Հիմա էլ 10 տոկոս աճ են նախատեսում

25/02/2008

Հայաստանում 2008թ. նախատեսվում է ապահովել ՀՆԱ-ի մոտ 10 տոկոս աճ։ Նշենք, որ 2007-ին ՀՆԱ աճը կազմել է 13.7 տոկոս, 2002-2006 թթ.` միջինում 13 տոկոս։

Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը` հավելելով, թե այս տարվա համար նախատեսված է ապահովել նաեւ արտաքին առեւտրաշրջանառության 42 տոկոս աճ։ Այս ցուցանիշը նախորդ տարի աճել է 39.7 տոկոսով, 2002-2006թթ.` միջինում 21.3 տոկոսով։ Այս տարի համախառն ներդրումների աճը նախատեսված է շուրջ 55 տոկոս։ 2007-ին ներդրումները երկրում աճել են 60.2 տոկոսով` 2002-2006թթ. 29.1 տոկոսի դիմաց։ Ն. Երիցյանի տեղեկացմամբ` բնակչության եկամուտները 2007թ. աճել են 25.7 տոկոսով, 2002-2006թթ.` միջինում` 10.5 տոկոսով։ 2008թ. համար կանխատեսված է եկամուտների 26 տոկոս աճ։ Համախառն ներդրումները ՀՆԱ-ում նախորդ տարի աճել են 25.7 տոկոսով` 2002-2006թթ. միջինում 26 տոկոս աճի դիմաց, համախառն խնայողությունները՝ 2007թ. ՀՆԱ-ում աճել են 23.6 տոկոսով` 2002-2006թթ. 19.1 տոկոսի դիմաց։ 2008թ. նշված ցուցանիշերի աճը կանխատեսված է, համապատասխանաբար, 26.1 եւ 22.5 տոկոս։ Այս տարի Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նախատեսված է հասցնել 3 հազար 311 դոլարի։ 2007թ. այն կազմել է 2725 դոլար, 2002-2006թթ.` 1 247.9 դոլար։ Ըստ նախարարի` նախատեսվում է տնտեսական զարգացումների արդյունքում 1 շնչին ընկնող ՀՆԱ ծավալը 2006թ. 1989 դոլարից 2020-2025թթ. հասցնել 10-12.000 դոլարի։ Ն. Երիցյանի խոսքով` ՀՀ տնտեսության զարգացումն իրականացվում է 3 հիմնական փուլերով։ Առաջինը ռեսուրսային զարգացման փուլն է, որն արդեն ավարտված է։ Երկրորդը` ներդրումային զարգացմանը, որում ներկայումս գտնվում է Հայաստանը։ Ամենակարեւորը հաջորդ` գիտելիքի եւ մարդկային կապիտալի վրա հիմնված զարգացման փուլն է, որին Հայաստանը պետք է հնարավորինս արագ անցում կատարի։ «Ներդրումային զարգացման ներկայիս փուլում ունենք մակրոտնտեսական կայունություն, բանկային հուսալի եւ կայուն զարգացող համակարգ, ինչպես նաեւ՝ մի շարք ռուսական ու միջազգային բանկերի առկայություն»,- նշել է Ն. Երիցյանը։ Նա դրական է գնահատել Հայաստանում էներգետիկ, հեռահաղորդակցության եւ այլ ենթակառուցվածքների առեւտրականացումը, ինչպես նաեւ՝ «OMX» Ֆոնդային բորսայի առկայությունը Հայաստանում։ «ՀՀ մրցունակության բարձրացման համար պետք է ուղենիշ հանդիսանա արտադրողականության առաջանցիկ աճը, ստանդարտների եւ որակի միջազգային չափանիշերի կիրառումը, գլոբալ շուկաներում` ներառյալ` ռուսական, մրցունակ ապրանքների եւ ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ՝ մտավոր սեփականության պաշտպանվածությունը եւ այլն։ Կարեւոր է ազատ առեւտրային համաձայնագրերի կնքումը մի շարք, այդ թվում եւ արեւելյան երկրների հետ»,- նշել է նա։ Ըստ Ն. Երիցյանի` պետք է ձգտել, որպեսզի Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող մրցունակության վարկանիշում տեղ գտնի առաջին 60 երկրների շարքում` ապահովելով ներդրումային լավագույն պայմաններ։ Ներդրումային միջավայրի բարելավմանն էականորեն կնպաստի նաեւ կառավարման համակարգի կատարելագործումը եւ պետական ծառայությունների որակյալ մատուցումը։ Պետք է նաեւ հստակեցվեն հարկային հաշվետվությունները, պարզեցվեն մաքսային, ինչպես նաեւ լիցենզավորման ու արտոնագրման ընթացակարգերը։ Ն. Երիցյանն առանձնացրել է նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ոլորտները, որոնց առավել մեծ ուշադրություն պետք է հատկացվի։ Արդյունաբերության ոլորտում, ըստ նրա, գերակա են հանքարդյունաբերության եւ քիմիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի եւ սարքաշինության, ակնագործության ճյուղերը։