ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «ՀՀ նախագահական ընտրությունները բացառիկ կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի ու ժողովրդի համար եւ կարեւոր քայլ են ժողովրդավարության զարգացման եւ երկրի հեղինակության բարձրացման գործում: Ցավոք, փետրվարի 19-ի քվեարկությունն արձանագրեց բազմաթիվ կեղծիքներ եւ խախտումներ: Ավելին` ընտրական գործընթացն ուղեկցվեց ընտրական հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց ահաբեկման, շանտաժի եւ ծեծի ենթարկելու բազմաթիվ օրինակներով, ինչը կանխելու մասին մենք դեռեւս օրվա երկրորդ կեսին հանդես եկանք հայտարարությամբ: Բազմաթիվ ընտրատեղամասերում զանգվածային լցոնումների, ընտրակաշառքների համատարած բաժանման, բաց եւ կրկնակի քվեարկությունների եւ ՕԵԿ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր բողոքների գրանցելուց զանգվածային հրաժարվելու, բազմաթիվ տեղամասերում ձայների հաշվման ընթացքում կատարված կեղծիքները կասկածի տակ են դնում ընտրությունների ազատությունը, օրինականությունը եւ արդարությունը: Մենք հայտարարում ենք, որ սկսում ենք ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց` պահանջելով անվավեր ճանաչել ավելի քան 100 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, կատարել ձայների վերահաշվարկ ավելի քան 200 ընտրատեղամասերում, որի արդյունքում էականորեն բարձրանալու են մեր թեկնածուի ձայները, ինչն իր հերթին էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Դիմում ենք ՀՀ իշխանություններին` միջոցներ ձեռնարկել չխոչընդոտելու համար օրենքով սահմանված կարգով քվեարկության արդյունքների վերանայումը: Հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրության եւ օրենքների խախտմամբ մինչեւ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը քվեարկության իրական պատկերի վերհանմանը խոչընդոտելու եւ աղավաղելու փորձերը հղի են հասարակական առճակատմամբ»: