Մեր հասարակության Նարեկը

18/02/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

17-ամյա Նարեկի հոգում այնքան կռիվ կա, որ նա ուզում է գնալ բանակ: Բայց քանի որ ժամանակ առ ժամանակ հոգեկան հավասարակշռությունը կորցնում է` նրան զինվորական ծառայության ուղարկելն անթույլատրելի է:

«Ուզում եմ գնամ, որ էդ աֆիցերների, գողականների հախից գամ»,- ասում է երիտասարդն, ով մեր իրականության անարդարություններից այնքան է տուժել, որ բոլորի մեջ թշնամի է տեսնում: Նարեկն իրեն այնքան անպաշտպան ու անապահով է զգում, որ ներքին թուլությունը թաքցնելու համար չար մարդու դիմակ է հագել ու արտաքուստ ագրեսիվ տպավորություն է թողնում: Հարեւաններն ասում են, որ բակում միջադեպեր է սարքում, վիճաբանությունների մեջ է մտնում, իսկ երբ գիտակցությունը սթափության նշույլներ է ցույց տալիս` արարքների համար մեղքի զգացումից երակներն է կտրում, ինքն իրեն չի ներում: Վարդաշենի հանրակացարանի սենյակներից մեկում ապրող Նարեկն իր հասակակիցներից ոչ մի արտառոց բանով չէր տարբերվի, եթե մի քանի ամիս առաջ Սեւանի մայրուղում տեղի ունեցած վթարի ականատեսը չլիներ: Սեւան-Երեւան ավտոճանապարհին Նարեկն ու ընկերը մեքենայով ուր որ է հայտնվելու էին բեռնատար մի մեքենայի անիվների տակ. բարեբախտաբար դա տեղի չի ունեցել, սակայն մահվան շոկը նրա մեջ սարսափելի վախի զգացում է թողել: Այս դեպքից հետո խաթարվել է նրա հոգեկան աշխարհն, ու նրա մոտ պարբերաբար աննորմալ երեւույթներ են նկատվել: Նարեկը կարծում է, որ բեռնատար մեքենան իրենց վրաերթի է ենթարկել, իսկ մայրն ասում է, որ շոկից նա երեւակայում է: Մայրը` Անահիտը, որդու մասին խոսելիս այնպես է ջղաձգվում, որ թվում է, այս կնոջ գլխավերեւում աշխարհը փուլ է գալիս: Ասում է` Նարեկը դրսում վիճաբանություն է սարքում, որովհետեւ կարծում է, թե իրեն ծաղրում են, իր մասին բամբասում, ռեպլիկներ են անում: Անահիտը բոլորին հասկացնում է, որ տղայի հետ կատարված դժբախտությունը կարող էր յուրաքանչյուրի հետ պատահել: «Հարեւաններն ասում են, թե Նարեկն ինձ վատ խոսքեր է ասում, ու ես գետինն եմ մտնում, բայց ես գիտեմ, որ տղաս դա գիտակցաբար չի անում: Նարեկը հետս կռվում, վիրավորում է, բայց հետո ասում է` մա՛մ, մի՛ նեղացի, դու գիտես, չէ՞, որ ես քեզ շատ եմ սիրում»,- ասում է Անահիտն, ում խոստովանությունն այնպես է խոցում Նարեկին, որ ամոթից գլուխը կախում ու անշարժացած երկար լռում է: Նարեկին ասում եմ` «Բայց գիտե՞ս, դու խելացի մարդու տպավորություն ես թողնում, ինչի՞ ես կռիվներ սարքում, երակ կտրում»: Իր մասին հավանաբար առաջին անգամ դրական խոսքեր լսելուց հետո անակնկալի եկած Նարեկն ասում է. «Եսիմ, ախր շատ եմ ներվայնանում, շատ-շատ, ինձ չեմ կարում զսպեմ, ես ներվային եմ: Երբ հետեւիցս խոսում են` ես չեմ կարում ինձ տիրապետեմ, ներվայնանում եմ»:

42 տարեկան Անահիտի ներաշխարհը հասկանալու համար առնվազն պետք է 16 տարի միայնակ երեխա մեծացնել ու տղայիդ 17 տարեկան հասակում գիտակցել, որ զուտ պատահականությամբ երեխադ դարձել է հոգեկան հիվանդ: Անահիտն իրեն չի ներում, որ իր 17 տարեկան որդին ներսի բարկությունը բավարարելու համար երակներն է կտրում: Ժամանակ առ ժամանակ Նարեկն ուզում է կյանքին վերջ տալ: Անահիտը որդուն ստիպում է, որ վերնաշապիկը բարձրացնի ու ձեռքերի սպիները ցույց տա: Անահիտն իրեն չի ներում, որ այլեւս ուժ չունի որդուն ոտքի կանգնեցնելու, նրա համար զոհաբերություններ անելու համար: «Ես շատ հիվանդ եմ, կանացի վիրահատություն եմ տարել, լրիվ օրգաններս հեռացրել են, ստամոքսի խոց, էրոզիա, սրտի հիվանդություն, ախր ո՞ր մեկն ասեմ ձեզ: Աշխատում էի, բայց, քանի որ ծանր գործ էր, չկարողացա, դուրս եկա»,- ասում է Անահիտն, ով իրենց սենյակի փոքրիկ սեղանին ծամոն, լուցկի եւ մի քանի մանր-մունր բաներ է դրել, որ դրանց վաճառքից մի 10 դրամ եկամուտ ունենա: «Էստեղ էլ բոլորն անապահով մարդիկ են, էդ ի՞նչ պիտի ծախեմ, որ եկամուտ ստանամ: Հացի փող էլ չեմ հանում: Նարեկին մի բանով կերակրելու համար՝ պարտքեր, պարտքեր… հոգնել եմ արդեն»,- ասում է նա:

Նարեկն Ավանի հոգեբուժական դիսպանսերում բուժվել է, ախտորոշել են` սոցիալական վարքի խանգարում, մթագնածություն հիվանդությունները: Ներկայումս դեղորայք է ընդունում, ինչի պատճառով իրեն անհամեմատ հանգիստ է զգում: «Հիվանդանոցից դեղորայքն անվճար են տրամադրում, ինչպես հարկն է հետեւում են, բայց հասկանո՞ւմ եք, մեր էս աղքատությունից վիճակը գնալով վատանում է: Ամաչում եմ ասել, բայց օրերով հաց չենք ունենում ուտելու: Սոված փորին դեղերը խմացնում եմ, թուլանում, ընկնում ա տեղաշորին: Ոնց որ անգիտակից վիճակում լինի: Ընդհանրապես էդ հոգեմետ դեղերը շատ ուժեղ դեղեր են, պետք ա լավ սնվի, նոր խմի, բայց, եթե նույնիսկ ցամաք հաց չենք ունենում՝ ի՞նչ անեմ: Ինչ հնարավոր ա՝ անում եմ, որ իրան մի քիչ լավ զգա, բայց զգում եմ, որ էլ չեմ կարում, էլ չեմ դիմանում, հոգնել եմ: Հարեւանները երեսովս են տալիս Նարեկի վիճակը, ախր ասում եմ` արժե՞, որ իմ ցավի վրա ցավ եք ավելացնում: Ձեռքբերովի հիվանդությունն ահավոր ա, թշնամուս էլ չեմ ցանկանա: Բնածինն ուրիշ ա, հաշտվում ես, բայց ձեռքբերովին ահավոր վիշտ ա»,- անզորությունից լաց լինելով՝ իրենց վիճակը նկարագրում է Անահիտը: Նարեկը չարացած է, որովհետեւ իր հասակակիցներն աշխատում, իրենց մայրերի կարիքները հոգում են, իսկ իր նմանները մեր երկրում դատապարտված են գործազրկության: Չարացած է, որովհետեւ իր հասակակիցները լավ «պապաներ» ունեն, որոնք ամեն ինչ անում են, որ իրենց երեխաներն առողջ հոգեկան աշխարհ ունենան, իսկ իր մայրն այնքան է հոգնել, որ չի կարող լավ պապայի ու լավ մամայի առաքելություն կատարել: Նարեկը չարացած է, բայց, երբ ասում եմ` «Ես գիտեմ, որ դու չար չես», մի տեսակ շփոթվում ու հավատում է ինձ: Նարեկը չարացած է, բայց չարացել է մեզնից յուրաքանչյուրի աննրբանկատ վերաբերմունքից:

Նարեկն ասես երկու մարդ լինի, մեկն այն Նարեկն է, որի մեջ մենք հիվանդ ենք տեսնում, իսկ մյուսն այն մարդն է, որի մեջ, եթե ցանկանանք, տեսնում ենք առողջ ու մեզնից ոչ մի բանով չտարբերվող մարդ: Ուրեմն` հավանաբար Նարեկին մենք ենք չարացնում: