Վառ թեկնածուներ

15/02/2008

«Հայաստանում շատ են վառ թեկնածուները, եւ դա շատ դրական գործոն է, որը նպաստում է քաղաքական գործընթացների հանդեպ բնակչության հետաքրքրության աճին»,- «Կոմերսանտ» թերթում տպագրված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի նախընտրական իրավիճակին՝ նման հայտարարություն է արել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։ «Կան, իհարկե, խնդիրներ ԶԼՄ-ների հետ, որոնց վերաբերվում են թեկնածուների հիմնական բողոքները: Այդ բողոքները հիմնովին կուսումնասիրվեն»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը: Պատասխանելով Հայաստանի ընտրական գործընթացներում «ռուսական գործոնի» դերի մասին հարցին, Սեմնեբին ասել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ սերտ կապեր են, սակայն ես չէի չափազանցնի այդ գործոնի ազդեցությունն ընտրողների վրա»: Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակությունը «զերծ է պահում Հայաստանին եւ Ադրբեջանին որեւէ դրամատիկ գործողություններից»: Անդրադառնալով հարցին, թե Կոսովոյի ակնկալվող անկախության կապակցությամբ Ռուսաստանում շատ են խոսում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման մասին, սակայն ընդհանրապես չեն խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, Սեմնեբին նշել է. «Կարող եմ միայն արձանագրել, որ դա լավ է: Գոնե Հարավային Կովկասի մեկ հակամարտություն չի հիշատակում այդ համատեքստում»: Ըստ Սեմնեբիի, այդ իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում ընդհանրապես չկան բանակցություններ, իսկ Ղարաբաղում բանակցային գործընթացը չի դադարում»: «Չնայած հիասթափեցնում է այն, որ այդքան երկար երկխոսությունից հետո Ղարաբաղի հարցի լուծումը դեռ չի գտնվել: Սակայն այնտեղ տիրում է որոշակի հանգստություն, եւ դա հուսադրում է»,- հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: