Միակ երաշխիքը

26/02/2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ուղերձ է հղել ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ: «Ղարաբաղյան շարժումը խաղաղ եւ օրինական պահանջի արտահայտում էր: Դրան հակադարձվեցին կոտորածներ, տեղահանումներ եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մեզ պարտադրած պայմաններում այն վերաճեց ազգային-ազատագրական ինքնապաշտպանական պատերազմի: Արցախյան ազատամարտը տվեց բազմաթիվ հերոսներ եւ պահանջեց անդառնալի զոհեր: Սակայն այն նաեւ կոփեց մեր ժողովրդի կամքն ու խորացրեց անկախության այլընտրանքի բացակայության համոզմունքը: ԼՂՀ անկախությունն այլեւս ոչ միայն ազգային ինքնության պահպանման միջոց է, այլեւ` սեփական հողում խաղաղ զարգանալու միակ իրական երաշխիքը: Շարժման հասակակիցների սերնդին անծանոթ է անկախությունից տարբերվող որեւէ այլ կարգավիճակ: Պետական շինարարության գործում ԼՂՀ-ն արձանագրել է լուրջ նվաճումներ: Դրանք են եւ՛ պետական կառույցների կայացածությունը, եւ՛ ժողովրդավարության ամրապնդումը, եւ՛ տնտեսության աճն ու արդյունավետությունը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ` իմ անկեղծ երախտիքն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արել եւ անում են ամեն բան Արցախի առաջընթացի համար: Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում եւ նորանոր նվաճումներ ԼՂՀ պետական շինարարության մեջ»,- ասված է Ռ. Քոչարյանի ուղերձում: