Արմատականը ես եմ

18/02/2008

Երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հրավիրված ասուլիսում խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ ասել է. «Իմ կարծիքով, լարվածությունն այնքան կշիկանա, որ մենք ստիպված կլինենք, պատկերավոր ասած՝ բարիկադների դեմ առնել: Քանի որ ես վստահ եմ, որ ՀՀ-ում ընտրություններ բառիս բուն իմաստով չեն կայանում, պիտի կարողանանք պահել այն քվեները, որ փաստացի կստանա համաժողովրդական շարժման առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը, իսկ հետո նկարված թվերի դեմ այնպիսի համաժողովրդական ալիք բարձրացնել, որպեսզի հաղթանակը հստակ ամրագրվի»: Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյան-Դմիտրի Մեդվեդեւ հնարավոր հանդիպման մասին ՀՀ-ում ՌԴ դեսպանության հերքմանը, Ա. Կարապետյանը երեկ ասել է, որ ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է. «դա կայացած փաստ է»: ՆԺԿ նախագահն անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալու հարցին, ասել է. «Ես չեմ կարծում, որ ՕԵԿ-ը համաժողովրդական շարժման թափին մեծ հարված կհասցնի, որովհետեւ ժողովրդի մեջ ՕԵԿ-ը չի ընկալվում որպես արմատական ընդդիմություն. արմատական ընդդիմություն համարվել է «Հանրապետություն» կուսակցությունը, «Իմպիչմենտը», ահավոր արմատական ՆԺԿ-ն»: