Նոր տնօրեն

15/02/2008

Աշխատանքային այցով երեկ Սյունիք է մեկնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այցի ընթացքում նախարարն այցելել է Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ՝ ներկայիս «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ: Կոմբինատի աշխատողների հետ հանդիպմանը ներկայացվել է նաեւ ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Վերջինս խոստացել է ամեն ինչ անել կոմբինատի գործունեությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ըստ Արամ Հարությունյանի` նախարարությունը սերտորեն համագործակցում է կոմբինատի հետ, ինչի արդյունքում այսօր լուրջ խնդիրներ չկան: Լուծվել է նաեւ պոչամբարի հարցը: Արդեն պատրաստ է Գեղանուշի նորակառույց պոչամբարը, որը կշահագործվի մոտ ժամանակներս: Նորանշանակ տնօրենի հետ առաջիկայում կքննարկվի մասնավորապես կոմբինատի պաշարների վերահաշվարկման հարցը, ինչը չի արվել վերջին 25 տարում: ՓԲԸ-ի ղեկավարությունը խոստացել է 2008-2009-ին կրկնապատկել ընկերության արտադրական ծավալները, ինչի համար անհրաժեշտ կլինի տեխնիկական վերազինում: