Հնամյա գյուղի առօրյան

25/02/2008 Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ գյուղը Երեւանից 150 կմ է հեռու, իսկ մարզկենտրոն Գավառից` 51 կմ։

Ներկայումս գյուղն ունի 3120 բնակիչ, որոնցից, սակայն, միայն 180-ն ունեն մշտական աշխատանք։ Արծվանիստում մարդիկ գոյատեւում են ձկնորսությամբ եւ հողագործությամբ, սակայն վերջին մի քանի տարիներին շատերը սկսել են արտագնա աշխատանքի մեկնել։ Իսկ վարելահողերի մեծ մասն անմշակ է մնում։ Պատճառն այն է, որ վարելահողերի մեծ մասը գտնվում է գյուղից մինչեւ 20 կմ հեռավորության վրա։ Նման պայմաններում գյուղացին հողը մշակելիս ավելի շատ ծախս է կատարում, քան կարող է ստանալ բերքի իրացումից։ «Արդեն երկու տարի ես իմ 6 հեկտար հողը չեմ մշակում. փող չունեմ։ Մեկ կանեստր սալյարկան 7000 դրամ արժի, ես էդքան որտեղի՞ց տամ։ Ամբողջ տարին մարդ քարի հետ կռիվ ա տալիս, որ բերք ստանա։ Էն էլ վերջում ջրի գնով ա ծախում, կամ էլ չի ծախում։ Բերքը Երեւան էլ չենք կարա հասցնենք, հեռու ա, ծախս շատ ա լինում»,- բողոքում է Արծվանիստ գյուղի բնակիչ 78-ամյա Սաղաթել Եղիազարյանը։ Բնակիչները բողոքում են, որ այս բարձրլեռնային գյուղի հողերը բերրի չեն (գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 2000-2100մ բարձրության վրա), ուստի միշտ քիչ բերք են ստանում։ Իսկ եթե բնությունը «կամակորություններ» է անում, ապա գրեթե բերք չեն ստանում։ Բնակիչները դժգոհում են նաեւ ձկնորսությունից։ «Առաջ գոնե ձուկ էինք ծախում, ապրուստ վաստակում։ Հիմա լճում ձուկ էլ չկա, դրա համար էլ ով ուզում ա, որ իր ընտանիքը սովից չկոտորվի, խոպան ա գնում»,- ասում է Սաղաթել Եղիազարյանը։ Քանի որ ձմռանը գյուղում այլ զբաղմունք չկա, գյուղի տղամարդիկ ողջ օրն անցկացնում են գյուղի ակումբում։ Սա մի փոքր սենյակ է նախկին մշակույթի պալատի շենքում, որտեղ մարդիկ իրար նորություններ են հաղորդում, կիսվում հոգսերով եւ նարդի խաղում։ Ակումբը լեցուն է մարդկանցով առավոտյան ժամը տասից մինչեւ ուշ երեկո։ Ակումբի հարեւանությամբ է գտնվում գյուղի փոստատունը, ուստի հաճախ են մտնում այստեղ թերթերից օրվա անցուդարձին ծանոթանալու համար։ Ըստ Արծվանիստի կապի բաժանմունքի պետ Լիանա Դավթյանի` բազմապիսի թերթեր են ստանում, սակայն դրանք գրեթե չեն սպառվում։ «Հաճախ մտնում են, խնդրում, որ տանք կարդան։ Չենք կարող մերժել, տալիս ենք։ Իսկ թոշակ ստանալու ժամանակ ոմանք թերթ գնում են»,- ասում է Լիանա Դավթյանը։ Եթե մեծահասակներն իրենց օրն անցկացնում են ակումբում, ապա երիտասարդները ողջ օրը տանն են։ Դեռեւս 1985-ից գյուղը մշակույթի պալատ չունի, քանի որ այն խիստ վերանորոգման կարիք ունի։ Այստեղ մշակութային կյանք գրեթե չկա։ Մշակութային կյանքի միակ դրսեւորումը դպրոցական հանդեսներն են, որոնք էլ հազվադեպ են կազմակերպվում։ Գյուղի երիտասարդության միակ նվիրական երազանքն է, որ գյուղում որեւէ ժամանցի վայր լինի` կինոթատրոն կամ մշակութային պալատ, որտեղ տարվա մեջ մի քանի անգամ համերգներ կկազմակերպվեին, կամ էլ մի փոքրիկ այգի, որտեղ կկարողանային անցկացնել ամառային երեկոները։ Իսկ մինչ այդ գյուղի երիտասարդության ժամանցի միակ վայրը Վանեվան եկեղեցին է, որն, ըստ արձանագրությունների, 903 թվականին կառուցել են Շապուհ Բագրատունին եւ նրա քույր Մարիամը։ «Մեկ-մեկ դասից փախչում ենք ու միասին եկեղեցի գնում։ Էդ օրերը շատ հետաքրքիր են անցնում, բոլորս էլ ուրախանում ենք»,- ասում է 16-ամյա Ռուզաննա Մովսիսյանը։ Եվ քանի որ ձմռանը, հեռուստացույցից ու սովորելուց բացի, այլ զբաղմունք չկա, դպրոցականները դասերին միշտ էլ լավ են պատրաստվում։ Օրինակ, 16-ամյա Միշա Սահակյանը քրտնաջան սովորում է, անպայման ուզում է իրավաբան դառնալ։ Արծվանիստ գյուղի դպրոցում 570 աշակերտ է սովորում։ Սակայն մտավախություն կա, որ դպրոցը կարող է դառնալ միջին դպրոց, այսինքն՝ ավագ դասարաններում սովորելու համար աշակերտները հարեւան գյուղի դպրոց պիտի գնան։ Ըստ դպրոցի տնօրեն Անդրանիկ Մանուկյանի` այդ պարագայում ծնողների մեծամասնությունը իրենց աղջիկներին հարեւան գյուղի դպրոց չեն ուղարկի։ «Դա գյուղի ավանդույթ է։ Շատ ծնողներ թույլ չեն տա, որ իրենց դուստրը գյուղից դուրս գա դպրոց հաճախելու համար։ Ուստի պայքարելու ենք, որ մեր դպրոցն ավագ դպրոց դառնա»,- ասում է պարոն Մանուկյանը։