Ռուսաստանյան «Ֆինանս» հանդեսի 2008թ. վարկանիշի համաձայն` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց շրջանում «Ունիկոր» խմբի (անշարժ գույք, գյուղատնտեսություն, բանկ) սեփականատեր Բիձինա (Բորիս) Իվանիշվիլին զբաղեցնում է 35-րդ տեղը. նրա կարողությունը գնահատվում է 5,2 միլիարդ դոլար (127,4 միլիարդ ռուբլի): Անցյալ տարի այս վարկանիշում Իվանիշվիլին զբաղեցնում էր 25-րդ տեղը, եւ նրա կարողությունը գնահատվում էր 4,5 միլիարդ դոլար (119,6 միլիարդ ռուբլի): Ի դեպ, «Forbes» հանդեսի տվյալներով` 2007թ. Բ. Իվանիշվիլին զբաղեցնում էր 167-րդ տեղն աշխարհի միլիարդատերերի թվում: Հանդեսում հրապարակված տվյալների համաձայն, Իվանիշվիլիի կարողությունը գնահատվել էր 4,7 միլիարդ դոլար: Բացի նրանից, այս տարի 500 ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակի մեջ մտել են վրացական ծագումով եւս չորս գործարարներ: Մասնավորապես, «Ֆինանսի» վարկանիշում 48-րդ տեղը զբաղեցնում է «Sibir Energy»-ի (նավթ) եւ «Russian Land»-ի համասեփականատեր, 59-ամյա գործարար Շալվա Չիգիրինսկին: Նրա կարողությունը գնահատվում է 2,95 միլիարդ դոլար (72,3 միլիարդ ռուբլի): 63-րդ տեղում «Eurasia Drilling Company» նավթասպասարկման ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Ջափարիձեն է: 53-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 1,8 միլիարդ դոլար (44,1 միլիարդ ռուբլի): «Ֆինանս» հանդեսի վարկանիշի համաձայն, 2006թ. Ջափարիձեի կարողությունը գնահատվում էր միայն 40 միլիոն դոլար, իսկ 2007թ. վարկանիշ գործարարը չի մտել: Կոնստանտին Միրիլաշվիլին, ով «Եվրոսերվիս» ագրոհոլդինգի շաքարի եւ մսի շուկաներում խոշորագույն խաղորդներից մեկի համասեփականատերն է, զբաղեցնում է 129-րդ հորիզոնականը: 47-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 0,75 միլիարդ դոլար (18,4 մլիարդ ռուբլի): Անցյալ տարվա վարկանիշում Միրիլաշվիլին զբաղեցնում էր 205-րդ տեղը` 280 միլիոն դոլար (7,4 միլիարդ ռուբլի) կարողությամբ: «Ֆինանսի» վարկանիշում 195-րդ տեղը զբաղեցնում է 51-ամյա Դավիթ Յակոբաշվիլին` «Վիմ Բիլ Դանի» տնօրենների խորհրդի նախագահը: Նրա կարողությունը գնահատվում է 0,5 միլիարդ դոլար (12,3 միլիարդ ռուբլի): Անցյալ տարի Յակոբիշվիլին զբաղեցնում էր 124-րդ տեղը՝ 450 միլիոն դոլար կարողությամբ (12 միլիարդ ռուբլի): Այս տարի ռուսաստանցի միլիարդատերերի առաջին եռյակի մեջ են մտել Օլեգ Դերիպասկան, Ռոման Աբրամովիչը եւ Վլադիմիր Լիսինը: Օլեգ Դերիպասկան, որն անցյալ տարվանից այս վարկանիշում պահպանում է առաջատար դիրքերը, «Բազովի էլեմենտ» մայր ընկերության («Ռուսլան», «ԳԱԶ», «Ինգոսստրախ» եւ այլ ընկերություններ) սեփականատերն է: Նրա կարողությունը գնահատվում է 40 միլիարդ դոլար (980 միլիարդ ռուբլի): Անցյալ տարի Դերիպասկայի կարողությունը գնահատվում էր 21,2 միլիարդ դոլար (563,5 միլիարդ ռուբլի): Չուկոտկայի նահանգապետ եւ Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը կրկին զբաղեցրել է երկրորդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 23 միլիարդ դոլար (563,5 միլիարդ ռուբլի): Հիշեցնենք, որ անցյալ տարվա վարկանիշում Աբրամովիչն առաջին տեղը զիջել էր Դերիպասկային: 2007թ. Աբրամովիչի կարողությունը գնահատվում էր 21 միլիարդ դոլար (558 միլիարդ ռուբլի): Երրորդ եւ չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Վլադիմիր Լիսինը եւ Միխայիլ Ֆրիդմանը: Վ. Լիսինը Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի խոշորագույն բաժնետերն է, իսկ Միխայիլ Ֆրիդմանն` «Ալֆա գրուպի» խոշորագույն (բայց չվերահսկող) բաժնետերը: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 22,2 միլիարդ դոլար (543,9 միլիարդ ռուբլի):