«ՀՀ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն»,- նշված է միջազգային դիտորդների երեկ հրապարակած նախնական եզրակացության մեջ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրախորհրդարանի դիտորդներին ընդգրկող միջազգային դիտորդական առաքելությունը երեկ հրապարակեց փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների մասին իր նախնական զեկույցը: Զեկույցն ընդհանուր առմամբ դրական էր: Հատկապես, եթե այն համեմատենք 2003թ. նախագահական ընտրությունների մասին նույն առաքելության գնահատականին: Հիշեցնենք, որ ԵԽ եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների ղեկավարներ Պիտեր Այքերը եւ Լորդ Ռասել Ջոնսթոնը նախագահական նախորդ ընտրությունների երկրորդ փուլից հետո բավականին խիստ գնահատականներ էին տվել: Պ. Այքերը հայտարարել էր, թե հիասթափված է, Լորդ Ռ. Ջոնսթոնն էլ հայտարարել էր, թե հուսահատված չէ, սակայն հիասթափված է: Այս անգամ միջազգային դիտորդները նման սուր գնահատականներ չտվեցին, թեեւ ՀՀ նախագահի մի շարք թեկնածուներ չեն ընդունել ընտրությունների արդյունքը, իսկ մամուլում ընտրակեղծիքների ու բռնությունների մասին բազմաթիվ փաստեր էին հրապարակվում: Ավելին, այս անգամ միջազգային դիտորդներն իրենց գնահատականների մեջ հավասարվեցին Հայաստանի իրավապահ կառույցներին՝ Ոստիկանությանը եւ Դատախազությանը, որոնք ընտրության օրը հերթով հերքում էին բոլոր ահազանգերը: Միջազգային դիտորդներն ասացին, որ իրենք կանդրադառնան այդ դեպքերին իրավապահ մարմինների կողմից գնահատական տալուց հետո միայն: Ու թեպետ ընտրությունները հիմնականում գնահատվել են Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխան, առաքելության ղեկավարները հերթով նշում էին նաեւ այն բացասական երեւույթները, որոնք պետք է վերացնեն իշխանությունները: «Սակայն հետագա բարելավումների եւ քաղաքական կամքի անհրաժեշտություն կա: Քվեների հաշվարկման գործընթացը չի նպաստել մասնակիցների շրջանում դրա նկատմամբ կասկածների նվազեցմանը»,- ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ եւ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Անն-Մարի Լիզանը: «Այդուհանդերձ, ընտրական ողջ միջավայրը եւ գրանցված միջամտությունները դեռեւս պետք է ուշադրությամբ գնահատվեն»,- իր հերթին ասաց ԵԽ պատվիրակության ղեկավար Մարի Ան Իսլեր Բիգանը: Այնուամենայնիվ, եվրոպական դիտորդների նախնական զեկույցում բազմաթիվ մտահոգություններ էին նշված: «Քաղաքացիների անձնագրային տվյալների զուր հավաքագրումը հանրության մեջ անհանգստություն ստեղծեց հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ադեկվատ կերպով չի իրականացրել իրավական դրույթներին լրատվամիջոցների համապատասխանության վերահսկման իր լիազորությունները: Ձայների հաշվարկի ընթացքը գնահատվել է «վատ» կամ «շատ վատ» այցելած տեղամասերի մոտ 16 տոկոսում»:
Դիտորդները, սակայն, դրական գնահատեցին, որ քվեարկությանը ընտրողների մասնակցությունը բավականին բարձր է եղել: Տիկին Բիգանն էլ ասաց, թե այս պարագայում իրենք Հայաստանը համեմատել են Աֆրիկայի հետ, որտեղ տեղամասեր են եղել, որտեղ 100 տոկոսանոց ընտրություններ են ընթացել: Նա նաեւ կոչ արեց արագ լուծել Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունը եւ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ: Զեկույցը ներկայացնելուց հետո դիտորդները պատասխանեցին լրագրողների մի քանի հարցերին: Հնարավո՞ր է, որ վերջնական զեկույցը խիստ տարբերվի նախնականից, ինչպես դա պատահեց Վրաստանում: Այս հարցին դիտորդները խուսափողական պատասխան տվեցին: «Մենք չենք ասում, թե լիովին համապատասխանել է եվրոպական չափանիշներին, մենք ասում ենք՝ հիմնականում համապատասխանել է»,- ասաց ԵԽ ԽՎ դիտորդների ղեկավար բրիտանացի Ջոն Փրեսքոթը: Նա եւս շեշտեց ընտրատեղամասերում քվեների հաշվարկման ընթացքի հետ կապված կասկածները եւ ավելացրեց, թե զեկույցը դեռեւս նախնականն է: Ջ.Փրեսքոթը նաեւ ավելացրեց, թե իրենք մտահոգված են, որ ընտրության մասնակիցները վիճարկում են արդյունքները: Նա հույս հայտնեց, որ հետագա այդ գործընթացը թափանցիկ կլինի, եւ ավելացրեց. «Մենք երբեք չենք մեկնաբանում արդյունքը, մենք մեկնաբանում ենք պրոցեսը»: Երեկ կեսօրից հետո, երբ եվրոպական դիտորդները իրենց զեկույցն էին հրապարակում, Լ. Տեր-Պետրոսյանը Մատենադարանի մոտ հանրահավաք էր հրավիրել: Հանրահավաքի մասնակիցները երթով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ, ապա Նալբանդյան փողոցով գնացին դեպի Ազատության հրապարակ: Արդյո՞ք եվրոպական ընտրությունների մասին իրենց դրական գնահատականներով դիտորդները անվստահություն չեն առաջացնում եվրոպական կառույցների նկատմամբ: Դիտորդներն այս հարցին չպատասխանեցին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսը նշեց, թե ընտրությունները մեկ օր չեն, եւ, որ իրենց վերջնական զեկույցում, բացի քվեարկության օրվանից, ներառվելու են ոչ միայն նախընտրական, այլեւ հետընտրական զարգացումները: Իսկ վերջում դիտորդներն ասացին, թե ընտրությունների արդյունքներն ընդունելը կամ չընդունելը ՀՀ ժողովրդի իրավունքն է: Զեկույցը լսելու էին եկել նաեւ ԱԺ պատգամավորներ, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Վարդան Խաչատրյանը, ով ասաց, թե ինքը բավարարված չէ այդ զեկույցից եւ ավելի օբյեկտիվ գնահատականների էր սպասում: Ավելի ուշ՝ հանրահավաքի ժամանակ, Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե եվրոպական դիտորդների տված գնահատականը նպաստավոր պայմաններ է ստեղծում իրենց համար: «Սա լուրջ քաղաքականություն է, եւ ես գիտեմ իմ անելիքը»,- ասել է նա: