Թբիլիսիում երեկ նախատեսված ընդդիմության հանրահավաքից առաջ` նախօրեի ուշ երեկոյան, Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են փոխզիջումների գնալ եւ իրականացնել ընդդիմության առաջ քաշած հիմնական պահանջները: Ըստ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի, իշխանությունները, մասնավորապես, համաձայնել են ազատ արձակել նոյեմբերի 7-ի հանրահավաքից հետո կալանավորվածներին, փոխել ընտրական համակարգը, ընտրական վեճերը հարթելու նպատակով ստեղծել նոր մարմին, որտեղ ներկայացված կլինեն նաեւ ընդդիմադիր ուժերը, ինչպես նաեւ՝ վերանայել Վրաստանի Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն կարգավորող մարմնի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը: Բացի այդ, վրացական իշխանություններն առաջարկում են խորհրդարան անցնելու համար կուսակցությունների առջեւ դրված 7 տոկոսի արգելքը մինչեւ մարտ սահմանադրական փոփոխությունների միջոցով հասցնել 5-ի: «Այսպիսով, իշխանությունները պատրաստ են ընդառաջ գնալ եւ համաձայնության գալ ընդդիմության առաջ քաշած 17 պահանջներից մեծ մասի շուրջ»,- հայտարարել է Բուրջանաձեն` կոչ անելով ընդդիմությանը՝ ստորագրել իշխանության առաջարկած հուշագիրը: Սակայն ընդդիմությունը ներկայացված փաստաթուղթը որակել է՝ որպես «ցինիզմ», եւ կտրականապես բացառել է դրա շուրջ համաձայնության գալու հնարավորությունները: Ընդդիմության ներկայացուցիչ Զվիադ Ձիձիգուրին վստահեցրել է, որ մտադիր չեն հրաժարվել բողոքի ցույց անցկացնելու ծրագրից: «Ես ձեզ հավատացնում եմ` ժողովուրդը կգա, կլինի հզոր ցույց, կլինի այն, ինչից նրանք այդքան վախենում են: Մենք ժամանակ չունենք նրանց հետ սեթեւեթելու համար: Բայց մենք ունենք հստակ պարտավորություններ, որոնք ստանձնել ենք ժողովրդի առջեւ, եւ պատրաստվում ենք ներկայացնել` որոնք են այս ստախոս իշխանություններից ազատվելու ուղիները»,- ասել է Ձիձիգուրին: Իսկ երեկ երեկոյան ընդդիմությունը նոր վերջնագիր է ներկայացրել իշխանություններին. եթե պահանջները չկատարվեն, փետրվարի 22-ից ամբողջ երկրում կսկսվեն հացադուլի ակցիաներ: «Փետրվարի 16-ին եւ 17-ին սկսվում է կամավորների մոբիլիզացիան: Նրանց մի մասը կմասնակցի հացադուլի ակցիային, իսկ մյուս մասը կապահովի նրանց անվտանգությունը»,-հայտարարել է Միավորված ընդդիմությունից նախագահի նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն: Նա նշել է, որ կամավորների մոբիլիզացիան անցկացվելու է ամբողջ երկրում, եւ փետրվարի 22-ին ամբողջ Վրաստանում կսկսվեն հացադուլի ակցիաներ: «Հաջորդ ուրբաթ օրվանից ամբողջ Վրաստանը կվերածվի վրանների երկրի, իսկ ակցիաները կշարունակվեն մինչեւ լիակատար հաղթանակ»,- ասել է Գաչեչիլաձեն: