Վերջին երկու-երեք ամիսներին ազգային դրամի վարքը տարօրինակորեն գոհացուցիչ էր։ Հասարակության բոլոր շերտերի համար։ Դրամն արձանագրեց չափավոր արժեզրկում։ Վերջին ցնցումի ժամանակ, երբ դրամը «մանրեց» 300-ի հոգեբանական սահմանը, բոլորը հասկացան, որ այդպես չի կարելի։ Վերջին երկու տարում պաշտոնապես նվազեցվում են արտերկրից ստացվող տրանսֆեր-օգնությունների պաշտոնական թվերը։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ բնակչության էական հատվածն ապրում է դրանց հաշվին։ Գիտեն նաեւ, որ ՀՀ-ից արտահանվող առաջնային ապրանքն աշխատուժն է։ Որի դիմաց տարադրամով ենք վճարվում։ Բնականաբար։ Ուստի ընտրություններից առաջ ազգային դրամի արժեւորումը կարող էր խթանել ժողովրդի դժգոհությունը։ Դա տեղի չունեցավ։ Հակառակը` դրամն արժեզրկվեց ու դեռ որքան կդիմանա արժեզրկված վիճակին՝ պարզ չէ։ Ստեղծված պատկերից առայժմ բոլորն են գոհ։ Բացի Կենտրոնական բանկից իհարկե։ Բայց հո բոլորս գիտենք, որ ԿԲ-ն դրամի փոխարժեքի հետ ոչ մի կապ չունի։ Նույնիսկ պաշտոնապես։ Բոլոր նրանք, ովքեր այս օրերին մանրեցին իրենց օգնություն-տրանսֆերները, մի քանի դրամ ավելի ստացան։ Ավելի շատ դրամ ստացան նաեւ ընտրությունները ֆինանսավորող օլիգարխները։ Նրանք հնարավորություն ստացան երեք-հինգ տոկոս խնայել, որովհետեւ տարադրամն արժեւորվել էր։ Ավելին, կան վերլուծություններ, որ հենց իրենք էլ ապահովել էին դրամի արժեզրկումն այդ խնայողությունների համար։ Չշահեց, բայց եւ չտուժեց անգամ բնակչության այն հատվածն, ում շահերը ԿԲ-ն էր պաշտպանում։ Խոսքը դրամով եկամուտ ունեցող հատվածի մասին է։ Որովհետեւ ընտրությունների շեմին` չնայած դրամի արժեզրկմանը, պարենային ապրանքների գները մնացին անփոփոխ։ Իսկ ոչ պարենային ապրանքների առեւտրում կատարվածն աննախադեպ էր Հայաստանում։ «Ձմեռային զեղչեր» կարգախոսով ընթացած առեւտուրը ողջ տարվա կտրվածքով Ազգային վիճակագրական վարչությանը հնարավորություն կտա խոսել ոչ պարենային ապրանքների գների անկման մասին։ Քաղաքական շիկացած մթնոլորտում անգամ մասնագետները բավարար ուշադրություն չդարձրեցին նախատոնական ու հետտոնական առեւտրի վարքին։ Մինչդեռ բավական հետաքրքիր իրավիճակ արձանագրվեց։ Նախատոնական առեւտուրը խանութներից սրբեց-տարավ կենցաղային տեխնիկան։ Այսօր Հայաստանում միջին գնի հեռուստացույց ու կենցաղային նման սարքեր գտնելը համարյա անհնար բան է։ Այն, որ անցած մեկ ամսվա ընթացքում վաճառքում ներմուծված նոր խմբաքանակ չի հայտնվել, կարող է քաղաքական պատասխան ունենալ։ Այսինքն՝ ներկրողներն իրացնելով ձեռքի տակ եղածը՝ սպասում են քաղաքական հետընտրական կայունության` նոր խմբաքանակի ներկրման համար։ Ավելին, նրանք կարծես փորձում էին ապրանքի տեսքով ունեցվածքը որքան հնարավոր է արագ վերածել փողի։ Կանխիկ ու ոչ կանխիկ փողի։ Նույն բացատրությունը կարելի է տալ հագուստի խանութների 50-70 տոկոսանոց զեղչերին։ Առանձին խանութների դռներին խորհրդային առեւտուրը հիշեցնող տեսարաններ էին։ Լավատեսներն, իհարկե, կարող են պնդել, որ դա համաշխարհային առեւտրին բնորոշ երեւույթ էր։ Այսինքն՝ խանութներն էժան գներով ուղղակի իրացնում էին հնացող ապրանքատեսականին։ Բայց նրանք չունեն «Ինչո՞ւ նոր տեսականի չի ներմուծվում» հարցի պատասխանը։ Հատկապես, որ բնակչության գնողունակությունն անցած տարվա համեմատ էականորեն չի փոխվել, ու անցած տարիներին նույնամասշտաբ զեղչեր չեն եղել։ Նույն` այսինքն՝ քաղաքական ոլորտի պատասխան կարելի է տալ նաեւ դրամի արժեզրկմանը։ Մեր երկրի նման թույլ տնտեսությամբ, քաղաքական կայուն ավանդույթներ չունեցող երկրների համար ընտրությունները տնտեսական իմաստով շոկի շրջան են։ Դրանք տնտեսության ու քաղաքականության հանդիպման տարօրինակ շրջան են։ Ցանկացած փոփոխության հեռանկար ցնցում է առաջացնում։ Գործարարներն այս պահին, որպես կանոն, մոռանում են, որ դրամն արժեւորվում է, ու փորձում են հնարավորինս արագ փոխանակել ազգային դրամը։ Նրանց «շառից ու փորձանքից հեռու» այս քաղաքականությունը տարադրամի շուկայում աժիոտաժ ու արժեւորում է ծնում։ Որքան էլ մեր բանկային իշխանությունները փորձեն ներքին շուկայում կատարված գործընթացները կապել համաշխարհայինի հետ։ Այսինքն՝ տարադրամի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները կավարտվեն ճիշտ այն պահին, երբ կավարտվեն հետընտրական քաղաքական փոփոխությունները։