Գործել, ինչպես Սարկոզին

18/02/2008

Ինչպես հայտնի է, ֆրանսիացիները գործադուլների մեծ սիրահար են: Գործնականում ոչ մի օր, առիթ լինի, թե անառիթ, առանց գործադուլների չի անցնում:

Ընդ որում գործադուլ են անում ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները` տաքսիստներից սկսած՝ մինչեւ ոստիկանները: Չնչին առիթով նրանք ընդհատում են աշխատանքը, առանձնապես հաշվի չառնելով այն բազմաթիվ անհարմարությունները, որոնք ստեղծվում են նրանց խնդիրներում որեւէ մեղք չունեցող մարդկանց համար, ընդհուպ հասնելով հասարակական ամբողջ կյանքի կաթվածահարությանը։

Գործադուլային այս անվերջ սերիալից վերցված ամենաթարմ օրինակը Ֆրանսիայի Հանրային հեռուստատեսության աշխատողների վերջին օրերի գործադուլն էր: Կարելի էր ուշադրություն չդարձնել այդ իրադարձությանը, եթե չլիներ դրա շարժառիթը: Բանն այն է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հրապարակեց երկրի կառավարության մտադրությունը` Ֆրանսիայի Հանրային հեռուստատեսությունում գովազդն արգելելու մասին: Սա հարուցեց արհմիությունների դժգոհությունը, թեեւ գովազդի տարեկան ծավալը, որը կազմում է մոտ 1 միլիարդ եվրո, պետք է փոխհատուցվեր գովազդների համար մասնավոր ալիքներից գանձվող հարկերի ավելացմամբ:

Այս իրադարձությունը հետաքրքրական է նրանով, որ փաստորեն խոսքը գնում է Հանրային հեռուստատեսություն կոչվող մարմնի դերն ու գործառույթները ճշտելու մասին: Հասկանալի է, որ թեման առավել քան արդիական է նաեւ մեզ համար: Ժամանակակից հասկացողությամբ հանրային հեռուստատեսությունն այն հեռուստատեսությունն է, որը ծառայում է հանրությանը, այլ ոչ թե պետությանն ու իշխանությանը, եւ որը պարտավոր է քարոզել հանրային արժեքներն ու բավարարել հանրային կարիքները: Առանց նման հեռուստատեսության քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին խոսելը նույնիսկ անիմաստ է: Ուստի Սարկոզին միանգամայն իրավացի է: Հարկատուների փողերով գովազդային բիզնեսով զբաղվելը, եթե լինենք խիստ, նոնսենս է: Դա անհամատեղելի է հանրային հեռուստատեսության նպատակների հետ: Առեւտրային փողերը, պայքարը ռեյտինգի համար անխուսափելիորեն փչացնում են հանրային հեռուստատեսությունը: Այդ պատճառով ժողովրդական երկրների մեծ մասում հանրային հեռուստատեսության եթերում գովազդն արգելված է, բացառությամբ սոցիալական գովազդի: Հանրային հեռուստատեսության դասական օրինակ է անգլիական BBC-ն, որի եկամուտների հիմնական աղբյուրը բաժանորդային վարձավճարներն են:

Ցավոք, բավականին ակնհայտ է, որ Հայաստանում հանրային հեռուստատեսություն չկա: Կա միայն անվանումը, իսկ իրականում այն պետական եւ, միաժամանակ, առեւտրային հեռուստատեսություն է: Օրինակ, երբ Առաջին ալիքի ղեկավարությունն առանց շփոթության նշույլի հայտարարում է հայկական հեռուստասերիալ նկարահանելու ծրագրերի մասին, պետք է հստակորեն հասկանալ, որ դա կատարվում է ամենեւին էլ ոչ հանրության շահերի, այլ բացառապես գովազդատուների եւ գովազդային փողերի համար, ընդ որում` հարկատուների փողերի հաշվին:

Ուստի պակաս ակնհայտ չէ, որ դեպի Հանրային հեռուստատեսություն տանող ճանապարհին առաջին քայլը պետք է լինի Առաջին ալիքով գովազդի լիակատար արգելումը, ինչը, ամենին զուգահեռ, կհանգեցնի նաեւ շուկայի առողջացմանը: Ինչ վերաբերում է կորուստների փոխհատուցմանը, ապա աշխարհում մշակված են հանրային հեռուստատեսության ֆինանսավորման տարբեր միջոցներ: Դա եւ՛ բյուջեից ուղղակի պետական դոտացիաներն են, եւ՛ քաղաքացիներից գանձվող հատուկ «հեռուստահարկի» ներմուծումն է, կամ էլ մասնավոր հեռուստա- եւ ռադիոընկերություններով գովազդի հեռարձակման համար հավելյալ հարկային պարտավորություններ սահմանելն է, եւ այլն: Կարեւորն էությունը չէ` այդ ամենը տեխնիկական մանրամասներ են: Այստեղ կարեւորն այլ է` պետական հեռուստատեսությունը հանրայինի վերածելու գործում քաղաքական կամքի դրսեւորումը, ինչը եւ ցուցաբերեց Սարկոզին: Ցավոք, Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածուներից եւ ոչ մեկն իր նախընտրական ծրագրում այս խնդրի կարեւորության ըմբռնում չցուցաբերեց:

«Դելովոյ Էքսպրես»