Երեկ Երեւանի փողոցներից մեկի անցորդների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեցինք` պարզելու, թե մեր համաքաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքն ու նախնական արդյունքները: Կարծիքները բազմազան էին: Ցավալի է, սակայն անցորդներից շատերը հարցմանը չցանկացան մասնակցել` ասելով, որ իրենք լիովին անտարբեր են այս հարցի նկատմամբ: Ոմանք պատասխանում էին, թե ոչ մասնակցել են քվեարկությանը, ոչ էլ հետեւել ընտրությունների ընթացքին: Ձեզ ենք ներկայացնում այն մարդկանց պատասխանները, որոնց ամեն դեպքում հետաքրքրել է, թե ով կդառնա ՀՀ նախագահ:
Արմինե 43տ. «Ես դեռ մի տարի առաջ էլ գիտեի, որ Սերժ Սարգսյանն է դառնալու նախագահ: Ճիշտ է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ, մարդիկ մտածեցին, որ Սերժը կխառնվի իրար, բայց նման բան չկա: Հենց այսպես էլ պետք է լիներ: Ինձ համար արդյունքների մեջ ոչ մի անակնկալ չկար: Իսկ գոհ կամ դժգոհ լինելը անիմաստ է, ուղղակի պիտի ընդունենք սա»:
Ալլա` 40տ. «Արդյունքներից գոհ եմ, հենց այսպես էլ սպասում էի: Միակ բանը, որից դժգոհ եմ, այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդն է, ոչ թե երրորդը: Երկրորդը պիտի Արթուր Բաղդասարյանը լիներ, որ Լեւոնը հասկանար, որ ոչ մի ուժ էլ չունի: Իսկ Արթուրին հավանում եմ, լավ տղա է երեւում, կարեւորը` ջահել է ու աշխատասեր: Կուզենայի, որ նա որեւէ կարեւոր պաշտոն զբաղեցներ»:
Աննա` 25տ. «Իմ կարծիքով՝ այս ընտրությունները կեղծվել են: Սերժ Սարգսյանն այդքան ձայն ուղղակի իրավունք չուներ հավաքելու: Բոլորս էլ գիտենք, որ Լեւոնն էր անցել: Իսկ որոշ մարդիկ այնքան ձայներ են ստացել, որ ես անգամ հույս չունեի, օրինակ` Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանը»:
Վահրամ` 33տ. «Կարծիքս արդյունքների մասին դրական է, հենց Սերժ Սարգսյանն էլ պիտի հաղթեր: Ոչ մեկս էլ դրանում չէինք կասկածում»:
Միքայել` 50տ., գործազուրկ. «Սա ընտրություն չէր, խայտառակություն էր: Ախր պարզ էր, որ ամեն ինչ կեղծված է: Ո՞նց էր հնարավոր, որ Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանից այդքան ավելի ձայն ստանա: Մանավանդ ես հեռուստացույցով տեսել եմ, թե ինչքան մարդ էր գնում Լեւոնի միտինգներին: Մեր ամբողջ շենքը ասում էր, որ Լեւոնին են ընտրելու: Մյուս կողմից էլ՝ չեմ զարմանում: Սերժի մարդիկ էնքան ընտրակաշառք բաժանեցին, որ մարդկանց ուղեղը երեւի լվացին: Ուղղակի չեմ հասկանում մարդկանց: Թող փողը վերցնեին, գնային, ում ուզում էին՝ ընտրեին: Հո չէի՞ն գալու` ստուգեն»:
Մարիամ` 25տ. «Ես ընտրությունների արդյունքների վերաբերյալ կոնկրետ ինչ-որ բաներ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ վերջնական տվյալները պատրաստ չեն: Բայց, համենայնդեպս, Սերժ Սարգսյանի կողմից հաստատ ընտրակեղծիքներ եղել են: Շատ խիստ ընդգծված տարբերություն կար Սերժ Սարգսյանի ու երկրորդ տեղը գրաված Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայների միջեւ: Մինչդեռ Տեր-Պետրոսյանի կողքին էլ շատ մեծ բանակ կար ընտրողների, իրականում դժվար թե այդքան մեծ տարբերություն լիներ»:
Կարեն` 23տ. ուսանող. «Մինչ ընտրությունն էլ սոցհարցումները ցույց էին տալիս, որ, ընդհանուր առմամբ, ձայնային մեծամասնությունը Սերժ Սարգսյանի ու Արթուր Բաղդասարյանի կողմն էր: Լեւոնին անընդհատ գցում էին երրորդ տեղ: Իսկ ընտրության արդյունքում Արթուրին գցեցին երրորդ տեղ: Երեւի դա էլ հատուկ քաղաքականություն է, քանի որ հենց Արթուր Բաղդասարյանը պիտի առաջին տեղում լիներ: Ընդհանրապես, մարդիկ ուզում էին Սերժին ընտրել, որ Լեւոնը չընտրվի, կամ էլ հակառակը: Բայց իրականում պետք է երկուսին էլ չընտրեին, երրորդ տարբերակ գտնեին, օրինակ, հենց նույն Արթուր Բաղդասարյանը: Կամ էլ, ինչո՞ւ չէ` Վահան Հովհաննիսյանը»:
Վիգեն` 65տ., թոշակառու. «Երեկ հեռուստատեսությամբ անընդհատ ասում էին, որ Լեւոնի մարդկանց ծեծում են եւ այլն: Բայց վստահ եմ, որ նրանք են ամեն ինչ հրահրել: Ախր Լեւոնն էլ, իր կողմնակիցներն էլ շատ ագրեսիվ էին տրամադրված հենց սկզբից: Արդյունքում էլ էդ ծեծուջարդն եղավ»:
Նարինե` 31տ., տնային տնտեսուհի. «Անընդհատ խոսում ենք, որ դեմոկրատական երկիր ենք, մեզ եվրոպացի ենք համարում: Ընտրությունների ընթացքում էդ ծեծերը կամ ընտրակաշառքները, խախտումները ցույց տվեցին, որ մենք դեմոկրատիայից չափազանց հեռու ենք: Իսկ հեռուստաընկերությունների աշխատանքըգ Ճիշտ է` մարդիկ ամբողջ գիշեր աշխատեցին, բայց արդեն սկզբից այնպես էին խոսում, իբր վստահ են, որ Սերժ Սարգսյանը հաղթել է: Անձամբ ես ոչ Սերժի օգտին եմ քվեարկել, ոչ էլ Լեւոնի: Բայց, ամեն դեպքում, արդարության կողմից եմ ու գտնում եմ, որ նրանք երկուսն էլ սխալ մոտեցումներ ունեն»:
Անի` 28տ. «Ճիշտ է` թե՛ հիմա, թե՛ ընտրություններից առաջ շատ էր խոսվում ընտրակեղծիքներից: Բայց ես անհնար եմ համարում, որ Սերժ Սարգսյանի օգտին այդքան ձայներ կեղծեին: Վստահ եմ, որ հենց ինքն էլ հաղթել է: Ցավում եմ, որ Վահան Հովհաննիսյանը երկրորդ տեղում չէր: Իսկ որ Արամ Հարությունյանը 3000-ից ավելի ձայն է հավաքել` իրոք զարմացած եմ: Նա հո այդքան բարեկամներ չէ՞ր ունենա: Նույնն էլ Արման Մելիքյանը: Զարմանում եմ, թե նրանք ինչո՞ւ էին առաջադրվել»: