Հիշեցրել է

15/02/2008

Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ընտրվելը ժողովրդի ընտրության լավագույն տարբերակը կլիներ Հայաստանի նախագահական ընտրություններում: «Անձամբ ես չեմ թաքցնում, որ, ըստ իս, Հայաստանի ժողովուրդը ճիշտ կվարվի, եթե աջակցի Սերժ Սարգսյանին: Նա ստուգված մարդ է, բարձր պաշտոններ է զբաղեցրել եւ արդեն պատրաստված է բարձրագույն պաշտոնում աշխատելու համար»,- ասել է նա:

Ռիժկովը կարծիք է հայտնել, որ Սարգսյանը չի քանդի Ռուսաստանի հետ հաստատված տնտեսական ու քաղաքական կապերը, հումանիտար հարաբերությունները: Ռուսաստանցի սենատորը նաեւ նշել է, որ ՀՀ նախագահի մյուս թեկնածուներից գիտի միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը, Ռիժկովի խոսքով, իրեն մեղադրել է Հայաստանի ատոմակայանը փակելու համար: «Ճիշտ է, փաստաթղթերը ես եմ ստորագրել, դրանք ոչ թե հանրապետական, այլ միութենական ձեռնարկություններ էին: Բայց Տեր-Պետրոսյանը չի խոսում մեկ այլ բանի մասին, հավանաբար մոռացել է, որ այն ժամանակ նա եւ նրա մարդիկ ամեն ինչ անում էին այդ ձեռնարկությունները կանգնեցնելու համար: Եվ Հայաստանի նախկին ղեկավարությունը դիմել էր մեզ ձեռնարկությունները փակելու համար»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը: «Եթե, Աստված մի արասցե, այդ մարդը դառնա Հայաստանի ղեկավար, ապա, իհարկե, Ռուսաստանի հետ չեն լինի այնպիսի հարաբերություններ, ինչպիսին այժմ են»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամը: