Հունվարի 11-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի` ՀՀ նախագահական ընտրություններում արտերկրի դերակատարման եւ ազդեցության մասին հարցին, ասել էր, որ ինքը դրսից տղա չի բերելու, ոչ Ռուսաստանից, ոչ Միացյալ Նահանգներից, ոչ Եվրոպայից. «Ես դրսի աջակցության կարիքը չունեմ: Դրսից ինձ տրված իշխանությունը պետք չէ: Եթե սկուտեղի վրա ինձ իշխանություն բերեն Ռուսաստանից կամ Ամերիկայից կամ որեւէ այլ տեղից, ես այդ սկուտեղի վրա մի հատ էլ ծաղիկ կավելացնեմ ու կվերադարձնեմ իրենց»: Քարոզարշավի ավարտին, ընտրություններից մեկ շաբաթ առաջ, սակայն, Լ. Տեր-Պետրոսյանը մեկօրյա այց կատարեց Մոսկվա: Թեկնածուի նախընտրական շտաբն այդ օրերին ոչ հաստատում, ոչ հերքում էր այդ մասին լուրը, եւ միայն օրվա վերջում այն հաստատեց թեկնածուի նախընտրական շտաբի պետը: Մոսկվայում հնարավոր հանդիպումների մասին առաջին լուրը տարածեց aif.ru-կայքէջը` սակայն շատ զգուշորեն եւ հպանցիկ ակնարկ անելով, թե կարճ զրույց են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՌԴ նախագահի թեկնածու, փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Քիչ անց ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնցում թե ՌԴ քաղաքական գործիչները, թե Մեդվեդեւի ադմինիստրացիան հերքում էին հանդիպման մասին լուրը: Երեկ նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն տարածեց` նշելով, որ դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն չունի: Նրանք խորհուրդ են տվել օգտագործել ռուսաստանյան ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության տարածած նյութն այդ մասին: ՌԴ կառավարությանը մոտ կանգնած մի աղբյուր ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է, որ ՌԴ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները հանդիպումներ չեն ունեցել Լեւոն
Տեր-Պետրոսյանի հետ: Իսկ ահա «Նովիյե իզվեստիա» մոսկովյան թերթը երեկ գրել է, որ Կրեմլի համակրանքը Սերժ Սարգսյանի կողմն է. «Մոսկվան, անշուշտ, հետեւում է ընտրարշավին: Նրա նախընտրած թեկնածուն, ինչպես միշտ, իշխող կուսակցության թեկնածուն է, որի հաղթանակը կարող է ապահովել Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի հաջորդականությունը»,- գրում է թերթը: