Միավորվելու պատճառը

15/02/2008

«Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը երեկ «Փաստարկ» ակումբում ավելի մանրամասն ներկայացրեցին, թե ինչու են սատարելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Իսկ մինչ մեկնաբանելը բանախոսները դատապարտեցին երկու օր առաջ «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի որդի Քրիստ Գասպարյանին ծեծի ենթարկելու միջադեպը՝ սթափության կոչ անելով ընտրարշավի բոլոր մասնակիցներին: Նշենք, որ ԺՈՒԿ-ն այս ընտրություններում սատարում է Լ.Տեր-Պետրոսյանին, իսկ Ք.Գասպարյանը ներգրավված է նրա նախընտրական շտաբի աշխատանքներում:

Իսկ ինչո՞ւ է «Ժառանգությունը» սատարում Լ. Տեր-Պետրոսյանին եւ ոչ թե Արթուր Բաղդասարյանին կամ Վազգեն Մանուկյանին: «Մենք գտնում ենք, որ Հայաստանին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, եւ հուսով ենք, որ Տեր-Պետրոսյանը կիրականացնի այդ փոփոխությունները: Մեր կողմնորոշումը բխում է նաեւ Սերժ Սարգսյանի շահերից: Նա նույնպես համակարգային փոփոխությունների կոչ է անում: Շրջելով մարզերում՝ Ս. Սարգսյանն ասում է, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ եւ արդար ընտրված նախագահ: Դրա համար պետք է իշխանության գան մարդիկ, ովքեր գիտեն երկիր կառավարել»,- ասում է տիկին Բախշյանը: Բացի այդ, ըստ բանախոսների` Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ կապված իրենց պատկերացումները հիմնականում համընկնում են Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներին: Աջակցելու մասին հայտարարությունից հետո «Ժառանգությունն» արձագանքներ է ստանում իր անդամներից, որոնց մեծ մասը ողջունում է կուսակցության որոշումը: Իհարկե, կան նաեւ ընդվզողներ, ովքեր ցանկացել են, որ «Ժառանգությունը» միանա ընդդիմադիր մեկ այլ թեկնածուի: Սակայն, ինչպես Ս. Սաֆարյանն է նշում, դժգոհողները քիչ են: Բանախոսները նաեւ վստահ են, որ այս ընտրությունները չեն կարող մեկ փուլով ավարտվել, այդ պատճառով էլ նորից են կոչ անում, որ ընդդիմադիր թեկնածուները միավորվեն: «Ժառանգության» պատգամավորները երեկ անդրադարձան ամենատարբեր հարցերի: Ս. Սաֆարյանի խոսքերով` իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում ունեցած իր տեղերն ինքնահոսի է թողել: «Ժառանգությունը» ԿԸՀ-ի մեղքով այս ամիսների ընթացքում չի կարողացել ապահովել բավարար քանակությամբ լիցենզավորված անձանց պատրաստումը: Մենք անգամ հորդոր ենք ուղղել ԿԸՀ նախագահին, որպեսզի նա լրացուցիչ դասընթացներ կազմակերպի: Մենք կանխավ չենք ունեցել այդ լիցենզավորված անդամների կազմը, որ բավարար լիներ միայն մեր ուժերով հանձնաժողովները ձեւավորել»,- ասում է Ս. Սաֆարյանը եւ ավելացնում, որ ընտրությունների ընթացքը վերահսկելու համար իրենք կհամագործակցեն ընդդիմադիր մյուս ուժերի հետ:

Բանախոսներն անդրադարձան նաեւ հանրահավաքում հրապարակված Մեղրիի փոխանակման տարբերակի ու «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված հարցերին: «Ես պետք է ասեմ, որ որպես ՀՀ քաղաքացի՝ երեկ սարսափեցի «Շանթ» հեռուստաընկերությունով ԱԳ նախարարի արտահայտություններից: Դրանք ինձ մոտ առաջացնում էին որոշակի կասկածներ: Վ. Օսկանյանը երեկ հայտարարեց, թե 2000թ. Մեղրիի փոխանակման տարբերակի համար այնպիսի պատասխան է տրվել, որից հետո դա այլեւս չի քննարկվել: Ես այդ պահին վերհիշեցի Վ. Օսկանյանի հայտարարությունը, թե «մինչեւ 2000թ. Մեղրիի տարբերակ ընդհանրապես չի քննարկվել»: Իսկ այսօր արդեն նախարարը խոստովանում է, որ Մեղրիի տարբերակը քննարկվել է մինչեւ 2000թ.: Մինչդեռ այդ փաստը հերքում էին: Ես դեռեւս «Հոկտեմբերի 27»-ի չորրորդ տարելիցին նվիրված հանրային քննարկումներից մեկի ժամանակ զեկույց ընթերցեցի, որը բացառապես հիմնված էր ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության տեքստի վրա: Առաջ էի քաշել այն վարկածը, թե ԼՂ բանակցությունները վարող ՀՀ նախագահը այնպիսի մեծ արկածախնդրության մեջ է ներքաշվել եւ քաշել երկիրը, որ «Հոկտեմբերի 27»-ը դարձավ դրանից խուսափելու կանխարգելիչը: Այո, Տեր-Պետրոսյանին աջակցելու մեր դիրքորոշման վրա ազդել է նաեւ Մեղրիի վերաբերյալ փաստաթուղթը: Մենք այլեւս չենք վստահում այսօրվա բանակցային գործընթացին եւ գտնում ենք, որ այն Հայաստանի համար արկածախնդրության տարրեր է պարունակում»,- ասում է Ս. Սաֆարյանը:

«Հոկտեմբերի 27»-ի մասին բավականին երկար խոսեց Ա. Բախշյանը, ով սպանված Յուրի Բախշյանի այրին է: Նա Մեղրիի փոխանակման խնդիրը չկապեց այդ ոճրագործության հետ, սակայն ասաց, թե մինչ այդ օրը ինքը, Ռիմա Դեմիրճյանը, տիկին Գրետան տրամադրությունների անկում են նկատել իրենց հարազատների մոտ: «Այս տարիներին ամեն ինչ անում են, որ «Հոկտեմբերի 27»-ը մոռացության մատնվի: Ոչ մի տարելիցի, բացառությամբ՝ առաջինի, չկազմակերպեցին հիշատակի միջոցառումներ: Ինչ էլ որ եղել է, մեր ուժերով ենք արել: Եթե ձեռները ճար լիներ, այդ օրն ընդհանրապես կհանեին օրացույցից: 2 տարի առաջ «Գրանդ հոլդինգի» ղեկավարը հոկտեմբերի 27-ին նշանակել էր փղերի հարսանիքը, որը չկայացավ միայն այն պատճառով, որ հարսնացու փիղը սատկել էր եւ Երեւան չէր հասել»,- ասում է տիկին Բախշյանը: