Ակնկալիքներ ունեն

25/02/2008

«Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ քայլեր կձեռնարկի խաղաղության հասնելու համար»,- ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը։ «Հայաստանի ղեկավարությունից մենք գործողություններ ենք սպասում միջազգային նորմերի շրջանակներում։ Հակամարտությունը լուծելու համար նա պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի եւ հասկանա, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն այլընտրանք չունի։ Դրա համար նախեւառաջ պետք է ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ազիմովը` հավելելով, որ Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչումը հակասում է միջազգային նորմերին եւ նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար։ «Եթե Հայաստանը ճանաչի Կոսովոյի անկախությունը, ապա դա կդառնա միջազգային նորմերին հակասող նրա եւս մեկ քայլը։ Նման քայլն ինձ շատ չի զարմացնի։ Բայց այդ իրադրությունը հիմնախնդիրներ կստեղծի ոչ թե մեզ, այլ նախեւառաջ հենց Հայաստանի համար»,- ասել է նա։