Փետրվարի լույս 13-ի գիշերը Լոնդոնում մահացել է վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բադրի Պատարկացիշվիլին, որն առաջադրել էր իր թեկնածությունը հունվարի 5-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում: 52-ամյա միլիարդատիրոջ մահվան լուրը հայտնել են նրա օգնականները եւ Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: Պատարկացիշվիլիի անձնական բժիշկ Զաուր Կիրկիտաձեն հայտարարել է, որ նա երբեք սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Հիշեցնենք, որ 2007թ. նոյեմբերին Վրաստանում կայացած հակակառավարական ցույցերի հետ կապված վրաց իրավապահները նրան հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք էին առաջադրել, որը նա հերքում էր: «Կյանքից նրա հեռանալը մեծ կորուստ է երկրի համար: Ես գիտեմ, որ Բադրին ցանկանում էր լավ շատ բաներ անել Վրաստանի համար»,- ասել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: