Երեւանի Թատերական հրապարակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով պետք է ծառայեր որպես հանգստյան եւ զբոսանքի գոտի։ 1988-ին այն վերանվանվեց Ազատության հրապարակ, ձեռք բերեց քաղաքական նշանակություն եւ դարձավ հայ ժողովրդի միասնության խորհրդանիշը։
Այս անգամ էլ նախընտրական Հայաստանն առանց Ազատության հրապարակի դժվար է պատկերացնել։ Յուրաքանչյուր հանրահավաքի ընթացքում եւ դրանից հետո էլ քննարկման թեմաներից մեկը հավաքված բազմության չափն է։ Գրեթե միշտ կարծիքները տարբեր են, թվերն՝ իրարամերժ:
Սերգեյ Տոնոյանն ապագա ճարտարապետ է, սովորում է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում։ Նման հաշվարկներ կատարել է բազմիցս, ասում է, որ հանրահավաքի մեծությունը կարելի է որոշել հատուկ համակարգչային ծրագրերով։ Հիմք ընդունելով «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից մշակված տվյալները, Սերգեյը հաշվարկում է Ազատության հրապարակի տարողունակությունը. «Մենք առանձնացրել ենք ամբողջ այն տարածքը, որտեղ քաղաքացիները կարող են կանգնել՝ մասնակցելով հանրահավաքին։ Դա Օպերայի դիմացի հրապարակն է եւ կողքի ճանապարհները: Մեր կատարած հաշվարկով, այդ տարածքի ողջ մակերեսը կազմում է 10.255 քառակուսի մետր։ Քանի որ մի քառակուսի մետրի վրա կարող է կանգնել 3-4 մարդ, ապա ընդհանուր մարդկանց թիվը կկազմի 30-40 հազար»,- ներկայացնում է իր կատարած հաշվարկը Սերգեյը։
Ըստ նրա ստացած պատկերի՝ միայն Օպերայի դիմացի հրապարակի տարածքը չի անցնում 10 հազար քառակուսի մետրը եւ լոկ կիսաշրջանում կարող է հավաքվել շուրջ 30 հազար մարդ։ Նա չի բացառում նաեւ, որ չափազանց խիտ կանգնելու դեպքում այդ թիվը կարող է նաեւ ավելի մեծ լինել։ Սրճարանների՝ նախկին կանաչապատ տարածքների եւ անցողիկ ճանապարհների հետ միասին՝ Ազատության հրապարակը կտեղավորի առավելագույնը 60 հազար մարդ, իսկ քայլերթերի դեպքում` ավելի շատ։
Համեմատություն անցկացնելով 1988թ. հանրահավաքների հետ, Սերգեյը նշում է, որ այն ժամանակ հավաքվածները շատ հեռու էին գնում, հասնում մինչեւ Կարապի լիճ։ «Հիմա չեմ կարծում, որ այնտեղ շատ մարդ հավաքվի, այնտեղ հիմա սառցադաշտ է, բայց դրա փոխարեն՝ այժմ ունենք Հյուսիսային պողոտան, կարող է այնքան մեծ հանրահավաք լինի, որ նույնիսկ այնտեղ էլ հավաքվեն»,- ասում է ապագա ճարտարապետը։
Ըստ նրա՝ ցանկացած հանրահավաքի ժամանակ էլ հնարավոր է մոտավոր հաշվարկել մարդկանց թիվը։ Մեզ մոտ ընդունված է աչքաչափով որոշելը, բայց դա երբեք ճշգրիտ չի կարող լինել։ Սերգեյը զարմանում է, երբ լսում է, որ այստեղ մի քանի հարյուր հազար մարդ է հավաքվել։ «Բոլոր այն թվերը, որ գերազանցում են հարյուր հազարը, աբսուրդ են»,- ասում է մասնագետը։ Սերգեյը նկատում է, որ, անկասկած, Հանրապետության հրապարակում եւ Մատենադարանին հարող տարածքում ավելի շատ մարդ կտեղավորվի, սակայն Ազատության հրապարակն իր դիրքով նման միջոցառման համար շատ հարմար է՝ ոչ մի ճանապարհատրանսպորտային հանգույցի չի խանգարում եւ միասնության յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում:
Մանե ԳՐԻԳՈՐՅԱՆ, E-channl