը, որն այս քվեարկությամբ վերահաստատեց ձեր կառավարության կողմից իրականացվող քաղաքական բարեփոխումները շարունակելու եւ Եվրոպային մերձենալու կամքը: Վստահ եղեք, որ Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության ամրապնդման հարցում կարող եք շարունակել հենվել Ֆրանսիայի հաստատակամ աջակցության վրա: Ֆրանսիան, որը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտության տեւական եւ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Օգտվելով առիթից, կուզենայի հայտնել, որ անձնապես մեծ կարեւորություն եմ տալիս ձեր երկրի հետ հաստատված համակողմանի համագործակցության զարգացմանն ու խորացմանը: Ֆրանսիայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց եւ ջերմորեն հաջողություն եմ մաղթում ձեզ, Հայաստանին եւ հայ ժողովրդին: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասված է ուղերձում: Երեկ Ս.Սարգսյանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Շառլ Ազնավուրը: